Ո՞ր արժանիքների համար

Ո՞ր արժանիքների համար

Մենք 2018 թվականին դուրս էինք եկել փողոց՝ հույս ունենալով, որ իշխանություններին կհասկացնենք՝ ուժով իշխանություն պահել չի կարելի, եթե սպառել եք ձեզ, եթե ավարտվել է ձեզ տրամադրված ժամկետը, խաղաղ հեռացեք՝ տեղ բացելով հաջորդների համար։ Մենք նաեւ դուրս էինք եկել՝ պայքարելու պաշտոնյաների եւ օլիգարխների անպատժելիության, անօրինականությունների, ցինիզմի դեմ։ Մենք ուզում էինք, որ պետությունն ու պետական շահը բոլորի համար լինեն առաջնային, տարբեր արտոնյալներ զրկվեն արտոնություններից, եւ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն։

Մենք փողոց էինք դուրս եկել արդար ու ապահով երկիր, զարգացող տնտեսություն, ազատ ու առաջադիմող հասարակություն ունենալու ցանկությամբ ու երազանքով։ Մենք հոգնել էինք ոստիկանների կամայականություններից, Հարկայինի ռեկետից, անարդար դատավորներից, տգետ պատգամավորներից, չինովնիկների կոռուպցիայից՝ երեւույթներ, որին բախվում էինք առօրյա կյանքում։ Բայց ո՞վ կսպասեր, որ գալու է մի օր, եւ արդյունքում ունենալու ենք այսքան աղետ ու կորուստ՝ այնպես, որ անգամ երանի ենք տալու անցյալին։ Ո՞վ կսպասեր, որ կոռուպցիայի սիմվոլ համարվող նախարարները՝ Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Մանուկ Վարդանյան, Հասմիկ Պողոսյան, Լեւոն Մկրտչյան, շատ ուրիշներ, այսօր մտքի տիտաններ են մեր աչքին երեւալու՝ Վահան Քերոբյանի, Հայկ Չոբանյանի, Վաղարշակ Հարությունյանի, Արսեն Թորոսյանի համեմատ։

Կարո՞ղ էինք արդյոք երեւակայել, որ Թոխմախի Մհերին, Շմայսին, գեներալ Մանվելին եւ Սեյրանին փոխարինելու են գալու շիշ բռնողները, արփիդավոյաններն ու արթուրհովհաննիսյանները։ Նախկինները գոնե կռվել էին, երկրի սահման էին պահել, ինչ-որ գիտելիքներ ու անցած ուղի ունեին, սրանց ո՞ր արժանիքների համար սարքեցինք նախարար ու պատգամավոր։