Հայաստանի հիմնախնդիրը «Կյանքի պուրա՞կն է», թե՞ այդ կյանքի իրավունքի ապահովումը 

Հայաստանի հիմնախնդիրը «Կյանքի պուրա՞կն է», թե՞ այդ կյանքի իրավունքի ապահովումը 

«Այս 3 օրերն ինձ վերստին վերադարձրեցին 2020 թ-ի պատերազմի ժամանակաընթացին եւ զգացողություններին, որ Հայաստանում շարունակում է տեղի ունենալ պետականության չարչման եւ ըստ էության, ազգային կառույցների ոչնչացման անշեղ գործընթացը,-իր խոսքում նկատում է ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանն ու հավելում,- Ընդ որում այդ ամենը կատարվում է աբսուրդի, ծուռ հայելիների թագավորությունում, երբ իրականությունում տեղի են ունենում շատ կարեւոր ու վտանգավոր դեպքեր, ինչպես այս եռօրյա հարձակումն էր, որը, ըստ Արցախի իշխանությունների դադարեցվել է` մեր կողմից որոշակի զիջումներով եւ ժամանակընթացով, որ մինչեւ սեպտեմբեր մենք պետք է դատարկենք Բերձորը, Աղավնոն, բայց դրանով չի սահմանափակվում ադրբեջանցիների նախանշած պնդումների շրջանակը: Այսինքն ոչ մի հարց չի լուծվել եւ կատարվել է ընդամենը մասնակի կայունացում` զոհերից եւ շատ վտանգավոր իրադարձություններից հետո»:

Ն. Դիլբարյանն անդրադարձավ նաեւ քիչ առաջ Կառավարության նիստում արձակուրդից վերադարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքին. «Քիչ առաջ մենք լսեցինք կառավարության նիստում վարչապետի պնդումը, թե այս օրերին սոցցանցերում գրում են` մի նախարար կերավ մի փոխնախարարի եւ կառավարությունը դա թաքցրել է..., եթե դա հումոր է, ապա շատ` տարօրինակ, որովհետեւ արդեն 3 օր է սոցցանցերում գրվում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները հետեւողականորեն հուդայական վարքագիծ են որդեգրել եւ ոչնչով չեն զբաղվում, բացի կեղծ եւ սին խաղաղության պայմանագրերի եւ Արցախի դելիմիտարիզացիայի պնդումների քննարկումներով: Հավանաբար, վարչապետն այլեւս չի ծանոթանում ժամանակին իր սիրելի գործիք` սոցցանցերի իրական պնդումներին կամ իրեն հատուկ չեն զեկուցում եւ նա ապրում է բոլորովին այլ աշխարհում»:  

Կառավարության այսօրվա նիստում քննարկված օրակարգային հարցերը եւս զարմացրել են Դիլբարյանին. «Այսօր իմացա, որ Կառավարության հիմնանպատակներից մեկը Երեւանի Բուսաբանական այգում` 30 ամայի հեկտարների վրա «Կյանքի պուրակի» ստեղծումն է, որտեղ ընտանիքները պետք է գնան հանգստանան: Սա արդեն քրեական աբսուրդի ժանրից է, հիմա Հայաստանի հիմնախնդիրը «Կյանքի պուրա՞կն է», թե՞ այդ կյանքի իրավունքի ապահովումը: Ընդ որում, որպես ՀՀ քաղաքացի, պետք է տագնապով արձանագրեմ, որ մենք ոչ միայն ձերբազատվել ենք հայության մի հատվածի` 2-րդ հայկական պետականության խնդիրների լուծումից եւ ամեն ինչ դնում ենք Ռուսաստանի վրա, որը, ցավոք, միակ պետությունն էր, որ խաղաղապահներ է տեղակայել Արցախում, ի դեպ, որի մանդատն էլ այս հարցում շատ անհասկանալի է, դեռեւս չհստակեցված եւ Ադրբեջանի կողմից չճանաչված: Այսօր հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով է, որ Արցախում ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների միայն մեկ պետության` Ռուսաստանի խաղաղապահներն են այնտեղ տեղակայված` առ այսօր չհստակեցված մանդատով, որովհետեւ ինքն է ամեն Աստծու օր զանգահարում Վլադիմիր Պուտինին եւ մինչ այդ էլ ինչ որ բաներ պայմանավորվում, որոնք ընդհանրապես չեն գործում, փոխարենը` գործում են միայն Ադրբեջանի շահերը սպասարկող կետերը: Դրա մասին ոչ ոք ոչ մի ձայն չի հանում»:

Ըստ Դիլբարյանի անորոշ էր նաեւ նախօրեին ԱԳՆ հայտարարությունը, հատկապես միջազգային ինչ որ մեխանիզմներ գործարկելու մասով. «Երեկ ԱԳՆ-ն հայտարարեց, որ միջազգային ինչ որ մեխանիզմներ է ներդնելու, բայց թե ի՞նչ մեխանիզմներ են դրանք եւ ինչո՞ւ կառավարության նիստում հոդաբաշխ մի բացատրություն չտվեցին դրա մասին, այն դեպքում, որ ստանում են աշխատավարձ, պարգեւավճար, բայց չեն զբաղվում պետության կառավարմամբ, չեն ապահովում հայ բնակչության անվտանգությունն ու ապրելու իրավունքը: Դրա փոխարեն կեղծ հարցադրումներ են առաջ քաշում եւ քննարկում են կյանքի պուրակների մասին, մարդկանց կյանքի հիմնարար իրավունքները ապահովելու փոխարեն զբաղված են դրա անմեղսունակ նմանակմամբ: Որպես հայ մարդ, ամաչում եմ, որ այս 30 տարիների ընթացքում ոչ միայն չկարողացանք պետությունը ամրակայել, այլ այսօր այդ պետությունը ոտնակոխ ենք անում եւ վտանգել ենք մեր քաղաքացիների ապրելու, կյանքի իրավունքը»: