Հայաստանի տարածքը՝ թշնամու հետ առեւտրի նյութ

Հայաստանի տարածքը՝ թշնամու հետ առեւտրի նյութ

Սիսիանի տարածաշրջանում Ադրբեջանի հերթական ոտնձգությունները Հայաստանի տարածքի նկատմամբ նորից գալիս են ապացուցելու, որ պետության կարգավիճակը կամ ճանաչված լինելն անվտանգության բացարձակ երաշխիք չէ։ Պարզ է, որ եթե ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական ծվատումը մնում է անպատասխան, ուրեմն առավել եւս չճանաչված Արցախի մնացուկների նկատմամբ Բաքուն կարող է հերթական լայնածավալ սադրանքը հրահրել՝ մարդկային եւ տարածքային նորանոր կորուստների գնով։

Ստացվում է՝ անվտանգության միակ իրական երաշխիքը կենսատարածքի պահպանումն է։ Անգամ մեկ թիզ, բարձունք կամ հողակտոր թշնամուն զիջելը մեխանիկորեն ենթադրում է նոր զիջումներ՝ ավելի լկտի եւ խնդրահարույց։ Հայաստանի հարավ-արեւելքում՝ Գեղամասարից մինչեւ Նռնաձոր ձեւավորված նոր առաջնագծի երկայնքով մեկ մեր փաստացի տարածքն օրեցօր փոքրանում է։ Նիկոլ Փաշինյանի իշխանախմբի համար սահմանադրական ամենաբարձր կարգավիճակով օժտված ՀՀ տարածքը ոչ թե գերագույն եւ անսակարկ արժեք է, այլ բանակցության եւ առեւտրի նյութ։ Այս ֆոնին՝ արցախյան հիմնահարցով հնարավոր բանակցություններն անհեթեթ են թվում, քանի դեռ Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ ո՛չ ներպետական, ո՛չ միջազգային մեխանիզմներով։

Թուրքիան եւ Ադրբեջանը թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի վերջին նիստում փաստացի հայտարարեցին Հայոց ցեղասպանության շարունակման իրենց նպատակի եւ այդ ճանապարհին ոչնչի առջեւ կանգ չառնելու մասին։ Հայաստանյան իշխանությունն այսօր նույնիսկ չի խոսում հակամարտության եւ, առհասարակ, Հարավային Կովկասում Թուրքիայի ահռելի բացասական դերակատարման մասին։ 90-ականներից ի վեր Արցախի հարցում որոշակի մասնակցություն ունեցած Անկարան այսօր տարածաշրջանային զարգացումների անմիջական եւ ուղղակի դերակատար է, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, «3+3» ձեւաչափի գաղափարախոս ու առաջ մղող։

Ստացվում է՝ պատերազմի ավարտով էթնոքաղաքական այս հակամարտությունը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլեւ ավելի խայտաբղետ է դարձել՝ ավելացնելով ուղղակիորեն ներգրավված կողմերի թիվը՝ Արցախ, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա։ Այս կոնֆիգուրացիան ամբողջապես փոխում է նախապատերազմյան ամբողջ տրամաբանությունը, եւ արժանապատիվ ու մեղսունակ իշխանություն ունենալու դեպքում հայկական կողմը պետք է հենց դրանից սկսեր իր նոր բանակցային դիրքերի կառուցումը։ Օրինակ, ազատագրված տարածքների զավթմանը, ապա դրանց բնակեցմանը զուգահեռ՝ պաշտոնական Երեւանը պետք է հետեւողականորեն բարձրաձայներ ադրբեջանահայ փախստականների վերադարձի կամ նրանց փոխհատուցման թեման՝ իբրեւ հակամարտության ամբողջական կարգավորման տարրերից մեկը:

Թուրք զինծառայողները տեղակայված են Ակնայում, վարժանքներ են իրականացնում Բերձորում, ականազերծում են Արցախի զավթված տարածքները։ Հայկական կողմը, պարզվում է, ոչ միայն առանձնակի խնդիր չի տեսնում իր սահմաններին Թուրքիայի ռազմականացված ներկայության ամրապնդման հարցում, ավելին՝ պատրաստ է նույնիսկ ուրանալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմատիկան, ընդմիշտ հրաժարվել Թուրքիայից նյութական, տարածքային, բարոյական փոխհատուցման հեռավոր երազանքից։

Դավիթ Սարգսյան