Ի՞նչ կապ ունի Արցախում ռազմական դրությունը հավի մսի ներկրման հետ

Ի՞նչ կապ ունի Արցախում ռազմական դրությունը հավի մսի ներկրման հետ

Արցախի Հանրապետության կառավարությունը ապրիլի 6-ին տարօրինակ ու անհասկանալի որոշում է ընդունել, որն ուժի մեջ է մտել ապրիլի 10-ից՝ սահմանափակվել են հավի, հավի մսի ու դրա հետ առնչվող սննդամթերքի և ձևի ներկրումը Արցախ: 

Փորձեցինք հասկանալ, թե ինչի՞ համար է սա արվում: Կառավարության վերը նշված որոշումն ուսումնասիրելիս միանգամից աչքի է զարնում «հիմք ընդունելով ռազմական դրության իրավական ռեժիմը» արտահայտությունն ու ակամայից մտածում ես՝ սա լու՞րջ է գրված, թե՞ կատակ է: Ի՞նչ կապ ունի ռազմական դրության իրավական ռեժիմը հավի մսի հետ: Ռազմական դրությունը հայտարարվում է երկրի անվտանգային համակարգն  ու քաղաքացիների անվտանգությունն ամրապնդելու համար, այլ ոչ թե՝ անձնական կամ շրջապատի նեղ շահերը սպասարկելու: 

Տվյալ դեպքում ակնհայտ է, որ այս որոշումն ուղղված է միմիայն «Արցախհավ» ընկերության շահերը սպասարկելուն: Հավաստի տեղեկություններ ունենք, որ Արցախում հավի միս ու հավի մթերք արտադրող «Արցախհավ» ընկերությունը, սխալ հաշվարկների արդյունքում, ինչպես նաև չդիմանալով մրցակցությանը՝ հավամսի ու հավամթերքի մեծ ավելցուկ է տվել, որը մոտ ապագայում չվաճառելու դեպքում կփչանա ու ընկերությունը տնտեսական մեծ կորուստներ կունենա: Եվ ահա այս որոշմամբ Արցախի կառավարությունը որոշել է սպառողի՝ այսինքն արցախցիների հաշվին, որոնք, ինչպես գիտենք, գտնվում են դժվարին կացության մեջ, փրկել «Արցախհավ» ընկերությանը՝ մեծ տնտեսական կորուստներից: Ստեփանակերտի խանութներում շրջեցինք ու պարզ դարձավ, որ ՀՀ-ից ներկրված հավամթերքը վաճառվում է նկատելիորեն ավելի ցածր գնով, քան՝ «Արցախհավ»-ի արտադրանքը:

Օրինակ՝ ՀՀ-ից ներկրված հավի մսի մեկ կիլոգրամի գինը Ստեփանակերտի խանութներում վաճառվում է 1400-1500 ՀՀ դրամ, իսկ «Արցախհավ»-ի նույն որակի ու տեսակի արտադրանքը՝ 2000-2100 ՀՀ դրամ: «Արցախհավ»-ի ֆիրմային խանութներում հավի մսի մեկ կիլոգրամն արժե 1750 ՀՀ դրամ: Այստեղ ևս մեկ հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք՝ ազատ ու հավասար տնտեսական մրցակցության սկզբունքն է խախտվում, այսինքն՝ տնտեսվարողները չունենալով նշված ապրանքատեսակը ձեռք բերելու այլ աղբյուր, ստիպված կլինեն «Արցախհավ»-ից ձեռք բերել այն ու վերավաճառել ավելի թանկ գնով, քան նշված ընկերության ֆիրմային խանութներում է:

Իհարկե, կառավարությունը կարող է հիմնավորել, որ իբր կանգնում են տեղական արտադրողի կողքին, բայց այստեղ բազմաթիվ հարցեր են ծագում, օրինակ՝ Ացախում սննդամթերք արտադրող այլ ձեռնարկություններ էլ կան՝ ասենք՝ կաթնամթերք արտադրող, ինչու՞ կառավարությունը որոշեց հենց հավամիս արտադրող ընկերությանը նման «լավություն» անել՝ այն էլ բնակչության հաշվին: Սա ևս ապացուցում է մեր տեղեկությունն առ այն, որ «Արցախհավ» ընկերության ունեցած ավելցուկն ու տնտեսական կորուստներն են նման որոշման իրական պատճառը: Վերը նշվածի հստակ ապացույցն է նաև այն, որ կառավարության այս որոշումը գործում է ապրիլի 10-ից մինչև մայիսի 30-ը՝ հավանաբար ըստ ընկերության հաշվարկների հենց այդ ժամանակահատվածում ընկերությունը՝ ազատ ու հավասար տնտեսական մրցակցության կանոնների խախտմամբ ու սպառողի հաշվին կկարողանա իր արտադրանքի ավելցուկը սպառել:

Այս ամենն անարձագանք մնալու դեպքում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել՝ նախ ռազմական դրությունն անհարկի օգտագործելով կարող են առանց այդ էլ դժվարին կացության մեջ գտնվող արցախցիների սուղ ֆինանսական միջոցների հաշվին ապօրինի արտոնություններ տալ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ինչպես նաև մոնոպոլիաների ամրապնդման ու առաջացման հիմնաքար է դրվում: Արցախի Հանրապետության նախագահը, ով ըստ Արցախի Սահմանադրության հանդիսանում է կառավարության ղեկավարը, հերթական ոլորտն է կործանում՝ Արցախում հիմք դնելով նեղ շրջապատի մարդկանց մոնոպոլիաներին: 

Ի դեպ, ժամանակին, երբ Արայիկ Հարությունյանը դեռևս վարչապետ էր և իր հարազատներն ունեին արտեր ու ալրաղացներ (ըստ որոշ լուրերի՝ նաև ինքն անձամբ ուներ) Արցախում նմանատիպ որոշում էր ընդունվել՝ ալյուրի ներկրումը սահմանափակելու վերաբերյալ: Կարծես ձեռագիրը նույնն է: