ՌԴ-ից «СУ-30 СМ» կործանիչներ ձեռք բերելու պայմանագիրը հարվածի տակ է

ՌԴ-ից «СУ-30 СМ» կործանիչներ ձեռք բերելու պայմանագիրը հարվածի տակ է

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը 2013-2014 թվականներին աշխատել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում՝ որպես սպառազինությունների գծով մասնագետ։

Նա որեւէ կուսակցություն չի ներկայացնում, պատգամավորի թեկնածու չէ եւ ունի սեփական անկախ կարծիքը անվտանգության հարցերում, որոնք քարոզչության այս շրջանում շահարկվում են համարյա բոլոր քաղաքական ուժերի կողմից։ 

- Ամեն օր քաղաքական ուժերն աղմկոտ հայտարարություններ են անում զինուժի վիճակի, բանակում ծառայության մասին։ Ես ուզում եմ Ձեր կարծիքը լսել՝ ճի՞շտ է, արդյոք, ԶՈՒ հարցերը քարոզչության շրջանում այսկերպ բարձրաձայնելը։ 

- Բանակի թեման ամեն գործիչ փորձում է օգտագործել սեփական քվեներն ավելացնելու համար։ Բայց զինուժի հետ կապված ամենակարեւոր, ամենազգայուն թեմաները թե՛ գործող իշխանության, թե՛ նախկինների կողմից երբեք չեն բարձրաձայնվում։ Օրինակ, պարոն Փաշինյանն ասում էր նախկիններին, որ նրանք զինվորին մայկա-տռուսիկով չեն կարողանում ապահովել։ Բայց Փաշինյանի օրոք ադրբեջանական զինված ուժերը Նախիջեւանի սահմանում առաջ են եկել թե՛ չեզոք գոտում, թե՛ հայկական կողմում։ Ես պարզապես փաստն եմ արձանագրում։ 

- Վայոց ձորում էլ, եթե չեմ սխալվում, հակառակորդն առաջ էր եկել․ այդ մասին բարձրաձայնվեց հունիսին, հետո փակվեց թեման։ 

- Իմ սուբյեկտիվ տեսակետն եմ հայտնում՝ պարոն Փաշինյանն արեց էն, ինչում մեղադրում էր իր հակառակորդներին։ Սեփական սխալների մասին խոսելու փոխարեն նա թեման փակում է։ Նույնիսկ հենակետեր էին դիրքավորել Ադրբեջանի զինված ուժերը, որոնք, բառիս բուն իմաստով, թիրախավորում են հայկական դիրքերը եւ գյուղերը։ Եթե քաղաքական գործիչներն իրոք մտահոգ են բանակի խնդիրներով, թող դա ասեն։ Նախկինների ժամանակ 800 հեկտար է կորսվել, գործող իշխանության օրոք առանց մարտի են առաջ եկել։ ՀՀ զինուժը մայիսից այս կողմ ոչ մի սպառազինություն եւ ռազմամթերք չի ստացել։ Ես դա հայտարարում եմ ստույգ տեղեկություններով։ 

- Բայց Փաշինյանը դա հերքեց՝ պատասխանելով ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանին, որը հայտարարել էր, թե 7 ամիս Հայաստան ռազմամթերք չի մտել։ Նա  հայտարարեց, որ մատակարարումը բնականոն ձեւով ընթանում է։

- Դա ամենեւին այդպես չէ։ Մինչեւ իշխանափոխությունը հայկական կողմը «4 СУ-30 СМ» կործանիչներ ձեռք բերելու պայմանագիր էր կնքել, եւ այդ պայմանագիրն այս պահին հարվածի տակ է։ 

- Ինչո՞ւ։

- Որքան ես եմ վերլուծում իրավիճակը՝ ռուսական կողմը հայկական կողմին չի վերաբերվում նախկին վստահությամբ։ Այն ավարտվեց, երբ Յուրի Գրիգորիչ Խաչատուրովին ՀԱՊԿ-ից հետ կանչեցին։ Բացի դա, հիշում եք երեւի, որ Փաշինյանը, դեռ հանդիսանալով ընդդիմադիր պատգամավոր, կոշտ ու բացասաբար էր արտահայտվում թե՛ ռուսական կողմի, թե՛ ՀԱՊԿ-ի մասին։ Ապրիլյան պատերազմի ժամանակ նա նույնիսկ մեղադրում էր ռուսական կողմին դաշնակցին ոչ վայել վերաբերմունքի համար։ 

- Բայց հիմա նա պարբերաբար ընդգծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են։ 

- Ես բառացիորեն մեջբերեմ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Նա Ադրբեջանի դեսպանին ասաց, որ Հայաստանը բարդ ներքաղաքական խնդիրների առաջ է, եւ հայտնի չէ, թե արդյոք կկարողանա՞ գլուխ հանել այդ խնդիրներից՝ «справится Армения с этими проблемами, или нет»: Բացի այս կասկածներից, հայտնի է, որ ՀԱՊԿ-ում կա ներքին գաղտնի խոհանոց, որը բոլորի ականջների համար չէ։ Պարոն Փաշինյանին չեն վստահում, չգիտեն, թե վաղը նա ինչ քաղաքական կուրս է վերցնելու, եւ ոչ ոք չի ցանկանում ռիսկի դիմի եւ ներքին խոհանոցը ներկայացնի պարոն Փաշինյանին։ Ես նույնիսկ լսել եմ, որ ՀԱՊԿ գագաթնաժողովին լրագրողների հետ հանդիպելուց հետո Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Վլադիմիր Պուտինն առանձնացել են ընթրիքի ժամանակ, բայց Փաշինյանին ճանապարհել են լրագրողների հետ։ 

- Այսինքն՝ նրան յուրային չեն համարում։ Բայց դա լավ է, որովհետեւ այդ երկրները մնացել են հին կարգերում, իսկ մեզ մոտ հակակոռուպցիոն հեղափոխություն է եղել։ 

- Ես դա հակակոռուպցիոն տրամաբանության հետ չէի կապի։ Երբ որ ես աշխատում էի զինված ուժերի գլխավոր շտաբում, հավաստիացնում եմ՝ հայ-ռուսական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա էին։ Ես չեմ ուզում հիմա նախկին իշխանությանը գովաբանել։ Բնավ։ Իմ խնդիրը նրանց փառաբանելը եւ ներկաներին փնովելը չէ։ ՌԴ-ն ՀՀ զինված ուժերին այն ժամանակ մատակարարել էր «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը։ Սա ռուսական կողմի բարձր վստահության վկայականն է։ Տեսեք, այդ նույն համակարգերը նրանք Ադրբեջանին չեն վաճառել, չնայած Ադրբեջանը շատ էր ուզում։ Նույն զինատեսակը, ՀՀ-ից բացի, ունի միայն Ռուսաստանի Դաշնությունը, եւ որեւէ այլ երկրի այն չի մատակարարվել։ Հիմա Ալժիրն է բանակցություններ վարում, որ իրեն էլ մատակարարեն։ 

- 7 ամիս է՝ բանակի ղեկավարությունը փոխվել է, բայց սնունդը չի բարելավվել, զինվորի հագուստն էլի տնից են ուղարկում․ այս փաստերը խոստովանել է նաեւ Փաշինյանը։ Սպանությունները բանակում չեն քչացել, դեռ ավելացել են։ Արդյոք 7 ամիսը փո՞քր ժամկետ է գոնե թեթեւ դրական փոփոխություն արձանագրելու համար։   

- Համաձայն չեմ, որ բանակի ղեկավարությունը փոխվել է։ Պաշտպանության նախարար Տոնոյանն այն ժամանակ առաջին փոխնախարարն էր, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Սեյրան Օհանյանի ժամանակ օպերատիվ վարչության պետն էր։ Եթե սա համարենք փոփոխություն, ապա դեպի բացասական է փոխվել։ Սեյրան Օհանյանը պրոֆեսիոնալ զինվորական էր՝ ասում եմ օբյեկտիվորեն։ Ամբողջ կյանքում այս երկրի զինուժի կազմավորման առաջին օրվանից նա մասնակցում է եւ ունի իր անգնահատելի ներդրումը։ Որպես ներքին խոհանոցին ծանոթ, նաեւ սովետական կադր՝ ՌԴ-ի համար նա վստահելի էր։ Նույնը՝ Յուրի Խաչատուրովը։ 

- Դուք աշխատել եք նրա «գենշտաբում», չէ՞։ 

- Ես նրա հետ ո՛չ ազգակցական, ո՛չ ընկերական կապեր չունեմ եւ 2014 թվականից, երբ դուրս եմ եկել համակարգից, նրան չեմ տեսել։ Պրոֆեսիոնալ հատկանիշներով եւ փորձով Արտակ Դավթյանը նրան էապես զիջում է։ Դավթյանը Հայաստանում պատրաստված կադր է, իսկ Խաչատուրովը սովետական զինուժում է պատրաստվել, Աֆղանստան է անցել, որտեղ բարձր պաշտոններ ու դիրքեր է զբաղեցրել։ 

- Բայց նա կոռումպացված համակարգի ներկայացուցիչ է, որի ժամանակ զորամասերում կաշառքն էր ծաղկում, թալանը, զինկոմները փող էին վերցնում ու ազատում բանակից, եւ Փաշինյանը նրան չէր կարող թողնել, քանի որ այս ամենին պատերազմ է հայտարարել։ 

- Խաչատուրովն այն ժամանակ ինտեգրված էր մի մեխանիզմի մեջ, որտեղ քիչ որոշումներ էր կայացնում, որտեղ շարժվում էր հոսանքի ուղղությամբ։ Օրինակ, մեքենայի անվադողերի «պաչեւնիկները» ո՞նց են՝ բոլորը նույն չափի են, որ անիվը շարժվի։ Կամ՝ եթե Խաչատուրովին մեղադրում են նախկին կոռումպացված ռեժիմը ներկայացնելու մեջ, ինչո՞ւ նույնը չեն ասում Դավիթ Տոնոյանին, որն առաջին փոխնախարարն էր եւ զբաղեցնում էր ավելի բարձր պաշտոն, քան Խաչատուրովը, ու Արտակ Դավթյանին։ 

- Այսինքն՝ Ձեր պատասխանն է, որ 7 ամսում չէ՞ր կարող ոչինչ փոխվել։

- Իհարկե, այն, ինչ տարիների ընթացքում արմատավորվել է, 7 ամսում չէր կարող փոխվել։ Ոչ մի առաջընթաց չեմ տեսնում։ 

- Եվ ոչ մի արդիականացում այս պահին չի՞ արվում։ 

- Իհարկե, ոչ։ Այսօր Ադրբեջանի զինված ուժերը Նախիջեւանում տեղակայել են հզորագույն հրթիռային տեխնիկա՝ РСЗО-ի տարբեր տեսակներ (РСЗО - Реактивная система залпового огня), բելառուսական «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգը,  իսրայելական օպերատիվ-տակտիկական LORA համալիրը (LOng-Range Artillery) եւ այլ զինատեսակներ, որոնց հեռահարությունը 50-350 կմ է, լավագույն դեպքում՝ 10 մետր շեղումով։ Իսկ Երեւանի ու Նախիջեւանի միջեւ ուղիղ գծով ընդամենը 45 կիլոմետր է։ Այս զինատեսակները թիրախավորել են ամբողջ Հայաստանը։

- Մի հարց՝ կրկին նախընտրական կոնտեքստից․ որոշ ուժեր, օրինակ, «Մենք» դաշինքը, ծրագրային թեզ են առաջ քաշում՝ պայմանագրային բանակի ստեղծումը։ Քանի՞ պայմանագրային զինծառայող է մեզ պետք արդյունավետ պաշտպանություն ունենալու համար, եւ որքանո՞վ է այսօր այդ թեզն իրատեսական։ 

- 2014 թվականին, երբ ես աշխատում էի ՊՆ-ում, այդ հարցը քննարկվում էր ամենաբարձր մակարդակում։ Ես էլ այն կարծիքի եմ եղել, որ պայմանագրային բանակը, թեկուզ ավելի փոքր թվաքանակով, ավելի որակյալ պաշտպանություն է ապահովում։ Բայց վերլուծություններով ապացուցվեց, որ Հայաստանի պայմաններում դա հնարավոր չէ։ Քանակ չի ապահովվի։ Պայմանագրային ծառայության գնում են նրանք, ովքեր զինծառայությունն ընդունում են որպես մասնագիտություն։ Թուրքիայի բնակչությունը, օրինակ, 80 մլն է, եւ ոնց ուզում է լինի, 200 հազար մարդ կցանկանա ծառայել մասնագիտացված բանակում։ Հայաստանի բնակչությունը փոքր է։ Քանակ երբեք չի ապահովվի։ Մեր զինուժը միշտ ունեցել է պաշտպանական խտություն ապահովելու խնդիր։ Դիրքապահների մեջ հեռավորությունը երբեմն հասնում է մինչեւ 300-350 մետրի։ Այս մասին Սամվել Բաբայանն էլ է խոսում։ 

- Առնվազն քանի՞ պայմանագրային զինծառայող է մեզ պետք։ 

- Որպեսզի այդ ամենը լինի, զինուժի մարդկային քանակն առնվազն երկու անգամ պետք է ավելանա։ Այսինքն՝ մոտ 100 հազար զինծառայող է մեզ պետք։