Մարի Ջո Շվարց․ Սերը ծաղկած

Մարի Ջո Շվարց․ Սերը ծաղկած

Ֆիլտրերի եւ հեշթեգերի հավելվածը՝ Ինստագրամը, կարճ ժամանակում կլանեց կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Առավել նախաձեռնողները անձնական էջերը վերածեցին փոքրիկ բիզնես հարթակների՝ ստեղծարար խոհարարներից մինչեւ նորաձեւության սիրահարներ։ Արդյո՞ք այս ալիքը կշրջանցեր պոեզիան։ Ինստագրամյան մի շարք հեղինակների գրանցած հաջողությունն այս ոլորտում փաստում է, որ ոչ։ Նրանք հասանելի են դարձնում պոեզիան լայն շրջանակների համար, անում են դա պարզ, դինամիկ ճանապարհով։ Հաճախ վաճառում են հազարավոր, նույնիսկ միլիոնավոր գրքեր։ Ինստագրամից բարձրացած պոեզիան, գուցե, հնչում է ոչ միանշանակ կամ պակաս արժանահավատ, սակայն այն միտում է, որն արդեն իսկ արձանագրվել է, իսկ ինստագրամյան հեղինակների շարքում կան այնպիսիք, որ իսկապես արժանի են կարդացված լինելուն։ Որքան էլ փորփրես սոցիալական մեդիան, չես գտնի այս հեղինակի մասին ոչ մի ուղղակի հրապարակում, նկար: Ինստագրամյան էջում նա իր տեքստերն ավելի հաճախ մատուցում է ծաղկային պատկերներով ու կոլաժներով։ Չնայած իր իսկ անձի մասին ինֆորմացիա չթողնելուն` նրան հաջողվել է զրույցի բռնվել ընթերցողի հետ: Այսպիսով՝ Մարի Ջո Շվարց. նուրբ, զգացմունքային, սերը՝ շատ, բառերը՝ քիչ ու զուսպ։ 

***
Սիրո մեջ խնդիրը մարդիկ են:

***
Աչքերիդ զորությունն անսահման է:

***
Մոլորակն ասաց ինձ`գնամ եւ փնտրեմ իմ ճշմարտությունը։
Ես խիզախորեն դեպի քեզ սկսեցի շարժվել: 

***
Երբ ոչինչ չես զգում
Հենց դա է պահը, երբ զգում ես ամենից շատ:

***
Կարիք չունեմ ինձնից բացի ուրիշ մեկին պատկանելու
Բայց ընտրում եմ քեզ պատկանելը:

***
Ավելի հեշտ եմ շնչում
Քո անունն արտասանելուց հետո:

***
Ես նման եմ լուսնին
Իսկ փուլերս բոլոր քո հանդեպ իմ սիրո մասին են:

***
Ես փնտրում եմ գեղեցկություն այս աշխարհում,
Եվ աչքերն իմ շարունակ քեզ են վերադառնում:

***
Սիրելիս, ինքդ քեզ սիրել նշանակում է
Թույլ տալ ուրիշ մեկին եւս քեզ սիրել:

***
Դու եւ ես
Չափազանց լավն ենք միասին
Մեր կյանքն առանձին անցկացնելու համար:

***
Սերը եկավ
Դու հեռացար
Սերը մնաց։

***
Սերը կամուրջ է քո եւ մնացյալ ամեն ինչի միջեւ:

***
Ինձ խնդրեցին արտասանել «սեր».
Ես քո անունն արտաբերեցի:

***
Առավել մենակ եմ զգում ինձ
Երբ մտածում եմ քո մասին:

***
Ես կրակ եմ,
Բայց բռնկվում եմ միայն
Երբ քեզ հետ եմ:

***
Պահիր ինձ, ասես ես հույսն եմ,
Համբուրիր ինձ, ասես ես եմ ցանկությունը:

***
Բառերը քո քաղցր են ինչպես մեղրը
Լռությունը քո` խայթող ինչպես մեղվիկները։

***
Սիրելիս, քո սիրտը ամենագեղեցիկ տեղն է, որ երբեւէ եղել եմ:

***
Եթե դու սխալ ես,
Դու սխալ ես, որ ես անվերապահորեն պետք է իրագործեմ:

Թարգմանությունը՝ Նոռա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ