Չարի վերջը

Չարի վերջը

Մեզանում ամեն ինչ գլխիվայր է շրջված՝ փոխանակ կառավարությունը հրաժարական տա, հրաժարական են տալիս, պաշտոնաթող են լինում տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդիկ՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ, ԲԴԽ նախագահ։ Ճիշտ է՝ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը կարող է առողջացնող դեր խաղալ դատական համակարգի գործունեության առումով։ Մեծ հաշվով, վերեւից եկող հրահանգները կատարող, իր «վզին» շատ բան վերցրած ԲԴԽ նախագահի հրաժարական է սա։ Նման դեպքերում ասում են՝ փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում։ Եթե Ջհանգիրյանը մահակ չդառնար դատական համակարգի գլխին եւ չփորձեր ամեն գնով ի կատար ածել Նիկոլ Փաշինյանի հրահանգը՝ չստիպեր, որ Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տա, ո՛չ այդ ձայնագրությունը կլիներ, ո՛չ իր հրաժարականը։

Անգամ եթե ԲԴԽ անդամ չդառնար, կարող էր կուլիսներում իշխանությունների իրավախորհրդատուն լինել՝ հուշել, թե որ օրենքը ոնց փոխեն, ՍԴ-ում ոնց աշխատեն, Ընտրական օրենսգրքում ինչ սողանցքներ սահմանեն, որ վերընտրվեն, եւ չաղ ու բախտավոր կապրեր։ Իսկ այսպես՝ ասուպի պես փայլատակեց, ապականեց մի ամբողջ կառույց ու հեռացավ դեպի անհայտություն։ Եվ ընդամենը կարելի է զարմանալ, թե ինչ էակներ է երբեմն ծնում մեր ազգը։ Մարդիկ, որոնց, թվում է, բնությունը չի նեղացրել՝ ե՛ւ խելք է տվել, ե՛ւ հնարավորություններ, սակայն նրանք ողջ կյանքում ծառայում են չարին։ Նրանց համար օրենքն ընդամենը միջոց է, որը կիրառում են ըստ նպատակահարմարության։ Չեն խորշում ապօրինի ու վնասակար ոչ մի դերակատարումից, չեն հրաժարվում ոչ մի առաջարկից։ Միշտ պատրաստ են աջակցել վատին, անօրինականին, հակապետականին ու հակազգայինին։ Չունեն ոչ մի սկզբունք ու համոզմունք։ Միշտ գիտակցում են իրենց շահը ու պատրաստ են տրորել հանրային շահը։