Վախենում են ուսանողության ցասումից, դրա համար էլ շանտաժը ուսանողների դեպքում չգործեց. Մարկոսյան

Վախենում են ուսանողության ցասումից, դրա համար էլ շանտաժը ուսանողների դեպքում չգործեց. Մարկոսյան

«Հասարակ քաղաքացուն պարտադրում են պատվաստվել, իսկ պետական պաշտոնյաներին՝ ոչ։ Հասկանու՞մ եք, որ սա արդեն բավարար հիմք է, որպեսզի քաղաքացու մոտ արթնանա ինքնասիրության զգացողությունը»,- այս մասին քիչ առաջ Առողջապահության նախարարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավաբան Էմիլ Մարկոսյանը։

Հիշեցնենք՝ մի խումբ քաղաքացիներ՝ Առողջապահական հասարակական կազմակերպության անդամներ ու տարբեր մասնագիտությունների տեր անձինք, բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով N65-Ն հրամանը անվավեր ճանաչել, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ին բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն: 

«Քաղաքացին պիտի ոտքի կանգնի ու հարց տա՝ լավ, ինչու նա՝ ոչ, ես՝ այո։ Մեզ, ինչպես տեսնում եք, այդպես էլ չեն ընդունում, որովհետև մենք ճիշտ ենք, իրենք՝ սխալ։ Իրենք վախենում են անգամ իրենց քաղաքացու աչքերի մեջ ուղիղ նայել։ Պարտադիր պատվաստվելը ո՞րն է։ Մենք չենք ասում՝ թող չպատվաստվեն, ասում ենք՝ մի ստիպեք մարդկանց։ Շանտա՞ժ են անում, բա էդ շանտաժը ինչու ուսանողների դեպքում չգործեց, որովհետև վախեցան ուսանողության ցասումից։ Սա հետո արդեն ուսանողության վրա էլ է ազդելու, դրա համար նրանց էլ եմ ասում՝ հիմիկվանից ոտքի կանգնեք։ Հիմա այսպես մաս-մաս են անում, որպեսզի շատ մեծ ցասում չբարձրանա։ Այս առողջապահության նախարարությունից ամեն ինչ սպասել է։ Սրանք ուզում են ցույց տան, թե մենք մտահոգ ենք և այլն, բայց ես անձամբ տեսել եմ նրանց մտահոգության աստիճանը, հասկացել եմ այդ աստիճանը, երբ տոպրակների մեջ տեսել եմ մեր զոհված տղերքին։ Այդ դեպքից հետո մենք իրենց մտահոգությունների մասին ընդհանրապես չենք էլ ուզում լսել»,-պնդեց Մարկոսյանը։