Հայաստանը «լավ Բ» է. ի՞նչ է նշանակում Standard & Poors-ի գնահատականը 

Հայաստանը «լավ Բ» է. ի՞նչ է նշանակում Standard & Poors-ի գնահատականը 

Երեկ ԿԲ-ն հպարտությամբ տեղեկացրեց, որ առաջին անգամ վարկանիշ է ստացել Standard & Poors վարկանիշային գործակալությունից, որը Moody’s-ի եւ Fitch Rating-ի հետ միասին միջազգային վարկանիշայինների մեծ եռյակն է կազմում: 

Հաղորդվեց, որ հոկտեմբերի 12-ին S&P-ն Հայաստանի կառավարությանը շնորհել է արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով, նաեւ արտարժույթով եւ ազգային արժույթով կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման «B» մակարդակի վարկանիշ, ինչպես նաեւ որոշել է փոխանցման եւ փոխարկելիության երկրի գնահատականը՝ այն սահմանելով «BB-»:

«Վերջինս մեկ մակարդակով բարձր է երկրի սուվերեն վարկանիշից, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները Standard&Poors-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ երկրի սուվերեն (B+) վարկանիշից մեկ մակարդակ բարձր (BB-) վարկանիշ»,- գրում է ԿԲ-ն: Սա նշանակում է, որ ըստ Standard&Poors-ի՝ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված ռիսկերը գերակշռում են եւ առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող են մինուս-պլյուսով հանգեցնել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման: 

Մենք փորձեցինք այս մասնագիտական տերմինաբանությունը թարգմանել հանրամատչելի լեզվով եւ հասկանալ, թե ինչ է թաքնված S&P-ի գնահատականների տակ: Միջազգային վարկանիշավորման սանդղակում «B» դասը «A»-ի համեմատ նշանակում է «ավելի բարձր խոցելիություն ոչ բարենպաստ կոմերցիոն, ֆինանսական եւ տնտեսական պայմաններում, սակայն ներկայում կա հնարավորություն, որ պարտքերը կվճարվեն լիակատար ծավալով եւ ժամանակին»: Գումարածի նշանը «B» տառից առաջ նշանակում է փոքր քայլ դեպի դրական, այսինքն՝ դա «լավ Բ» է: 

Սովետական ուսուցչի ասած՝ Հայաստանը «երեք» է ստացել, որն «անբավարարից» մեկ քայլ առաջ է, բայց գլուխ գովալու բան չէ: Առավել եւս, որ սա առաջին գնահատականն է, եւ համեմատելու դաշտ չունենք: Կարելի է համեմատական տանել, ասենք, Վրաստանի հետ, որը S&P-ի կողմից ներդրումային վարկանիշներ է ստանում՝ սկսած 2011 թվականից: Այս եւ անցյալ տարիներին Վրաստանի սուվերեն վարկային վարկանիշը S&P-ով եղել է «BB», ստաբիլ, ինչը նշանակում է, որ կարճաժամկետ հեռանկարում այս երկրում կատարված ներդրումները վտանգված չեն: S&P-ն գնահատել է Վրաստանի վալյուտային պահուստները, տնտեսական աճի բարձր կանխատեսումներն ու կայունությունը 2019-2020 թվականների արտաքին ռիսկերի հանդեպ: Համարյա նույն մակարդակում է Ուկրաինան, եւ փոքր-ինչ ավելի բարձր՝ BBB մակարդակում է Ռուսաստանը: 

Հայաստանի սուվերեն վարկանիշը վերաբերում է զուտ պարտքերին՝ պարտատոմսերին, նրան, թե կարելի՞ է արդյոք այս երկրին պարտքով փող տալ, թե՞ ոչ: Ինչպես հիշում ենք, վերջին եվրոբոնդերը Հայաստանը գնել է անտրամաբանական բարձր՝ 4 տոկոսով: Այս գործարքը ձեռնտու էր Եվրոպային, բայց ոչ Հայաստանին: «Կարելի է եզրակացնել, որ Standard&Poors-ը խրախուսում է Հայաստանին, որ ավելի շատ պարտատոմսեր գնենք: Սա ավելի շատ ուղղված է արտաքին աշխարհին, որ մեզ ավելի շատ փող տան: Եվրոյով պարտքն իրենք վերջին անգամ վերցրել են 4 տոկոսով, այն դեպքում, երբ մեր բանկերում եվրոյի դեպոզիտը կես տոկոս է: Թող մեր բանկերից վերցնեին»,- կարճ մեկնաբանում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: 

Փաստորեն, կառավարությունը գլուխ է գովում, որ կարող է լավ պարտք վերցնել, բայց ԿԲ-ն մի ամբողջ բաժակաճառ է գրել հուսալի հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության, խոհեմ ու ճկուն ԿԲ-ի մասին՝ ողջունելով Standard&Poors-ի «մուտքը Հայաստան»: 
Տնտեսագետների շրջանում տարածված կարծիքներ կան, թե արեւմտյան վարկանիշային կազմակերպությունների գնահատականները զուտ երկրներին շարքով կանգնեցնելու, ներվերի վրա խաղալու համար են: Standard&Poors-ի կամ Moody’s-ի գնահատականները դեմոկրատիայի ինդեքս, խաղաղության ինդեքս, տարվա մարդ շարքից են: Երկրներ կան, որոնք այս կազմակերպություններին ոչ մի տվյալ չեն տալիս՝ արգելելով դրանց մուտքը: