Մեզ պե՞տք է ինքնիշխանություն

Մեզ պե՞տք է ինքնիշխանություն

Մեկ-մեկ կասկածում եմ, թե ճիշտ էր, արդյոք, Արամ Մանուկյանի կողմից 100 տարի առաջ այս տարածաշրջանում կուտակված հայության կազմակերպումն ու թուրքերին հակահարված տալը: Որովհետև դրա արդյունքում մենք ձեռք բերեցինք պետականություն, ինչին բացարձակ պատրաստ չէինք (ինչպես երևում է՝ այսօր էլ պատրաստ չենք): Իհարկե, առանձին անհատներն իրենց կյանքն էին զոհում հանուն պետության կայացման, բայց դա տեղի էր ունենում ժողովրդի մեծամասնության բացարձակ անտարբերության ֆոնին: Էլ չեմ ասում նույն այդ ժողովրդի՝ կազմավորման ընթացքում գտնվող պետության թիկունքին հարվածներ հասցնելու մասին: Դրա վերաբերյալ հսկայական փաստեր է հավաքել քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: Այդ ամենի մասին կարող եք ծանոթանալ նրա «Վերելք» տեսաշարի նյութերից: Բայց դրանից 100 տարի անց՝ պետություն ունենալու պայմաններում էլ իշխանություն ունենք՝ Աստված հեռու պահի: Անավարտ պատերազմի պարագայում որոշում է արտաքին քաղաքական ուղղվածություն փոխել՝ խաղալով պետության անվտանգությունը երաշխավորող դաշնակցի հեղինակության հետ՝ դրդելով նրան թշնամանալ: Ու դրանով էլ հենց սեփական պետության անվտանգության հետ խաղալով: Եվ փոխանակ դա մերժվի ողջ գրագետ հասարակության կողմից՝ գտնվում են առանձին խմբեր, որոնք ոչ միայն ողջունում են տեղի ունեցածը, այլև պահանջում են դրա արագացումը: Նույնիսկ մեղադրում են, որ իշխանության կողմից շատ քիչ բան է արվում այդ ուղղությամբ:

Դե, իսկ եթե իշխանությունը խաղում է այդ խաղը՝ խաղալով երկրի ճակատագրի հետ, ապա կգտնվեն պետություններ, որոնք կփորձեն դիրիժորություն անել այդ խաղում: Ինչը բնական է՝ եթե Հայաստանի իշխանությունը չի ընկալում իրական վտանգներն ու սպառնալիքները, ապա ինչո՞ւ պետք է դա չօգտագործվի այլոց կողմից՝ սպասարկելու սեփական շահերը: Լինեն դրանք մեզ թշնամի Ադրբեջան ու Թուրքիա կամ երևութապես բարեկամ Ֆրանսիա, ԱՄՆ թե մեկ այլ արևմտյան պետություն: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, օրինակ, համարում է, որ Ռուսաստանը խնդիր է դրել մեր տարածաշրջանում ապակայունացնելու իրավիճակը: Եվ դրա համար հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Թուրքիայի մասնակցությամբ (մեկ այլ տեղ կարդացի մեղսակցությամբ) խաղում է Ադրբեջանի խաղը, որպեսզի թուլացնի Հայաստանը: Քանի որ պարոն Մակրոնը հաստատ նիկոլապաշտ անուղեղներից չէ, ապա ենթադրելի է, որ նա խաղում է կեղտոտ մի խաղ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին այստեղից հեռացնելը, և մեծ հաշվով թքած ունենալով Հայաստանի վրա: Ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիայի 12-րդ նախագահ Ալեքսանդր Միլերանը (1920-1924), որի օրոք, հայ զինվորներով և ֆրանսիացի սպաներով համալրված՝ Հայկական լեգեոնի կողմից ազատագրված Կիլիկիան, 1921 թ.-ի հոկտեմբերի 20-ի գաղտնի համաձայնագրով հանձնվեց Թուրքիային: Իսկ եթե դա այդպես չէ, ապա պետք է ենթադրել, որ ռուսատյացությունը ոչ միայն Հայաստանում է մարդկանց զրկում բանականությունից, այլև Արևմուտքում:

Առողջ բանականությանը հարիր և շատ ավելի գրագետ խաղ է անում ամերիկյան կողմը՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելի շուրթերով հայտարարելով, թե չի տեսնում ռուսական կողմից հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին աջակցելու որևէ ջանք: Եթե հայտարարությունը դիտարկենք ընդհանրապես, ապա կստացվի, որ երբ իրեն անհրաժեշտ է՝ Արևմուտքի ամենահզոր պետությունը կորցնում է տեսողությունը՝ լինի դա թշնամու ագրեսիվ դրսևորումների, թե հակամարտության կարգավորմանը ռուսական մասնակցության առումով: Բայց եթե խնդրին նայենք ոչ թե կարգավորմանն ընդհանրապես ռուսական մասնակցության, այլ հենց կոնկրետ ԱՄՆ-ի հետ աշխատելու առումով, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը:

Փաստորեն, Նիկոլի միջոցով Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության փոփոխության շնորհիվ Ռուսաստանի ձեռքից խլելով հակամարտության կարգավորման նախաձեռնությունը՝ ԱՄՆ-ը միաժամանակ արձանագրում է Մինսկի խմբի համանախագահության ռուսական կողմի հրաժարումը խաղալ ամերիկյան առաջնայնությամբ: Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին բնական է, որ ամերիկյան լրագրողները չպետք է հարցնեին, թե ինչու պետք է Ռուսաստանը մասնակցի կարգավորման գործընթացին երկրորդ համարի ներքո: Հատկապես, որ ինքն է վճռորոշ ներդրում ունեցել 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու, գերիների առաջին մի քանի խմբին վերադարձնելու և այլ հարցերում: Եվ ամենակարևորը՝ արցախահության անվտանգությունը լավ թե վատ ապահովելու հարցում: Պարզ է, որ Ռուսաստանը կփորձի պահպանել նախաձեռնությունը, ինչի վկայությունն է Պուտինի կողմից Նիկոլին ու Իլհամին հերթական անգամ Մոսկվա հրավիրելը:

Հասանք հայաստանցիներին: Ինչպես միամիտ էր մեր ժողովուրդը 1988 թվականին, երբ «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոս էր բարձրաձայնում, այնպես էլ մնաց միամիտ ավելի քան 30 տարի անց: Ո՛չ հաղթանակները նրան իմաստուն դարձրին և ո՛չ էլ դառնություններն ու պարտությունները:

Ուրախանում է Ֆրանսիայի նախագահի կամ ամերիկյան կոնգրեսմենի հայանպաստ մեկ-երկու խոսքից՝ թե լսեցի՞ք ինչ ասաց սա կամ նա: Բայց որ այդ հայտարարությունն ընդամենը օդի տատանում է, և դրան չի հետևում առարկայական որևէ գործողություն՝ դա արդեն էական չէ: Կամ որ Հայաստան են գալիս կոնգրեսմեններ, որոնց նպատակը ոչ թե առարկայական ինչ-որ հարց լուծելն է, այլ ս. թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությանը ամերիկահայերի քվեներ ստանալն է: Նույն վերաբերմունքն է առկա Նիկոլի կամ նրա մանկլավիկների խոսքի կա՛մ պահվածքի և կա՛մ նույնիսկ հայացքի առումով: Կարծես Ս. Լավրովին խեթ նայելով կամ ինչ-որ բան ասելով լուծվում է Արցախը պահպանելու կա՛մ գերիներին ադրբեջանական բանտերից ետ բեռրելու և կա՛մ ադրբեջանցի զինվորներին ՀՀ տարածքից հեռացնելու խնդիրը: Էլ չասած Արցախի կարգավորման մասին: Մարդ ուղղակի զարմանում է, թե ինչ մեծ ազդեցություն ունեն մեր ժողովրդի նույնիսկ գրագետ հատվածի վրա նման երկրորդական-չորրորդական երևույթները:

Հ. Գ. Ի դեպ, չեմ կարող չհիշատակել, որ նույնիսկ կոնգրեսականների այցն այստեղ իշխանության կողմից ներկայացվում է որպես ՀՀ դեսպան Լ.Մակունցի աշխատանքի արդյունք, և դա մարդիկ ընդունում են նորմալ: Կարծես թե հենց այդպես էլ կա և այդպես էլ պետք է լիներ: