ԲԴԽ-ն մերժեց դատավորի միջնորդությունը

ԲԴԽ-ն մերժեց դատավորի միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր քննարկվում է առաջին ատյանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կարգապահական վարույթը։

Մինչ նիստի մեկնարկը նիստը նախագահող Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ դատավորից ստացել է միջնորդություն` նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, մյուս կողմը` արարադատության նախարարության ներկայացուցիչը, ասաց, որ առարկում են միջնորդության դեմ, այն հիմնազուրկ է։

ԲԴԽ անդամները դատավորին խնդրեցին հիմնավորել ներկայացրած միջնորդությունը, նա ասաց, որ այս պահին չի ցանկանում հիմք նշել, սակայն պնդում է միջնորդությունը։

ԲԴԽ-ն որոշում կայացրեց` մերժել այն։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը ՀՀ Քրեական օրենսգրքի 34-117 հոդվածի 2-րդ մասով մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելն է: Խոսքը «Գողության փորձ» հանցակազմի մասին է:

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը դատավարական խախտում է դիտարկել Արտուշ Գաբրիելյանի այս որոշումը, քանի որ, ըստ նրա՝ վերջինս ղեկավարվել է 34-177 հոդվածի նախկին խմբագրությամբ և հաշվի չի առել փոփոխությունը:

Հենց սա էլ պատճառ է դարձել, որ Գևորգ Բաղդասարյանը դիմի արդարադատության նախարարին, ու Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ:
Հավելենք նաև, որ հետագայում վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել է Արտուշ Գաբրիելյանի կայացրած դատական ակտը՝ ուղարկելով նոր քննության:

Հիշեցնենք, Արտուշ Գաբրիելյանը հայտնի է մի շարք աղմկահարույց կալանավորումներով: