Նավոդկա (հուշում)

Նավոդկա (հուշում)

ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին, մեկ էլ իր համար շատ անսպասելի կերպով  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը 3 հարց տվեց ու խնդրեց պատասխանել կարճ` «այո» կամ` «ոչ»: Հարցերը հետևյալն էին` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում կա՞, արդյոք, ա) ռեպարացիայի (ռազմատուգանքի) հարց, բ) կա՞ արդյոք այսպես կոչված անկլավների վերադարձի հարց,  գ) կա՞ արդյոք Հայաստան ադրբեջանցի փախստականների վերադարձի հարց... Եվ Միրզոյան Արոն, փոխանակ պատասխանելու «այո» կամ` «ոչ», բերանը մի ուրիշ կողմից բացեց, թե պատգամավորն իր այդ հարցերով, ուշադրություն, «նավոդկա» է տալիս հակառակորդին, կամ, եթե կուզեք` թշնամուն:

Քրիստինե Վարդանյանն, իհարկե, շատ լավ պատասխանեց Արարատ Միրզոյանին «նավոդկա» բառի համար, բայց մի երկու բան էլ ես կուզենայի ավելացնել, որպեսզի Արարատ Միրզոյանն այսուհետ այդ բառն օգտագործելիս մի փոքր երկար մտածի:

Եվ այսպես, պարոն Միրզոյան, «նավոդկա» են կոչվում նաև հրետանու մարտկոցին տրվող կորդինատները, որոնք հաշվարկելուց հետո նավոդչիկը զեկուցում է, որ թիրախը ճշտված է: Դրան հետևում է հրամանը` կրաաաակ: Հիմա եկեք տեսնենք, թե հակառակորդին ինչ նավոդկաներ է տվել ձեր թիմի թիվ 1 զույգը: Գաղտնիք չէ, որ թշնամին անվրեպ խփել է այն տեղերին, որտեղ հայտնվել է վերոնշյալ զույգը: Ինչո՞վ բացատրել: Պարել են Շուշիում` Շուշին ընկավ, Սև ջրի կողմերում երևացին` հիմա այնտեղ թշնամին է նստած... Չգիտեմ, Քարվաճառում մի կտոր հաց կերան, ինչ է թե ՀԴՄ չտվին, Քարվաճառն էլ ձեռքից գնաց, Շուռնուխի ադրբեջաներեն անունը հիշեցրեց` Շուռնուխը չկա, Գորիս-Կապան ճանապարհը չկա, Ջերմուկն ու Վարդենիսն են կրակի տակ: Նավոդկան պոզով-պոչով է լինո՞ւմ, պարոն Միրզոյան: Մինչդեռ Քրիստինե Վարդանյանը ձեզնից ընդամենը խնդրեց հերքել այն հայտարարությունները, որ արդեն իսկ արվել են հակառակորդի, եթե դեմ չեք թշնամու կողմից: