Խորհուրդ ենք տալիս մնան տանը, որովհետև ճանապարհներին վտանգավոր է․ Նորիկ Գևորգյան

Խորհուրդ ենք տալիս մնան տանը, որովհետև ճանապարհներին վտանգավոր է․ Նորիկ Գևորգյան

Ուկրաինան գիշերվանից մղձավանջի մեջ է։ Ռուսական զորքերը ռմբակոծում են Ուկրաինայի մի շարք քաղաքներ։ Զորքը մտել է ուկրաինական տարածք, մարդիկ խուճապահար հեռանում են, ուկրաինական զորքը նահանջում է։

Մենք կապվեցինք Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի հետ։ «Այս պահին դեռ հայտեր չունենք՝ օգնության կամ խուճապի։ Կլինեն մարդիկ, ովքեր դուրս են գալիս քաղաքից։ Մենք մնացել ենք ու շատերն են մնացել։ Մենք խնդրում ենք, որպեսզի մարդիկ օգտվեն  միայն պաշտոնական  էջերից և պաշտոնական ալիքներից։ Կապ ունենք նաև եկեղեցու հետ, ունենք թեժ գիծ, և եթե հայտեր լինեն արագ կարձագանքենք։  Ռմբակոծությունները հիմնականում եղել են ռազմական բազաների վրա։ Զոհերի ու վիրավորների մասին, դեռ ստույգ տեղեկություններ չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը։

Մեր այն հարցին՝ եթե թեժանա պատերազմի ընթացքը, հայ համայնքն արդյոք պատրա՞ստ է արագ արձագանքել և կազմակերպել մեր հայրենակիցների տարհանումը, պաշտպանությունը, համայնքի ղեկավարն ասաց․

«Արևմտյան Ուկրաինայում  հայ համայնքի հետ արդեն  համագործակցում ենք, որ ով ուզենա այստեղից դուրս գա, այնտեղ դիմավորեն և տեղավորեն, այդ աշխատանքները բոլորը կատարվում են։ Քարտային համակարգում կա ծրագրային խնդիր՝  բանկեր կան, որ աշխատում են, բանկեր էլ կան՝ ոչ։ Բոլորին խորհուրդ ենք տալիս, որ այս պահին մնան իրենց տներում՝ դուրս չգան, քանի որ առաջին խուճապն է և ճանապարհներին ավելի վտանգավոր է, քան տանը»,-ասաց զրուցակիցս։