Դեպքեր են եղել, որ դիմումատուները մահացել են հաշմանդամության կարգին սպասելով

Դեպքեր են եղել, որ դիմումատուները մահացել են հաշմանդամության կարգին սպասելով

Հիվանդության, վնասվածքի կամ օրգանիզմի ֆունկցիաների այլ կայուն խանգարումների դեպքում անձն ուղեգրվում է բժշկասոցիալական փորձաքննության, կարճ ասած՝ ԲՍՓ: Հենց ԲՍՓ հանձնաժողովն է սահմանում հաշմանդամության խումբը՝ կենսագործունեության տարբեր աստիճանի սահմանափակումների դեպքում, հաշմանդամների համար ապահովում պետպատվերի շրջանակում բուժում ստանալու հնարավորությունը: ԲՍՓՀ-ները միշտ էլ ծանրաբեռնված են աշխատել: Մարդիկ նախկինում էլ բազմաթիվ բողոքներ են ունեցել այս համակարգի հետ կապված, սակայն այսօր այն աղետալի վիճակում է: 

Եթե նախկինում դիմումատուին ընդամենը մեկ շաբաթ էին սպասեցնում, մինչեւ որ հանձնաժողովի նիստ հրավիրեին, եւ ոչ մի ուշացում չէր լինում, ապա պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ այս ժամկետը երկարացվել է, հասցվել 3 ամսվա: «Եղել են ծանր հիվանդություն ունեցողներ, օրինակ, քաղցկեղ, որոնք չեն հասել հանձնաժողովի նիստի օրվան: Մենք զանգել ենք, որ նիստի օրն ու ժամը հայտնենք, մեզ ասել են, որ մարդը մահացել է»,- ասում է սոցծառայություններից մեկի աշխատողը: Սա հեղափոխական կառավարիչների բարեփոխման արդյունքն է: 2019 թվականին նրանք օպտիմալացրին ԲՍՓ-ների համակարգը, բարեփոխեցին: Ներկայացվում էին միայն փոփոխությունների լավ կողմերը՝ մեկ պատուհանի սկզբունք, սայլակների, պրոթեզների եւ այլ պարագաների տրամադրման կարգի հեշտացում, դրանց որակի կատարելագործում: Բայց վատ կողմերը հանրությանը չներկայացվեցին: Փոփոխությունների արդյունքում բազմաթիվ աշխատողներ հայտնվեցին առանց աշխատանքի, ԲՍՓՀ-ները, որոնք առանց այն էլ գերբեռնված էին, ավելի ծանրաբեռնվեցին, երկարացվեց եզրակացություն տալու ժամկետը: 

Երեւանի բնակիչ Հ. Գ․-ն հուլիսին ծանր վիրահատություն է տարել: Նրա որովայնում չարորակ գոյացություն է հայտնաբերվել: Դեկտեմբերի սկզբին դիմել է Շենգավիթի սոցիալական ծառայություն՝ հաշմանդամության կարգ ստանալու համար: Անցել է երկու ամիս: Նրա անունն անգամ համակարգում չկա: «Սկզբում Արտաշիսյան պոլիկլինիկայի օնկոլոգը ձգձգեց, երեք ամիս փաստաթղթերս չէր պատրաստում, հետո էլ՝ սոցիալական ծառայությունը: Ինձ ասում են, որ ինձ հանձնաժողովի հրավիրելու ժամկետը երեք ամիս է, որ իրենք խախտում չեն արել, բայց այս ընթացքում ուռուցքի երկրորդական օջախները շատացել են: Իմ վիճակը շատ է ծանր: Ես չունեմ աշխատանք, չեմ կարող վճարել հետազոտությունների, վիրահատությունների համար, ու սպասելու ամեն մի օրը կյանքիցս է գնում»,- ասում է հիվանդը:

Շենգավիթի սոցիալական ծառայությունում մեզ պատասխանեցին, որ Հ. Գ․-ի փաստաթղթավորման հարցում ուշացում չկա, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է: Հաշվի առնելով հիվանդի վիճակը, նրան հրավիրեցին ԲՍՓ հանձնաժողովի առաջիկա նիստին: Այս քաղաքացու բախտը բերեց, բա մյուսնե՞րը: Մարդիկ ամիսներով սպասում են իրենց հերթին: Բայց հերթը հասնելուց հետո էլ են ժամերով հերթ կանգնում: ԲՍՓՀ անդամներն էլ գերլարված են աշխատում՝ հաճախ մինչեւ ուշ երեկոյան հիվանդների ընդունելով: Ոմանց չեն հասցնում նայել: 
Մալաթիա-Սեբաստիայի բնակիչ Ա․-ն հաշմանդամ է, անկողնային հիվանդ, փաստաթղթերը տվել է, որ պիտի գնա կոնքազդրային հոդերի վիրահատության, բայց փող չունի: Նրան երկրորդ կարգ է հասնում: Կարող է հետազոտությունների համար միայն վճարելով՝ վիրահատության համար պահանջվող վճարից ազատվել: Զանգել-ասել են՝ երկու ամսից շուտ չի լինի, բայց հիվանդի վիճակն օր-օրի վատանում է: 

Երեւանի թիվ 2 ԲՍՓՀ նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Վիկտոր Բաբասյանը օպտիմիզացիայի հետեւանքով կորցրել է աշխատանքը եւ վերադարձել իր նախկին մասնագիտությանը՝ ընդհանուր պրոֆիլի վիրաբույժ է։ «Ամեն ինչի բժիշկ»,- ինչպես ինքն է ասում: ԲՍՓՀ-ների համակարգի բոլոր՝ հին ու նոր խնդիրները նա լավ գիտի: «Երեւանում 4 հատ ԲՍՓ կար, հետո սարքեցին 6, հետո սարքեցին 7, Էջմիածինը միացրին, բայց հիմա մի հատ է կամ երկու հատ:

Բաթոյանի ժամանակ այդ բոլորը վերացրին, երկու ԲՍՓՀ թողեցին քաղաքում, այն էլ՝ սիրողական մակարդակի: Առաջ 3-5 օրվա ընթացքում էին մարդուն կանչում: Կային ԲՍՓՀ-ներ, որոնք ծանրաբեռնված էին, բայց մաքսիմում մեկ ամսվա մեջ դիմումատուին կանչում էին հանձնաժողով: Կառավարության որոշման մեջ գրված է, որ 88 ձեւը, որը որ լրացվում է պոլիկլինիկայում, մեկ ամիս է ուժի մեջ: Իսկ հիմա ոչ մի նշանակություն չունի, նույնիսկ 10 տարի առաջվա 88 ձեւ կարող են տանել լրացնել»,- ասում է ԲՍՓ հանձնաժողովի նախկին նախագահը: Նա հաշվարկել է, որ ԲՍՓՀ բարեփոխումներից հետո 10-15 տոկոսով ավելացել են հաշմանդամության համար բյուջեից կատարվող ծախսերը, ապացուցում է, որ այդ ավելացման պատճառը սխալ օպտիմալացումն է եղել եւ ԲՍՓՀ-ների գերծանրաբեռնված վիճակը:

«Վախենալով, որ սխալ եզրակացություն կանեն հետազոտության սուղ ժամանակի պատճառով, ինչ որ գրված է փաստաթղթերում, հանձնաժողովը առանց պրոֆեսիոնալ փորձաքննության գրում է: Արդյունքում բյուջեի ծախսն ավելանում է»: Իր դատողությունները նա հանձնել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Վերջինս մի տողով պատասխանել է Բաբասյանին, որ իր նշած հարցերը քննարկվում են: Անցել են ամիսներ՝ ոչ մի նորություն «քննարկումից» չկա: Վերադառնալ համակարգ՝ Բաբասյանը չի ուզում: Հիմա գիրք է գրում իր երկարամյա բժշկական պրակտիկայի մասին: 

ՀԳ. ԲՍՓՀ-ների օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձած 53 նախկին աշխատակիցներ դիմել էին դատարան՝ վիճարկելով աշխատանքից ազատման հրամանները, եւ շահել են դատերը՝ ստացել են 6 ամսվա փոխհատուցում: Մի մասը վերականգնվել է աշխատանքում, մյուսները՝ ոչ, հրաժարվել են հետ գնալ համակարգ: