Պատասխան տալու ժամանակը

Հայաստանում քաղաքական իշխանության հրաժարականի եւ իշխանափոխության պահանջները վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում հնչել են անդադար՝ ժամանակ առ ժամանակ ուժգին տարուբերելով իշխանության նավը: Ընտրությունից ընտրություն, հատկապես՝ ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ, այդ պահանջներն ավելի ու ավելի ուժգին են լսվել՝ ուղեկցվելով հասարակական անհնազանդությամբ, ապստամբությամբ, հեղափոխությամբ: Պետության ղեկավարի հրաժարականը եւ իշխանափոխությունը եղել են հանրության մեծ մասի անփոփոխ նպատակը, առանց որոնց Հայաստանում հետագա քաղաքական փոփոխությունները՝ ժողովրդավարական հաստատությունների կայացումը, արտագաղթի, կոռուպցիայի ծավալների նվազումը, Ղարաբաղի եւ ազատագրված տարածքների պահպանումն անհնար էր իրականացնել:
Միաժամանակ, հայկական արատավոր ընտրություններով պետության ղեկավարի հրաժարականի եւ իշխանափոխության հանրային պահանջներն անհնար է եղել իրականացնել: Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում իշխանափոխություն եղել է երեք անգամ. 1998թ., 2008թ., 2018-ին: 1998թ. փետրվարի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տարաձայնություններով՝ Հայաստանում առաջին անգամ իշխանափոխություն տեղի ունեցավ, որը Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը հեղաշրջում է որակում: 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերով Ռոբերտ Քոչարյանից իշխանության փոխանցումը Սերժ Սարգսյանին դժվար է իշխանափոխություն անվանել, թեպետ իշխանության բռնազավթմամբ փոխվել էր պետության ղեկավարը: 2018թ. ապրիլի 23-ին թավշյա հեղափոխության ընթացքում Սերժ Սարգսյանի հրաժարականով եւ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելով Հայաստանում երրորդ անգամ իշխանափոխություն տեղի ունեցավ:
Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում իշխանության համար մղվող դժնի պայքարում ՀՀ խորհրդարանի շենքը եւ ԱԺ ղեկավարները երեք անգամ գրոհի՝ դաժան ծեծի եւ գնդակահարության ենթարկվեցին:
Հրաժարականների եւ իշխանափոխության պահանջներին զուգահեռ, Հայաստանում կարկտաբեր անձրեւի պես տեղացել են նաեւ իշխանության պատասխանատվության ենթարկելու պահանջները: Որքան մեծ է եղել իշխանության ձախողումը, այնքան մեծ է եղել պատասխանատվության ենթարկելու պահանջը:
Միաժամանակ, իշխանափոխության անհնարինությունը նեղացրել է քաղաքական պատասխանատվության հանրային ընկալումը: Հանրության առավել արմատական մասի համար այդ պահանջը հանգել է նախկին իշխանությունների ունեզրկմանը, ազատազրկմանը կամ Ազատության հրապարակում կախաղան բարձրացնելուն: Հայկական միջավայրում քաղաքական պատասխանատվության այլ ձեւակերպումներ, ըստ էության, չեն եղել:
Հայաստանում իշխանության պատասխանատվության քաղաքական ավանդույթներ այդպես էլ չեն ձեւավորվել: Հեռացող իշխանության պատասխանատվության խնդիրը դարձել է այն քարը, որին անվերջ գայթել է թե՛ Հայաստանի հանրությունը եւ թե՛ քաղաքական փոփոխությունները:
Ղարաբաղյան Շարժման՝ իշխանության անցնելուց հետո նախկին՝ Կոմունիստական կուսակցության քաղաքական գնահատականի եւ պատասխանատվության հարցն ի սկզբանե գիտակցաբար անտեսվեց Շարժման ղեկավարության կողմից՝ երկրում կայունության եւ հասարակական համերաշխության պահպանման պատճառաբանությամբ: Կոմկուսի քաղաքական պատասխանատվության հարցն այդպես էլ չլուծվեց՝ տեւական ժամանակ մնալով քաղաքական օրակարգում:
ՀՀ նախկին երեք նախագահների եւ նրանց քաղաքական թիմի պատասխանատվության խնդիրը եկավ-հասավ 2018թ. հեղափոխությանը: Նիկոլ Փաշինյանը այդեւայլ բոլոր խնդիրները փառահեղորեն տապալեց, թեպետ նա ոչ այնքան քաղաքական պատասխանատվության խնդիր էր լուծում, որքան ընտրովի անձնական արդարադատություն էր փորձում իրականացնել:
Իշխանության պատասխանատվության ենթարկելուց առաջ, իշխանությունը ստանձնելով՝ հարկ էր ուսել նաեւ քաղաքական պատասխանատվության ծանր բեռը: Իշխանության պատասխանատվության եւ իշխանություններին պատասխանատվության ենթարկելու խնդիրները թեպետ խիստ փոխկապակցված են, սակայն հայկական միջավայրում առաջինը՝ իշխանության պատասխանատվության խնդիրը, նույն իշխանությունների կողմից գիտակցաբար անտեսվում է: Իշխանության պատասխանատվության եւ իշխանություններին պատասխանատվության ենթարկելու խնդիրները նույն գետի երկու տարբեր մեծ վտակներն են, որոնք թեպետ տարբեր ուղղություններով են հոսում, սակայն ի վերջո պետք է թափվեն հանրային մեծ վերահսկողության եւ հաշվետվության նույն ծովը:
Աշխարհում բացարձակ միապետությունների տապալումից հետո իշխանության պատասխանատվության խնդիրը փոխակերպվել է: Միապետը համարում էր, որ գահը ստացել է Աստծուց եւ պատասխանատու է միայն Բարձրյալի առջեւ: Եվրոպայում հեղափոխությունների հաղթանակից հետո իշխանության քաղաքական պատասխանատվության հարցը փոխվեց. իշխանությունը փոքր կամ մեծ չափով պատասխանատու էր հանրության առջեւ:
Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հանրության առջեւ ամբողջովին բաց, հաշվետու եւ պատասխանատու լինելու խոստումներով, նախկին իշխանություններին քաղաքական պատասխանատվության հանրային պահանջներով, սակայն թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց հագավ միապետի ծիրանին եւ պարուրվեց քաղաքական բացարձակ անպատասխանատվության քղամիդով: 2020թ. Հայաստանի համար աղետալի իրադարձություններից հետո նա իրեն այդպես էլ պատասխանատու չի համարում սոսկալի պարտությունների, Հայաստանի անկախ պետականության անկման համար, թեպետ գլխավոր պատասխանատուն հենց ինքն է: Քաղաքական անպատասխանատվության եւ իշխանության պահպանման մոլեգին ձգտումների այս պայմաններում Փաշինյանն իր անմիջական նախորդների նման արհամարհում է իր հրաժարականի եւ իշխանափոխության պահանջները, որոնք այժմ անապատի ուղտի պես չոքել են նրա դռանը: Քաղաքական պատասխանատվության չենթարկվելու դեպքում առաջ է գալու իրավական պատասխանատվության խնդիրը:
Միաժամանակ, իրավական պատասխանատվությունը չպետք է ենթարկվի օրվա քաղաքական կոնյունկտուրային, այլ արդարության, օրինականության հաստատմանը եւ անպատժելիության վերացմանը: Պատասխանատվության հերթն այժմ Փաշինյանինն է: Նա պետք է պատասխան տա՝
• 2018թ. հայկական հեղափոխության յուրացման եւ հեղափոխության մսխման համար
• քաղաքական վերափոխումների՝ հանրության հույսերի փոշիացման համար
• կադրային ձախավեր քաղաքականության իրականացման համար
• Սահմանադրության անտեսման եւ միանձնյա որոշումներ կայացնելու համար
• ազգային կրթությունը հիմնաքանդելու համար
• պետական շինարարությունը տապալելու համար
• դիվանագիտության լայնածավալ ձախողման համար
• կեղծ ու վտանգավոր պացիֆիզմի քարոզչության եւ պատերազմին անպատրաստ լինելու համար
• պատերազմի ընթացքում պետության հանցավոր անփութության եւ անկազմակերպվածության համար
• Ղարաբաղի, ազատագրված տարածքների եւ մարդկային կորուստների համար
• Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությունը վտանգելու համար
• քաղաքական կարճամտության հետեւանքով մեր երկիրը ռուս-թուրքական դավադրությանը զոհաբերելու համար
• Հայաստանը աշխարհաքաղաքական փոս հրելու համար
• Հայաստանի սահմանները փոփոխել-կրճատելու համար
• Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության փլուզման համար:
Նիկոլ Փաշինյանը պատասխան է տալու՝
- իր խղճի առջեւ
- ժամանակակիցների առջեւ
- պատմության առջեւ
- Բարձրյալի առջեւ:
Նիկոլ Փաշինյանի երկրային մեղքերը շատ են, որոնք այժմ գումարվել են Հայաստանի նախկին կառավարիչների մեղքերին՝ մեր երկիրը ֆիզիկական ահռելի եւ խոր փոս հրելով: Իշխանությունների անպատասխանատվության այս շարունակ ընդարձակվող օվկիանոսում Հայաստանի պետականության նավն այժմ հայտնվել է Բերմուդյան վտանգավոր եռանկյան՝ «դժոխքի օղակի» մեջ: Հայաստանն ու հայ ժողովուրդը ՀՀ Անկախության 3-րդ տասնամյակը դիմավորում են ծանր սրտով, կորուստների ահռելի բեռով, հրաժարականի պահանջներով եւ իշխանությունից չհեռացող հերթական քաղաքական ղեկավարով:
Կարծիքներ