Տավրոս Սափեյանը խախտում է կատարել. հարուցվել է վարույթ

Տավրոս Սափեյանը խախտում է կատարել. հարուցվել է վարույթ

Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը թույլ է տվել խախտում։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի կայքից։

«Տավրոս Սափեյանի հետ փոխկապակցված անձանց Էդիկ Սափեյանի եւ Ժորա Սափեյանի բաժնեմասնակցությամբ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ֊ի հետ իրականացված գնման գործընթացի արդյունքում 2023 թվականի ապրիլի 5֊ին, պայմանագրի կնքմամբ, Տավրոս Սափեյանն իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն (անգործություն) , որն առերեւույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, մինչդեռ, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, այդ մասին գրավոր հայտարարություն չի ներկայացրել հանձնաժողով, այդ կերպ թույլ տալով խախտում»-տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Հանձնաժողովն որոշել է հարուցել վարույթ`վարչական իրավախախտման վերաբերյալ։ 

Նշենք, որ նախորդ տարի մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ 
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն 2023֊ին  երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ։ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ Ընդ որում, այդ երկու մրցույթների ժամանակ նա միակ հայտատուն է եղել։ Տավրոս Սափեյանը հորեղբոր՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Ժորա Սափեյանի հետ պայմանագրերից մեկը կնքել է 2023թ․ հունվարի 3-ին, մյուսը` ապրիլի 5–ին։