Մարդիկ պետք է սիտուացիայի զգացում ունենան

Մարդիկ պետք է սիտուացիայի զգացում ունենան

Արցախցիներից շատերին զարմացրել է Նիկոլ Փաշինյան-Դավիթ Բաբայան (Բակո Սահակյանի խոսնակը) բառային փոխհրաձգությունը։ Նրանք նշում են, որ մոտ 2 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը մոտ 5 օր անցկացրել է Արցախում, Բակո Սահակյանի հետ 3 օր անընդմեջ այցելել է դիրքեր, ներկա գտնվել Արցախի քաղաքաշինության նախարարի՝ Ասկերանում հիմնած այգիների բացմանն ու այնտեղ Բակո Սահակյանի հետ հոնի օղի խմել։  

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Բակո Սահակյանին օրերս հորդորեց կարգի հրավիրել իր մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին՝ ասելով, որ տարօրինակ է  Հայաստանի ընտրությունների քարոզարշավին Արցախի իշխանությունների ակտիվությունը: «Ես հարցեր ունեմ եւ դրանք կքննարկեմ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին եւ իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու։ Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Սթափվեք, հարգելինե՛րս, եւ զբաղվեք ձեր աշխատանքով»,- Մարտունիում ասել էր Փաշինյանը:

Մեր արցախյան աղբյուրն ասաց, որ արձակուրդը Փաշինյանը վերցրել էր արդեն Արցախից, բայց թե «հետո ի՞նչ սեւ կատու անցավ մեջները»։ Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն այս առնչությամբ ասաց․ «Այո, Նիկոլ Փաշինյանը մեծ աջակցություն է ցույց տվել Բակո Սահակյանին, եթե չլիներ այդ աջակցությունը, Բակո Սահակյանն ամառվանից կդադարեր պաշտոնավարել, սակայն միեւնույն ժամանակ պետք է պնդեմ, որ Բակո Սահակյանն ու իր շրջապատը մնում են Սերժ Սարգսյանի երդվյալ թիմակիցները, եւ ուղղակի վստահ եմ, որ գործում են Սերժ Սարգսյանի հրահանգով»։ Իսկ մոտիվացիան, ըստ Հայկ Խանումյանի, իրենց թալանելու իրավունքը պաշտպանելն է, քանզի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները վերացրել են ոչ միայն Սերժ Սարգսյանի «թալանելու իրավունքը», այլեւ Բակո Սահակյանի եւ իր թիմակիցների։ Խանումյանի հայացքով՝ Հանրապետական կուսակցության դրդումով են արցախցի պաշտոնյաները ներքաշվել նախընտրական քարոզարշավի մեջ։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, երբ ասում է, որ տարօրինակ կլիներ, որ իր խոսնակն ամեն օր Բակո Սահակյանի որեւէ ասածի վերաբերյալ մեկնաբանություն կամ հարցազրույց տար։ «Էն իմաստով, որ եթե իր խոսնակն Արցախում կատարվածի մասին ամեն օր քոմենթ ու հարցազրույց չի տալիս, ապա բարի եղեք՝ նույնն էլ դուք արեք, տակտ կա, քարոզարշավ է, որ ինչքան ստեղից քիչ խառնվեն, ինձ թվում է՝ այնքան ճիշտ։ Մարդիկ, գիտեք, պետք է սիտուացիայի զգացում ունենան ու իրենց համապատասխանաբար ճիշտ պահեն։ Ամեն դեպքում, եթե դա Հայաստանի իշխանություններին դուր չի գալիս, մանավանդ, որ քարոզարշավ է, չպետք է մասնակցել էդ բաներին ու մանավանդ՝ կրքեր չբորբոքել»,- ասաց Արկադի Կարապետյանը։

Իհարկե, արցախյան հրամանատարը չի կարծում, թե Ղարաբաղից որեւէ հարցի շուրջ չի կարող տեսակետ հայտնվել։ «Ես համարում եմ, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, ինձ էլ է վերաբերում, եւ ես անմասն չեմ կարող դրան լինել, եւ Ղարաբաղի հարցը հայոց հարցն է, մենք հայ ենք, Հայաստանի հայերն էլ հայ են, ու ինչ կատարվում է հայության հետ, մեզ հետաքրքիր է, Հայաստանի հայերն էլ պետք է հետաքրքրվեն, թե ինչ է կատարվում Արցախում։ Բայց միշտ ասել եմ՝ կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստվի։ Եթե, օրինակ, ուրիշ տեղ եք գնում, ձեզ մի ձեւով եք պահում, մտնում եք անտառ՝ ուրիշ ձեւի, մտնում եք ջրի մեջ՝ ուրիշ տեսակ»,- տարբերությունները բացատրեց Արկադի Կարապետյանը։ 

Անուշ ԴԱՇՏԵՆՑ