Վտարանդի վարչապետ

Վտարանդի վարչապետ

Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համազգային պահանջին դեկտեմբերի 21-ին գումարվեց ևս երկու հոգևոր «բաղադրիչ»․ հրաժարականի պահանջով հանդես եկավ Կանադահայոց թեմի առաջնորդը, իսկ Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի ժեստը՝ չսեղմել վարչապետի մեկնած ձեռքը և ձեռքի շարժումով նրան դուրս հրավիրել եկեղեցուց, հիրավի աննախադեպ էր։ Նաև՝ խորհրդանշական։ Այդ ժեստը հայ եկեղեցու ընդհանրական վերաբերմունքի արտահայտությունն էր մեկի հանդեպ, ով անդառնալի կորստյան է մատնել երկիրը, ապիկար կառավարմամբ հազարավոր  զոհերի պատճառ դարձել, ով շարունակում է, գիտությամբ թե անգիտությամբ՝ էական էլ չէ, կենդանի սպառնալիք մնալ երկրի անվտանգությանը և ինքնիշխանությանը, ով մարդկանց ավելի ու ավելի է կքում հուսալքության, անզորության բեռի տակ։ Ով դարձել է մի ողջ ժողովրդի ամենօրյա մղձավանջը՝ արդեն քանի ամիս։

Սակայն այսքանից հետո էլ չունի այն պարզ գիտակցումը, որ ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումն իր հրաժարականն է։ Որովհետև ուզի թե չուզի՝ հրաժարականն իր համար եթե ընդամենը անփառունակ կարիերայի վերջ, ապա ժողովրդի համար հույսի նշույլ է, որի հետևից վերջինս դեռ կարող է գնալ՝ զորացնելով այն, տոգորելով ազգային նոր ծնվող տեսլականներով ու երազանքներով։ Բայց այդ մարդը փակել է երազանք արարելու մարդկանց կարելիությունները նույնիսկ։ Այդ մարդն ամենուր այնքան է խավար սփռել, որ եկեղեցում իր վառած մոմը Աստված եթե՝ այո, ապա սովորական քահանան այլևս․․․ չի ընդունում։

Հայ ժողովրդի պատմության մեջ հազիվ թե կարելի է հիշել մեկ այլ դեպք, երբ որևէ օրինակարգ իշխանավոր, առավել ևս՝ բարձրագույն իշխանավոր, մերժվի եկեղեցուց, ավելին՝ դուրս հրավիրվի եկեղեցուց։ Սիսիանցի երիտասարդ հոգևոր հովվի այդ վարմունքն ըստ էության քաղաքավար ժեստ էր, որի բուն նշանակությունն էր՝ վտարում եկեղեցուց։

Արդ՝ մենք ունենք վտարանդի վարչապետ, որին դժկամությամբ է  ընդունում հայրենի սուրբ հողը՝ Եռաբլուրը, դժկամությամբ է ընդունում Սյունյաց հպարտ աշխարհը, և որին աներկբայորեն չի ընդունում եկեղեցի՛ն, որի կողմից եթե չի նզովվել, ապա առնվազն մերժվել է․ նա այլևս հայ եկեղեցու սիրելի զավակը չէ։

ՀԳ․։ Արդ ինչպե՛ս չտրվել գայթակղությանը և խորհրդանշական չհամարել, որ դեկտեմբերի 19-ի ընդդիմության սգո երթից հետո պատերազմի նահատակների հիշատակի համար պատարագ մատուցող Սրբազան հոր՝ Արցախի թեմի առաջնորդի և Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի անունները նույնն են՝ Պարգև․․․
Տե՛ր, արժանապատվություն Պարգևիր ազգիս հայոց։ Եվ խոհեմություն։