Ուսանողությանը հարցնում ես՝ որո՞նք են Արցախյան պատերազմի պատճառները, չգիտեն

Ուսանողությանը հարցնում ես՝ որո՞նք են Արցախյան պատերազմի պատճառները, չգիտեն

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանի հետ զրուցեցինք «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի՝ վերջին շրջանում աղմուկ բարձրացրած դրույթների, մասնավորապես՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասաժամերը ոչ պարտադիր դարձնելու վերաբերյալ։ Նախ հարցրինք՝ օրենքի նախագիծը քննարկվե՞լ է մասնագիտական հանրության հետ։
«Մասնագիտական հանրության շրջանակներում չի քննարկվել, բայց Բժշկական համալսարանում քննարկվել է, եւ գիտխորհրդին ներկայացվել են օրենքի վերաբերյալ առաջարկներ եւ դիտողություններ։

Այնտեղ ամենակարեւոր խնդիրը, իմ կարծիքով, այն է, որ նոր օրենքի նախագծով նախարարն է նշանակում ռեկտորներ, ռեկտորներն էլ, համապատասխանաբար՝ դեկաններ։ Այսինքն՝ խախտվում է ակադեմիական ազատության եւ ինքնուրույնության սկզբունքը, որովհետեւ ժողովրդավարության պայմաններում նաեւ բուհում պետք է ընտրությունների միջոցով ընտրվեն ե՛ւ բուհի ղեկավարը, ե՛ւ ֆակուլտետների ղեկավարները։ Երկրորդ հակասությունը, իմ կարծիքով, դարձյալ նախարարության կողմից կառավարման խորհրդի կազմի ընտրության հետ է կապված, երբ 6 հոգի նշանակվում են նախարարության կողմից, մնացածը՝ բուհի կողմից, այսինքն՝ այստեղ նույնպես նախարարությունը փորձում է իր գերակա դիրքերն ամրապնդել, եւ դա հակասում է բուհի ներքին ինքնուրույնության սկզբունքներին»,- պատասխանեց Մելիքյանը։

- Նախարարությունն ասում է, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները 12 տարի դպրոցում սովորում են, եւ ոչ մասնագիտական ուսումնական հաստատություններում դրանց դասավանդումը պարտադիր չէ։ Ինչպե՞ս կհիմնավորեք, որ այս առարկաների դասավանդման անհրաժեշտությունը բուհում կա։

- Սկսենք նրանից, որ ավագ դպրոցի վերջին 2 տարին աշակերտությունը, փաստորեն, պարապուրդի է մատնված։ Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ վերջին տարին միայն իրենց մասնագիտական առարկաներն են պարապում՝ բուհ ընդունվելու համար։ Ինչ վերաբերում է նշված առարկաներին, ապա ասեմ, որ կրկնության խնդիր չկա, որովհետեւ մենք անցնում ենք «Հայոց պատմության հիմնահարցեր», եւ ես մշակել եմ նոր ծրագիր, առարկայի անվանումն էլ ենք փոխում եւ բովանդակությունը, որը ես արդեն ներկայացրել եմ ղեկավարությանը եւ հույս ունեմ, որ ռեկտորի հետ հանդիպման ժամանակ նաեւ այս առաջարկը կարվի, առարկան կկոչվի «Հայոց պատմության հիմնահարցեր»։ Ընդամենը մի քանի կարեւոր, արդիական խնդիրների վերաբերյալ ուսանողությունը, որը մեր ապագա հանրությունն է, տեղյակ կլինի, ավելի խորացված մակարդակով ուսուցում տեղի կունենա։ Ինչ վերաբերում է դպրոցին, ապա ես էլ ունեմ իմ դժգոհությունները՝ մեր դպրոցական դասագրքերի հետ կապված։ Կարեւոր հանգամանքներից մեկը, որ այսպիսի սրությամբ դրվում է, նաեւ դպրոցական դասագրքերի խնդիրն է։ Գաղտնիք չէ, որ 90-ականներից սկսած՝ դասագրքերը հարմարեցվել են ընդունելության քննություններին, այնքան են բարդացվել անուններով ու փաստերով, որոնք պարզապես հակակրանք են առաջացնում աշակերտության մեջ։ Այդ խնդրին առնչվել եմ ե՛ւ աշակերտության կողմից բողոքների, ե՛ւ ուսուցիչների դժգոհությունների տեսքով։ Սա շատ կարեւոր է՝ աշակերտները բուհ ընդունվելու համար «Հայոց պատմություն» առարկան հանձնելուց հետո ուղղակի պատռել եւ շպրտել են դասագրքերը, որպեսզի այլեւս չանդրադառնան դրան։ Դասագրքերը պետք է անպայման թեթեւացվեն, ծրագրային փոփոխություններ լինեն, ավելի հետաքրքիր դառնան, մտածել տան։ Այդ բացը բուհում ենք մենք այսօր լրացնում։ Պարզ է, որ Բժշկական համալսարանում ուսանողները պատմաբաններ չեն դառնալու, բայց մեծապես հետաքրքրված են շատ արդիական խնդիրներով։ Օրինակ՝ ուսանողությանը հարցնում ես, թե որոնք են Արցախյան պատերազմի հիմնահարցի պատճառները, չեն կարողանում պատասխանել։ Ո՞րն է Հայոց ցեղասպանության պատճառը՝ չգիտեն։ Միայն անուններ, թվեր սերտելով՝ հնարավոր չէ մեր ուզած ապագա, լայն աշխարհայացք ունեցող քաղաքացի ձեւավորել։ Հայրենասիրության խնդիրն էլ է շատ կարեւոր, բայց ես դա առայժմ 2-րդ պլանի վրա եմ դնում։ Ուզում եմ այն բանի մասին խոսել, որ մեր 2 նախարարներն էլ՝ ե՛ւ ԿԳՄՍ, ե՛ւ առողջապահության, ասացին, որ սա ընդամենը մի քանի դասախոսների ժամերի խնդիր է։ Մի քանի դասախոսի մասին չէ խնդիրը՝ տասնյակ բուհերում այդ առարկաները դասավանդվում են, եւ այդ դասախոսների թիվը 100-ից անցնում է, բայց խնդիրը դա չէ, խնդիրը սոցիալական է։ Լավ, ԿԳՄՍ նախարարությունում, որը 4 նախարարություն է ներառում, այլ կարեւոր բարեփոխումներ ու խնդիրներ չկա՞ն, կրթության բարեփոխումը կապվում է միայն «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների կրճատման կամ հանման հե՞տ։ Սա ժամանակավրեպ մոտեցում է եւ չի բխում ազգային մտածողության շահերից։ Այդ մի քանի ժամերի կրճատումը, ի վերջո, շարունակություն կունենա՝ անպայման հարվածելու է պատմագիտությանը, մեր երիտասարդության շրջանում կորելու է հետաքրքրությունը պատմական գիտության, լեզվի եւ գրականության հանդեպ։

- Բայց ակնհայտ է, որ բնագիտական ուղղվածության հաստատություններում պետք է այս առարկաների դասավանդումն այլ կերպ լինի։ Կոնկրետ Բժշկականում ինչպե՞ս է կազմակերպվում դասավանդումը։

- Շատ կարեւոր հարց է։ Օրինակ՝ Հայոց լեզվի ամբիոնում շատ կարեւորվում են բժշկական մասնագիտական դասագրքերի թարգմանության խնդիրն ու տերմինոլոգիայի հարցը, որն անմիջապես կապված է հայոց լեզվի իմացության հետ։ Հետո՝ Բժշկական համալսարանն ունի մի առանձնահատկություն․ այստեղ արտասահմանցի բազմաթիվ ուսանողներ են սովորում՝ արաբ, իրանցի կամ հնդիկ ուսանողներ, եւ մեր սփյուռքահայ ուսանողները՝ տարբեր գաղթօջախներից, այդ թվում եւ՝ Ջավախքից, հայոց լեզվի ուսուցման կարիք ունեն։ Գաղտնիք չէ, որ Ջավախքում հայ երիտասարդությանը հայերենի եւ հայոց պատմության դասավանդումը բավարար չէ։ Եվ վերջապես՝ ի՞նչն է խանգարում, որ այս առարկաները որոշակի փոփոխություններով շարունակեն դասավանդվել։ Մի քիչ գուցե կոպիտ հնչի, բայց մեր ուսանողներից շատերը գործնական պարապմունքի ժամանակ նորմալ հայերեն նախադասություններ չեն կարողանում ձեւակերպել, հայերեն խոսել չգիտեն։ Դպրոցը պետք է կայանա, բոլոր խնդիրները լուծվեն, որ պատրաստված կադրը, մտնելով բուհ, ստանա բուհական կրթություն։ Եվ վերջապես՝ մեր հաստատությունները համալսարաններ են կոչվում, իսկ համալսարանական կրթությունը ներառում է նաեւ հումանիտար եւ հասարակագիտական կրթություն։ Օրինակ՝ փիլիսոփայությունն ինչ-որ չափով դպրոցում է դասավանդվում, «Հասարակագիտություն» առարկայում կան սոցիոլոգիայի, քաղաքագիտության բազմաթիվ խնդիրների լուսաբանումներ, ինչո՞ւ չի բարձրանում այդ խնդիրը։

- Ի՞նչ եք կարծում՝ այս պայքարը, դասադուլ-գործադուլներն արդյունք կտա՞ն, նախարարությունը կլսի՞ մարդկանց կարծիքը։

- Մեր կառավարությունն անպայման պետք է լսի հանրության եւ մասնագետների առաջարկները, որոնք կարծրացած չեն։ Անձամբ ես կարծում եմ, որ մենք էլ բարեփոխումների կարիք ունենք եւ արդեն ամբիոնի նիստում քննարկել ենք, որ բովանդակային առումով լուրջ քննարկումներ պետք է լինեն։ Ես դեմ եմ հարցի քաղաքականացմանը․ անընդհատ ընդգծվում է, որ պայքարը կազմակերպվել է ՀՅԴ երիտթեւի կողմից, այդպես չէ․ առաջին որոշումներն ընդունվել են մասնագիտական գիտխորհուրդներում՝ ԵՊՀ-ի, մանկավարժականի, ԳԱԱ պատմության ինստիտուտի, որոնք, բացի մեզ վերաբերող խնդիրներից, անդրադարձել են օրենքի բազմաթիվ թերությունների, այդ թվում՝ ԳԱԱ-ի վերաբերյալ առանձին օրենք չունենալուն, «Կրթության եւ գիտության մասին» օրենքում ակադեմիային ընդամենը 11 տող հատկացնելուն եւ այլն։ Բոլորովին անհայտ եւ անորոշ է գիտությունը բուհեր տեղափոխելու խնդիրը։ Դա լավ գաղափար է, աշխարհում ընդունված է, բայց կան նաեւ եվրոպական զարգացած երկրներ, որտեղ ակադեմիաները շարունակում են իրենց գոյությունը։ Վրաստանի օրինակը ցույց տվեց, որ նրանք ձախողել են՝ իրենց գիտությունը բուհեր տանելով, եւ քայլեր են ձեռնարկում նորից ինչ-որ վերակառուցումներ անելու եւ փրկելու ուղղությամբ։

- Խոսվում է, որ հայոց լեզուն Հայ գրականությունն ու պատմությունը կրճատվում են արեւմտյան ապազգային ուժերի թելադրանքով, որ Սորոսն է դա ֆինանսավորում, որ հայերին կտրեն իրենց արմատներից։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

- Ես այդ պնդումներն առանձնապես լուրջ չեմ կարող ընդունել, իրավունք էլ չունեմ նման գնահատականներ տալ, մանավանդ ես՝ որպես պրոֆեսիոնալ հայ պատմաբան, երբեք Սորոսի հիմնադրամից չեմ օգտվել եւ չգիտեմ այդ կառույցի գործառույթները։ Այդպիսի կարծիք կա, օրինակներ կան, որ Հունգարիայից Սորոսին վտարեցին, Ավստրիայում մի քանի ամիս ժամկետ է տրված, որ նա հեռանա։ Այսինքն՝ ստացվում է, որ ինչ-որ խնդիրներ կան իրականում, բայց ես այդպիսի դավադրության տեսության կողմնակից չեմ եւ չեմ հավատում, որ այդպիսի հանձնարարական լինի, որ Հայաստանում պետք է հայոց պատմության եւ հայոց լեզվի ժամերը կրճատվեն։ Այս առարկաների նկատմամբ պետք է լինի պետական հոգածություն, որովհետեւ ինչքան էլ անհրաժեշտ է տեխնիկական գիտությունների զարգացումը, որին մենք երբեք դեմ հանդես չենք գալիս, որովհետեւ մեր երկրի անվտանգությունը, պաշտպանությունը, տնտեսական կտրուկ աճը եւ այլն, կապված են կիրառական ճշգրիտ գիտությունների հետ, բայց նաեւ ազգային պետություն շարունակելու ճանապարհին անպայման պետք է ավելի խորացնել հայոց պատմության, լեզվի ուսուցման խնդիրը։

- Ասվում է նաեւ, որ այս առարկաների դասավանդումը թողնում են բուհերի հայեցողությանը։ Ձեր կարծիքով՝ բուհերը ո՞ր ճանապարհով կգնան։

- Բարդ հարցադրում է։ Ճանաչելով մեր բուհի ռեկտորին, իր վերաբերմունքը՝ ես կարծում եմ եւ հուսով եմ, որ առարկան կպահպանվի։ 1990 թվականից դասավանդում եմ Բժշկական համալսարանում, Հայաստանի այլ բուհերում եմ դասավանդել։ Ոչ մասնագիտական բուհում, իհարկե, կա այդ վերաբերմունքը, որ դպրոցում անցնում են, ուրեմն պետք չէ, այսինքն՝ հակվածություն կա առարկայի ժամերը սահմանափակելու։ Ես կարծում եմ, որ սա սուբյեկտիվ վերաբերմունքի խնդիր չէ, այստեղ էլ պետք է միասնական կարծիք ձեւավորվի, մեր բոլոր բուհերի ռեկտորները պետք է գան միասնական կարծիքի։

- Ի՞նչ կլինի այս առարկաները դասավանդող դասախոսների հետ, եթե նախարարությունը հաղթի։

- Եթե դա հաղթանակ կարելի է կոչել, ապա դասախոսները շատ ծանր ֆինանսական խնդիրներ կունենան, մեր իշխանություններն ինչպե՞ս պետք է փոխհատուցեն, ինչպե՞ս պետք է աշխատանքով ապահովեն։