Իշխանությանը վիժվածք ասելուց հետո գնացել եւ պաշտոն են հայցում

Իշխանությանը վիժվածք ասելուց հետո գնացել եւ պաշտոն են հայցում

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ

- «Լուսավոր Հայաստանն» օրերս հայտարարեց, որ որոշել է չմասնակցել Շիրակի եւ Սյունիքի ՏԻՄ ընտրություններին, քանի որ նախընթաց շրջանը ցույց տվեց, որ «սպասվող ընտրությունները չունեն որեւէ քաղաքական բաղադրիչ եւ չեն նպաստելու ՏԻՄ արդյունավետ կառավարման օղակների ձեւավորմանը»։ Սրանով դուրս չե՞ք մղվում քաղաքական գործընթացներից։

- Երբ մենք՝ որպես ընդդիմադիր ուժ, մասնակցում էինք ՏԻՄ ընտրություններին, դնում էինք մեր առջեւ քաղաքական նպատակ՝ տեղում իշխանափոխություն իրականացնելու, վերցնելու ՏԻՄ իշխանության մասը եւ փորձելու դա կապիտալիզացնել ընդհանուր քաղաքական օրակարգում։ Այս անգամ ակնհայտ է, որ դա կյանքի կոչել չի լինի, որովհետեւ խորհրդարանական ընտրությունները նոր են ավարտվել, եւ պայքարել՝ պարզապես որեւէ տեղ մեկ կամ երկու ավագանու անդամ ունենալու համար, որեւէ խնդիրր չի լուծում։ Ուստի որոշեցինք այս անգամ մասնակցությունից ձեռնպահ մնալ։

- Դուք Երեւանի ավագանիում ունեք 3 հոգանոց խմբակցություն, ի՞նչ խնդիր եք լուծում դրանով։

- Դա ձեւավորվել է այլ կարգավիճակում, նաեւ Երեւանի հետ կապված որոշակի առանձնահատկություն կա՝ ավագանին ընկալվում է քաղաքական կոմպոնենտում, իսկ մյուս համայնքներում քաղաքական բաղադրիչ, որպես էդպիսին, չկա։ Իսկ «Լուսավոր Հայաստանը», լինելով դասական քաղաքական ուժ, իր առջեւ դնում է քաղաքական խնդիրներ։ Եթե մենք չենք կարող մեր քաղաքական խնդիրները լուծել կամ մոտենալ դրանց լուծմանը, ապա ո՞րն է մասնակցության տրամաբանությունը։ Այդուհանդերձ, մենք սրանով չենք փակում ՏԻՄ ընտրություններին մասնակցության դուռը։ Հնարավոր է տեսնենք ինչ-որ հնարավորություն՝ Վանաձորի ընտրություններին մասնակցելու, էդտեղ գտնենք քաղաքական այդ նպատակը եւ մասնակցություն ունենանք։ Դա ցույց կտա ժամանակը։

- Ձեր ուժը դուրս մնաց խորհրդարանից, հիմա էլ ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում, ինչպե՞ս եք մնալու քաղաքական ասպարեզում, որպեսզի մարդիկ չմոռանան ձեզ եւ չարժանանաք «Ժառանգության» ճակատագրին։

- Ես կարծում եմ, որ պետք է տեղի ունենա որոշակի վերարժեւորման գործընթաց, որը, համոզված եմ, ուշ թե շուտ կլինի։ Մարդկանց պահանջմունքները եւ մեր առաջարկն այս փուլում չհամընկան։ Մենք առաջարկում էինք համերաշխություն, խնդիրների քաղաքական լուծումներ, բայց մարդկանց զգալի մասը նախընտրեց քաղաքական գզվռտոց, փոխադարձ վիրավորանքներ, հայհոյանքներ, շշահարումներ։ Էն փուլում, երբ մարդիկ կասեն, որ էլ չենք ուզում, որ ԱԺ-ում մարդիկ իրար շշահարեն, այլ ուզում ենք, որ քաղաքական բանավեճ լինի, համոզված եմ, «Լուսավոր Հայաստանն» իր ասելիքը կունենա։ Ամեն ինչ կախված է մարդկանց պատկերացումներից ու ցանկություններից։

- Դուք Ֆեյսբուքում բավականին ակտիվ եք, ու տպավորություն է, թե ԼՀԿ-ն չարախնդում է գործող ԱԺ ընդդիմության վրա, ուրախանում, երբ նրան ծեծում են։

- Չարախնդալու ոչինչ չկա, մենք էս իրավիճակը կանխատեսել էինք, չէ՞: Էդմոն Մարուքյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ, որ եթե, սիրելի հայրենակիցներ, ուզում եք այնպիսի խորհրդարան, որտեղ մեկն ասի՝ դավաճան, մյուսը պատասխանի՝ դավաճանը դու ես, ապա պետք է ընտրեք նախկին եւ ներկա իշխանություններին։ Մարդիկ էդպես էլ արեցին։ Հիմա, երբ ինչ-որ մարդիկ ասում են՝ էս ի՞նչ ա կատարվում, մենք ասում ենք, որ կատարվում է այն, ինչ նախընտրեց ժողովուրդը։ Բայց դա ո՛չ վիրավորվածության, ո՛չ նեղացածության բան չէ, այլ իրավիճակի արձանագրում է։

- Ասում են՝ դա «աբիժնիկություն» է, երբ ԱԺ չանցած ընդդիմադիրները քննադատում են ԱԺ անցած ընդդիմությանը։

- Ձեւակերպումը լավը չէ, բայց հարցը դա չէ։ Հիմա տեսեք` այն ուժերը, որոնք խորհրդարանում են, մեզ քնադատում էին վատ ընդդիմություն լինելու համար։ Հիմա այդ ուժերն ԱԺ-ում ծեծկռտուքի զոհ դառնալուց հետո, իշխանություններին դավաճանության մեջ մեղադրելուց հետո, իշխանությանը վիժվածք ասելուց հետո գնացել եւ պաշտոն են հայցում։ Եվ էդ ծեծկռտուքի զոհ դարձած մարդիկ հաջորդ օրն էնպես էին իրենց պահում ԱԺ-ում, կարծես ոչինչ չէր եղել։ Եվ հիմա էլ մտել են որոշակի համակարգային հունի մեջ, պաշտոններ են միմյանց բաժանում, իշխանությունն ընտրում է ընդդիմադիր ուժերից փոխնախագահ, ընդդիմությունը քվեարկում է այս կամ այն իշխանական թեկնածուին: Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանին, պարզվեց, ձայն տվեց ընդդիմությունը։ Մի դեպք չի եղել, երբ «Լուսավոր Հայաստանն» ասել է, որ դեմ է այսինչ բանին, եւ միասնաբար չի քվեարկել։ Հիմա իրենք ընդդիմադիր կեցվածքն էդպե՞ս էին պատկերացնում։

- Ի՞նչ եք առաջարկում, չվերցնեի՞ն մանդատը։ Իրենք ասում են՝ դա լրացուցիչ լծակ է, նաեւ ԱԺ փոխնախագահի ու հանձնաժողովների ղեկավար պաշտոնները։

- Իրենք աբիժնիկորեն, ինչպես Դուք ասացիք, կամ ոչ աբիժնիկորեն մեզ քննադատում էին այն պարագայում, որ մենք 2018 թվին ընտրություններին մասնակցելիս չէինք ասում, որ գալիս ենք իշխանափոխություն անելու, այլ գնում էինք խորհրդարան՝ ընդդիմություն լինելու։ Հիմա իրենք ասում են՝ ոչ, մենք գալիս ենք իշխանափոխություն անելու։ Հիմա ես հարց եմ տալիս Իշխան Սաղաթելյանին, մյուս թեկնածուներին, ովքեր դարձան հանձնաժողովի նախագահ, տեղակալ․ էդ պաշտոնները, որ իրենք զբաղեցնում են, ցույց տվեք այն ձեւը, որոնք իրենք մեկ միլիմետր մոտենում են Փաշինյանի հրաժարականին կամ իշխանափոխությանը։ Էդպես չի լինում, որ դիմացինիդ ասես՝ դու պետական դավաճան ես, մեղադրես դրանում, հետո խորհրդարանի ամբիոնից հարցեր տաս՝ լավ հարց, վատ հարց, էական չէ, նստես էդ կարմիր աթոռին՝ որպես պատգամավոր եւ որպես վարչապետի՝ հարց տաս։ Մեկին անվանեն դավաճան, հետո գնան իր հետ աշխատեն։ Ընդ որում, քննադատելն էլ է աշխատել, առաջարկ անելն էլ է աշխատել։ Ես էդպես չեմ պատկերացնում։ Դավաճան ասելով վիրավորո՞ւմ էին պարզապես, թե՞ մեղադրում էին պետական հանցագործություն կատարելու մեջ։ Եթե վիրավորում էին, նշանակում է՝ էդ ուժերը քաղաքականությունից հեռու են, որովհետեւ քաղաքական գործիչն իրավունք չունի պարզապես ինչ-որ մեկին վիրավորելու համար տեքստեր ասել։ Իսկ եթե բովանդակային մեղադրանք էին ուղղում, ապա ինչո՞ւ են էնտեղ նստել եւ կառուցողական դեմքով հարցեր հնչեցնում։ Հիմա ես իրենց մեկ բան եմ առաջարկում՝ ապացուցել, որ իրենք ավելի լավ ընդդիմություն են։

- Ի դեպ, ձեզ էլ են ծեծել ԱԺ դահլիճում, հարձակվեցին Էդմոն Մարուքյանի վրա, ի՞նչ արեցիք դուք` պատասխան տվեցի՞ք Սասուն Միքայելյանին, թե՞ մասնակցեցիք հանձնաժողովի նիստերին, հարցեր տվեցիք։

- Նախ, եթե նայենք միջադեպերին, էնտեղ փոխադարձ երկու հարված եղավ։ Ափսոս, որ կադրից դուրս է մնացել, թե ինչպես են Վահե Ղալումյանին մեր խմբակցության մյուս պատգամավորները չեզոքացնում։ Բայց էդ 2 ծեծերը չհամեմատենք։ Էն դեպքում հարձակում էր, հարված, մյուս դեպքում` կոնկրետ պլանավորված ծեծ։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ շշահարումներից հետո, իշխանությունների կողմից պլանավորված էր։ Իսկ մեր դեպքում հետո եղան քննարկումներ, որոշ ժամանակ մենք խորհրդարան չգնացինք։ Իսկ էստեղ անմիջապես հաջորդ օրը, ամենայն հարգանքով թե՛ պարոն Վահե Հակոբյանի, թե՛ Արթուր Ղազինյանի նկատմամբ, նայում եմ ու մտածում եմ՝ լավ, երեկ է էդ ծեծկռտուքը տեղի ունեցել, էս ի՞նչ հանդարտություն է։ Գոնե մի քիչ լայվեր անեին, ոնց որ եղավ մեր դեպքում․․․ ներողություն պահանջեց։ Իսկ էս դեպքում էսպես հանգիստ նիստ են վարում, Արթուր Ղազինյանն էլ բացատրում է՝ որ, գիտե՞ք, ես չէի ուզում Փաշինյանի կողմը շիշ նետել։ Ես մտածում եմ՝ կարո՞ղ է ես եմ ծեծ կերել։