Հայի համբերությունը թել չէ, պարան է․․․

Հայի համբերությունը թել չէ, պարան է․․․

Պարույր Սևակը երևի այսօրն է նկատի ունեցել․

«Եթե Համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից»:

Այսօր թվում է թե հայի համբերությունը սպառվել է։ Մարդիկ ուժասպառ են եղել, ստից, կեղծիքից դավաճանությունից, կեղծ խոստումներից, անապագա ապագայից, իրենց ընտրածից, իրենց չընտրածից, ամեն ինչից, բոլորից․․․  Համբերությունն էլ սահման ունի,  բարակում է թելը, մաշվում ու կտրվում։ Բայց Սևակն ասում է, որ հայի համբերությունը պիտի պարան կոչվի։ Եվ այդ պարանը պիտի հյուսված լինի մեր մկաններից ու ջղերից։ 
Հինգերորդ տարին է արդեն մենք համբերում ենք՝ մեր ջղերի, ներվերի հաշվին։ Համբերել ու չենք պատկերացրել, որ մի օր կարող ենք վեր կենալ ու լսել, որ Արցախ չկա։ Համբերել ու չենք պատկերացրել, որ մի օր կարող ենք վեր կենալ ու իմանալ, որ  թշնամին բազմած է ՀՀ սուվերեն տարածքում ու կարևոր ռազմավարական դիրքերը վերցրել է։ 

Մեզ արդեն թշնամու երախին են մոտեցնում։  Մեզ կլանելն արդեն կոկորդային զկրտոցի մի քայլ է։ Եվս համբերության մի ակնթարթ, ու մենք կուլ կգնանք՝ մեր մկաններով ու նյարդերով։ Խաղաղ ապրելու համբերատար դասերով մեզ այս իշխանությունն ուղեկցում է թշնամու երախ։ Բաց երախով թշնամի ու մեզ երախ ուղեկցող իշխանություն։ Որի՞ց առաջնայինը ազատվել՝ մեզ թշնամու  երախ  քարշ տվողի՞ց, թե թշնամուց, որ երախը բաց սպասում է։ Անգամ սևակյան պարանից հյուսված համբերությունը սպառվել ու մեզ դեմ է գործում․․․ Մեր նյարդերից հյուսված համբերությունը սպառվել է։ Ու ամեն օրը մեզ մոտեցնում է թշնամու  բաց երախին։