Նախարարությունը պետք է հանդես գա ոչ միայն ստուգողի, այլ նաեւ օգնողի դերում

Նախարարությունը պետք է հանդես գա ոչ միայն ստուգողի, այլ նաեւ օգնողի դերում

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում հանրակրթության նոր չափորոշիչի փորձարկմանն ընդառաջ, անցկացվել է նաեւ մարզի 82 դպրոցների տնօրենների եւ փոխտնօրենների վերապատրաստման եռօրյա դասընթաց` նպատակ ունենալով դպրոցների տնօրեններին եւ փոխտնօրեններին աջակցել հանրակրթության պետական նոր չափորոշիչներն իրենց դպրոցներում ներդնելու գործում։ 

Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը մասնակցել է տնօրենների համար նախատեսված վերապատրաստումներին, որոնք, ըստ նրա, միտված են իրենց առաջնորդական, կազմակերպչական հմտություններն էլ ավելի արդյունավետ դարձնելուն: 

Վերապատրաստողները տնօրեններին հորդորել են համագործակցել փոխտնօրենների հետ, որպեսզի ավելի ճիշտ կարողանան վեր հանել դպրոցի խնդիրները թե՛ ուսումնական, թե՛ կազմակերպչական մասով: Միաժամանակ համագործակցեն նաեւ այլ դպրոցների հետ, կարեւոր չէ՝ մե՞ծ դպրոց է, թե՞ փոքր: Հարցին, թե նախկինում չկա՞ր տնօրենի եւ փոխտնօրենների միջեւ այդ համագործակցությունը, Լ. Ավետիսյանն ասում է. «Նախկինում դա տվյալ տնօրենից էր կախված, թե որքանով կանի կամ չի անի, իսկ հիմա տնօրենը թղթապանակ պիտի ունենա, որտեղ արտացոլվելու է իր կատարած աշխատանքը, այսինքն՝ այլեւս իր հայեցողությանը չեն թողնելու»։

Թե այդ թղթապանակը վերջում ում են ներկայացնելու, տնօրենը դժվարանում է ասել, եռօրյա վերապատրաստմանը հաջորդելու են նորերը։ «Առաջիկայում մենք ունենք տնային աշխատանք, որ պետք է դպրոցի առաջնային մի խնդիր ներկայացնենք ու քննարկենք ուսմասվարի հետ` ներկայացնելով, թե դրա լուծման շուրջ ինչ ռազմավարություն ենք տեսնում, ինչպես պետք է այդ խնդիրը լուծենք, ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, ու դա բերենք ներկայացնենք իրենց»,- ասում է տնօրենն ու իրենց դպրոցի օրինակով նշում, որ ուզում են աշակերտների առաջադիմության բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել, որպեսզի երեխաներն ավելի լավ սովորեն ու հետաքրքրված լինեն կրթությամբ: 

Թե մինչեւ այս վերապատրաստումները ինչ մեխանիզմներով էին ուսումնական գործընթացը խթանում, տնօրենն ասում է. «Օրինակ, այս տարի ուսմասվարի հետ քննարկել էինք եւ ուզում էինք միջին կամ նույնիսկ ավագ դասարաններում չափանիշներ մշակել, դրա մասին տեղեկացնել երեխաներին եւ կիսամյակի կամ տարվա վերջում դուրս բերել լավագույն աշակերտներին, նրանց խրախուսել, պարգեւատրել, դրա արդյունքում գուցե մյուսները եւս մոտիվացվեն եւ ավելի լավ սովորեն»: 

Նախարարությունն ուզում է, որ իրենք` տնօրենները, միայն վարչարար չլինեն, ուրիշ ի՞նչ ակնկալիքներ ունի ԿԳՄՍՆ-ն դպրոցի տնօրեններից։ «Օրինակ, եթե նախկինում դպրոցի զարգացման ծրագրերը մշակել եւ ներկայացրել ենք 5 տարվա համար, հիմա ուզում են, որ տարեկան զարգացման ծրագիր ներկայացնենք, ու ավելի բովանդակալից լինի, այդ ծրագրից ավելի հաճախ օգտվենք, ոչ թե տարվա սկզբին ու վերջին»:

Դպրոցի տարեկան զարգացման ծրագիրը համաձայնեցնելո՞ւ են նախարարության հետ, թե՞ պարզապես հաշվետու են լինելու։ «Հստակ չգիտեմ՝ պիտի համաձայնեցնենք, թե ոչ, միայն ասվեց, որ տարեկան զարգացման ծրագիր պետք է ունենանք, վերջում հաշվետվություն կներկայացնենք իրենց, թե մենք մեր հաշվետվությունը կունենանք ստուգման համար` հստակ չգիտեմ»:

Տնօրենների եւ փոխտնօրենների վերապատրաստման ծրագիրն իրականացվելու է 3 փուլով, որոնցից յուրաքանչյուրը կազմված է եռօրյա դեմառդեմ հանդիպումներից։ Գործընթացը կուղղորդվի մենթորության խմբային հանդիպումներով ու քննարկումներով եւ կտեւի մինչեւ 2022-ի մայիս ամիսը։ Հաջորդ վերապատրաստումը լինելու է նոյեմբերին:   

Գանձաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Մեհրաբյանն ասում է` թեպետ գոհ է վերապատրաստումներից, բայց կան նաեւ մտավախություններ։ «Բոլոր հարցերը մանրամասն բացատրում են, տրվում են սպառիչ պատասխաններ, հավանաբար՝ կկարողանանք իրագործել, որովհետեւ մինչեւ չանենք, չենք հասկանա էությունը: Մեր բոլոր վերապատրաստողները պատրաստակամ են՝ նաեւ ընթացքում էլ մեզ օգնել, եւ եթե հարցեր առաջանան, կդիմենք իրենց»,-ասում է Ա. Մեհրաբյանն ու նշում, որ իր մտավախությունն ավելի շատ ոչ թե տնօրենների, այլ ուսուցիչների վերապատրաստումների հետ է կապված, իսկ առավելապես` կազմակերպչական հարցերի, որպեսզի կարողանան այդ վերապատրաստումը տեղայնացնել եւ ճիշտ իրականացնել։

«Կարծում եմ` ամեն դեպքում, դժվարություններ կլինեն, քանի որ առաջին անգամ է, եւ մտավախությունս այն է, որ կկարողանա՞նք ամեն ինչ ճիշտ կատարել, ու ինչպիսին կլինի վերջնարդյունքը»,- ասում է դպրոցի տնօրենը, ով թեպետ ողջունում է բարեփոխումները, բայց կարծում է, որ միայն արդյունքը ցույց կտա` լա՞վ էին դրանք, թե՞ վատ:

Այս վերապատրաստումների արդյունքում դպրոցների կառավարումն ինչպե՞ս է բարեփոխվելու։ «Անկեղծ ասած, այս վերապատրաստումների ընթացքում, երբ խոսվում էր տնօրենների կառավարման բարեփոխումների մասին, ես մեր փոխտնօրենի հետ ֆիքսեցի, որ այդ բարեփոխումների մեծ մասը մենք արդեն արել ենք, եւ ուրախ եմ, որ հիմա դա ընդհանրացվում է, այսինքն՝ մեզ համար դա նորություն չէր: Ավելին` այն, ինչ մեզնից ուզում է նախարարությունը, իմ՝ տնօրեն դառնալու օրվանից, արդեն 4 տարի, ես այդպես էլ աշխատում եմ, թեպետ այդ ժամանակ նման պահանջ չի եղել, բայց ես որպես դասղեկ էլ եմ ժողովրդավար եղել, որպես տնօրեն էլ»: 

Դպրոցների կառավարման հարցում նախարարությունը որեւէ կերպ միջամտելո՞ւ է տնօրենների գործին, թե՞ ոչ։ «Այս պահին դեռեւս չկան միջամտություններ, բայց մեր վերջին կոնֆերանսի ժամանակ իրենք էլ, մենք էլ առաջարկեցինք, որ նախարարությունը ոչ միայն ստուգողի դերում հանդես գա, այլ նաեւ օգնողի, որովհետեւ միայն ստուգելը բավարար չէ աշխատանքի որակը փոխելու համար, նաեւ մեթոդական օգնություն է պետք»,- ասում է նա ու հավելում, որ թե՛ նախարարությունը, թե՛ վերապատրաստող կազմակերպությունները` «ԱՅԲ»-ն ու ԿԶՆԱԿ-ը, պատրաստակամություն են հայտնել՝ ցանկացած հարցում օգնել տնօրեններին: