Էլիզա Մխիթարյան. Կա

Էլիզա Մխիթարյան. Կա

Նախաբանի փոխարեն

Մենք բաժանվեցինք անփույթ, ավարտվեցինք աղաղակով, բայց մոտենալ ինձ քեզ կարելի է։

Գայթակղության թմբիր

- Եթե վայրի գազաններն առաջացել են մարդուց առաջ, ուրեմն երեւի ավելի խելացի են։ 
- Եթե վայրի գազաններն առաջացել են մարդուց առաջ, ուրեմն երեւի ավելի հաջողակ են։ 

Կ-ն, որին երկրորդ անգամ շնորհեցին կյանք, ծնված օրվանից վիճում է։ Վիճում է, որովհետեւ պարզել չի կարողանում՝ լավ է, երբ քեզ մոռանո՞ւմ են, թե՞ սպանում տողի վերջում։ Ճիշտը ո՞րն է՝ երբ ստիպվա՞ծ ես, թե՞ երբ վիճակված է։ 

- Աստված առաջինը երկրի վրա ստեղծեց նրանց, ում ավելի շա՞տ էր սիրում,- հարցրեց Կ-ն։ 
Տարօրինակ է, որ Կ-ն նախորդ կյանքում պատասխան լինելուց հետո հիմա հարցեր է տալիս։ 
- Ես կարծում եմ, որ, ամեն դեպքում, վայրի գազանների բախտը բերել է, եւ նրանց ոչինչ էլ վիճակված չէր,- պնդեց Կ-ն,- հիանալի է ծնվել բնության կամոք ու մեռնել ըստ անհրաժեշտության,- ավելացրեց նա:

Լսվող ոտնաձայները լռեցրին Կ-ին։ Նա թաքնվեց, որովհետեւ երկրորդ անգամ տրված կյանքը չեն վիճարկում, որովհետեւ երկրորդ անգամ տրված կյանքը ո՛չ պարգեւ է, ո՛չ էլ հնարավորություն, այն ակնկալիք է, որ Աստված շտապել է հանձնել եւ հույս ունի, որ ոչ ապարդյուն։ 
- Աստված հույս ունի,- կրկնեց Կ-ն ու դուրս եկավ թաքստոցից՝ ընդառաջ գնալով ոտնաձայներին։

Հանդարտ քրոնիկոն

Քանիցս լսել եմ, որ զոհ են այն կանայք, որոնց լքում են, բայց մի՞թե այդքան հեշտ է գտնել կնոջ աքիլեսյան գարշապարն ու լքել նրան։ 

Եվ, ի վերջո, եթե թողության հերթական վարկած է այն, որ Բիբլիայում հիշատակվող կանայք վերածնվում են միայն այն ժամանակ, երբ տղամարդիկ խելագարվում են առանձնության ձայնից, ուրեմն ես հրաժարվում եմ հավատալ այն կեցությանը, որտեղ քարոզում են մշտնջենական, անառարկելի սեր։

Ինչ-որ տեղ դու համոզված ես, որ սերն ունի անձեռագործ բունակներ, բայց փնտրել չես ուզում, որովհետեւ գուցե քեզ հասանելի չէ այդ վայրն այնպես, ինչպես բարդ գրականությունը, որ տրված է կարդալու քչերին, հասկանալու՝ գուցե ոչ ոքի։ 

Բայց որեւէ բան ավարտին հասցնելը, այնուամենայնիվ, կնոջ բարեհաճությունն է՝ գայթակղել խոսքով, ներել առանց բառի, մոռանալ արագ կամ երբեք։ 

Թողության վարկած

Մի Աստծո պաշտելն ավելի հեշտ է, ինչպես, օրինակ, մեկ կին ունենալը։ 
Բայց կին չունենալն ավելի հեշտ է, չէ՞։ 

Օրինակ՝ եթե դու ամուսնացած չես ու կին չունես, կարիք չկա որեւէ մեկին անպայման հաճոյանալու, ինչպես, օրինակ, եթե բազմաստվածությունը փոխարինվեր չաստվածությամբ, կարիք չէր լինի աղոթքին ժամանակ տրամադրելու։ 

Անկեղծ եղե՞լ եք ինքներդ ձեզ հետ, աղոթելիս երբեք չե՞ք բռնացրել ձեզ այն մտքի վրա, որ հիմա դա անում եք առանց գիտակցելու՝ հաճոյանալու համար, անում եք դա՝ ամեն դեպքում, որ եթե հանկարծ պարզվի, որ Աստված կա, դուք աղոթած լինեք նրան։ 

Եթե մի օր, դե՝ մարդ ես, իսկապես գա ահեղ դատաստանի օրը, ասելիք ունենաք, ցույց տալու մի բան, որ, հա՝ կիրակիները եկել եք, աղոթել եք…

Իսկ եթե անկեղծ, ես խորտակվել չգիտեմ։ Դա ինձ սովորեցրել է մայրս՝ նախքան ծնվելս, մակթուբ:
Մեռնե՞լ․ հա, զգացել եմ։ Լինել չլինելու եզրի՞ն․ հա, զգացել եմ։ 

Քեզնից հետո ամեն ինչ զգացել եմ, համոզվել՝ Կաֆկայի հերոսը չի մեռել, Կաֆկայի հերոսի կյանքը զգում եմ այնքան շոշափելի, որքան չգործած մեղքը: Չգործած, Կ: Իսկ կախյալ բարկությունս սպիտակ է կրկին, որովհետեւ չավարտված կեսօրն ընտրության լավ ժամանակ է` լինելու ինքդ քեզ ավելի մոտ, ինքդ քեզ ավելի հարազատ, ինքդ քեզ ամենայն ապավեն:

Կա

Վախի ատյանում կանգնածը գոյության սովն է, որը նախորդ կյանքում մի հոյակապ ապարանք էր, նյութ՝ մարդկության համար խիստ սիրելի։ Բայց այն ժամանակ պատկերացնել անգամ հնարավոր չէր, որ հատուցումը, գրքերում հաճախ հանդիպող բառից բացի, մի օր կդառնա անխուսափելի կեցություն, որտեղ կշարունակեն լինել խելացի կանայք եւ նրանց խոսքին ականջ չդնող տղամարդիկ։ Բանաստեղծությունն էլ վաղուց անառիկ ամրոց չէ, իսկ բառի գահավիժումն այդպես էլ չկանխատեսեց եւ ոչ մի պոետ․ ո՛չ նրանք, որոնց մասին հետո պիտի չխոսեին, ո՛չ էլ նրանք, որ միամտորեն կարծում են, թե այն, ինչի մասին գրում են, նախկինում ոչ ոք չի մտածել։ Բացառիկության մոլուցք։ Իսկ ատենարանի պատերը շարունակում են քանդվել․ ամբոխը կարծում է՝ ինքնության պաշտպանությունն այնքան էլ համոզիչ չէ։

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ