Մամուլի Բարեկամները և ոչ այնքան 

Մամուլի Բարեկամները և ոչ այնքան 

Հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր, 1794 թվականի հոկտեմբերի 16-ին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն քահանա Շմավոնյանի խմբագրությամբ լույս տեսավ «Ազդարարի» անդրանիկ համարը։ Մամուլի աշխատանքն առհասարակ կազմակերպվում է լրագրողների, ինֆորմացիա հայտնողների, այլ կերպ ասած՝ աղբյուրների, և այդ ինֆորմացիան ստուգել օգնողների շնորհիվ։ Դժբախտաբար պետական ապարատում լրատվամիջոցների հետ աշխատելու պատասխանատվություն ստանձնած պաշտոնյաներից շատերը իրենց պարտականությունների շրջանակը սխալ են հասկացել և ամեն կերպ փորձում են խոչընդոտել մամուլի աշխատանքը, թեեւ կան այնպիսիք, որ բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը։ «Հրապարակը» որոշեց առանձնացնել մարդկանց, որոնք այս ընթացքում պատշաճ և բարեխղճորեն կատարել են իրենց մասնագիտական պարտականությունները, ժամանակին պատասխանել են մեր հարցերին, չեն անցել իրենց լիազորությունների սահմանները և լրատվամիջոցից «ատչոտ» չեն պահանջել հրապարակված հոդվածի համար։ Բայց հատուկ կնշենք այն խոսնակների անունները, որոնք իրենց «շեֆի» համար վահան դարձած պաշտպանում են այն անձն, որի խոսնակն են, երբեմն ստանձնում նրա դատապաշտպանի դերը։

1. Քննչական կոմիտեի լրատվության վարչության պետ Նաիրա Հարությունյանը այն քիչ խոսնակներից է, որն անմիջապես ընկալում է հարցը, այսինքն՝ չի ձևացնում, որ չի հասկանում եւ հնարավոր սեղմ ժամկետներում տրամադրում է պահանջվող ինֆորմացիան։ Քննչական կոմիտեին վերաբերող նույնիսկ ամենասուր նյութի դեպքում չի չարանում՝ մնալով իր լիազորությունների շրջանակներում։

2. Կառավարության լրատվական վարչության գլխավոր մասնագետ Նանա Զաքարյանը մշտապես աչքի է ընկել լրագրողների հանդեպ հարգալից ու հոգատար վերաբերմունքով։ Վարչապետի պաշտոնական այցերի և այլ միջոցառումների  ժամանակ Զաքարյանը անում է հնարավորը, որ լրագրողները կատարեն իրենց աշխատանքը։ Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է Զաքարյանը վարչապետի անվտանգության աշխատակիցների հետ բանակցություններ վարում, որ լրագրողներն ու օպերատորները կանգնեն իրենց համար ավելի հարմար տեղում եւ այլն։

3. Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը նույնպես աչքի է ընկել ճշտապահությամբ և պահանջվող ինֆորմացիան ճշտելու պատրաստակամությամբ։ Երբ Գաբրիելյանը ասում է, որ պետք է զանգահարել 10 րոպեից, ապա պետք է զանգահարել 10 րոպեից․ նա հստակ գիտի, թե քանի րոպե է անցել հեռախոսազրույցից։ Եւ տրված հարցի վերաբերյալ տրամադրում է մաքսիմում ինֆորմացիա, որը կարողացել է հավաքել։

Լրագրողներս մեր պրակտիկայում նաև ստիպված ենք լինում աշխատել մարդկանց հետ, որոնցից 2 տող մեկնաբանություն վերցնելը Ռուբիկոնն անցնելու պես մի բան է։ Կան խոսնակներ, որոնք անգամ բարևին պատասխանելու համար գրավոր հարցում են պահանջում։ Նրանք հնարավորինս փորձում են բարդացնել մեր աշխատանքը, հաճախ լեզվակռվի մեջ են մտնում, փորձում մեզ դասեր տալ, հեգնել։

1․Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մամուլի պատմության մեջ առաջինն է, ով լինելով մամուլի խոսնակ, որն ի պաշտոնե պարտավոր է աշխատել ԶԼՄ-ների հետ, ոչ միայն իր պարտականությունները պատշաճ չի կատարում, այլեւ դատական հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ, որի աշխատանքը տեւականորեն խոչընդոտել է։ Նա անգամ մեր լրատվամիջոցի լրագրողների ֆեյսբուքյան էջերն է արգելափակել եւ հպարտորեն հայտարարել է այդ մասին՝ իր վերադասից ոչ մի դիտողության չարժանանալով։

2․ Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ հեռախոսով զրուցելն արդեն իսկ աննախադեպ երևույթ կարելի է համարել։ Սովորաբար երբ նրա կարիքը լինում է, ասենք օրինակ՝ վարչապետը հերթական խնդրահարույց հայտարարությունն է արել, Կարապետյանը պարզապես անջատում է հեռախոսը։ Իսկ այն քիչ դեպքերում, երբ նրա հետ հաջողվում է կապվել, Կարապետյանը սկսում է հարցին հարցերով պատասխանել՝ տպավորություն ստեղծելով, թե լրագրողն է իր առջև հաշվետու, այլ ոչ հակառակը։ Եւ ամենաուշագրավ տակտիկան՝ խոստանում է ճշտել եւ առաջարկում է հետո կապվել իր հետ ու անհայտանում է, դառնում անհասանելի։

3. Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատեհ- անպատեհ դասեր տալու սիրահար է, նա հաճախ այնքան է տարվում այդ գործով, որ նույնիսկ չի էլ նկատում, որ հատել է թույլատրելիի սահմանը, և մի ողջ լրատվամիջոցի կամ լրագրողի է վիրավորել։ Հովհաննիսյանը նույնպես հեռախոսն անջատելու և «թռնելու» սովորություն ունի։ Երբ լուրեր տարածվեցին, որ Դավիթ Տոնոյանը պաշտոնանակ է արվել եւ պետք էր հրատապ ճշտել այդ լուրը, Արծրուն Հովհաննիսյանն ընդհատակ էր անցել, պաշտպանության փոխնախարարը, ապա նախարարն ավելի հասանելի էին, քան մամուլի խոսնակը։

4. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ, կարծես միանգամից երկու պարտականություն է կատարում․ քաղաքապետի խոսնակն է, ձեռքի հետ էլ նրա դատապաշտպանը։ Ավելի ճիշտ՝ առաջին հերթին դատապաշտպանը, ձեռքի հետ էլ խոսնակը։ Քաղաքապետարանին վերաբերող ցանկացած հրապարակում Կարապետյանը վերածում է «ռազբիրատի», պարզաբանումներ է պահանջում, թե ինչու է լրագրողը այս կամ այն եզրահանգումն արել եւ այլն։

Երկու շարքն էլ, անշուշտ, կիսատ են եւ յուրաքանչյուր լրագրող ունի «սեւ եւ սպիտակ» խոսնակների սեփական շարքը։ Բայց յուրաքանչյուր քայլ անելիս խոսնակները պետք է մտածեն՝ որ ցանկում են ուզում իրենք տեղ գտնել՝ մամուլի բարեկամնե՞րի, լրագրողների աշխատանքին նպաստողների, թե՞ մամուլի աշխատանքը խոչընդոտողների։