«Հայկյանների ու սորոսականների պատերազմը»

«Հայկյանների ու սորոսականների պատերազմը»

                           (ընդվզում են գրողները)

«Գրականություն», «Հայոց լեզու», «Մայրենի» ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի՝ ԿԳՄՍ «մասնագիտական խոհանոցներում» եփվող ապազգային ճաշը, ինչպես բազում-բազմահազար մասնագետների ու շահագրգիռ մարդկանց, դուր չի եկել նաև ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետին, որի օրերս հրապարակած հիմնավոր ու փաստարկված արձագանքը կարծես դառնում է այն միջուկը, որի շուրջ համախմբվում է ընդվզող հանրությունը։ «Հայ բանասիրության ֆակուլտետը հայտնում է իր խոր մտահոգությունը այս ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ, իր անվստահությունն է հայտնում աշխատանքային խմբին և անվերապահ մերժում ծրագրերը»,- ասված է հայտարարությունում։

Փորձագիտական խմբի աշխատանքներին անվստահություն է հայտնվում նրա աղաղակող մասնագիտական անհամապատասխանության պատճառով, իսկ հայտարարությանն այսօր միացել են նաև Լոռու և Շիրակի գրողները։ Այս երկու մարզերի գրողների միության բաժանմունքները, անդամների ճնշող մեծամասնությամբ, ստորագրություններով կոչ են անում ԿԳՄՍ նախարարությանը՝ դադարեցնել նշված փորձագիտական խմբի աշխատանքները, վերակազմել փորձագիտական խումբը և հայոց դպրոցի համար առանցքային նշանակության այդ գործն իրականացնել մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կարողունակ ուժերով։ 

 «Հայկյանների ու սորոսականների պատերազմը նոր չի սկսվել: Մենք աչքաթող արինք ժողովրդավարության քողի տակ սողոսկած լրտեսների մի ողջ բանակ, և այս ամենն այսօր նրանց կողմից մեր ինքնության դեմ սանձազերծված դիվերսիա է: Եվ ինչպես մեր զինվորներն են ետ մղում թշնամու դիվերսանտներին, յուրաքանչյուր ճշմարիտ հայ մտավորականը պարտավոր է զգոն լինել և հակահարված տալ, չթողնել, որ ավերվեն մեր ազգային ինքնության բերդերը: Ցավ ի սիրտ ասում եմ, որ ազգային ջոջերը հովանավորում են այդ մութ ուժերին և մեզ դարձնում աշխարհազոր: Սակայն մեր զենքը փոցխ ու եղան չէ, այլ դարերով մեր կյանքն ու հարատևությունը պահպանած, պաշտպանած մեր պատմության դասերը, մեր գրականությունն ու անաղարտ լեզուն, մեր հավատքը:

Մեզանում խավարածին «լուսավորիչներ» լինել չեն կարող: Նրանց հասկանալի լեզվով ասեմ՝ կծեփենք պատմության գորշ ասֆալտին, ու հավիտյան չեն քերվի նենգադավ համարվելուց»,- խնդրի առնչությամբ մեզ է գրում Հայաստանի գրողների միության անդամ, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը: