Մուրճն ի՞նչ եղավ 

Մուրճն ի՞նչ եղավ 

Կարելի է 3 տարի շարունակ հայհոյել ու վիրավորել, թշնամանք ու պառակտում սերմանել, մուրճ ու պողպատ խաղացնել, ստել ու մանիպուլացնել հանրությանը, սպառնալ ու հիստերիայի մեջ ընկնել, եւ այդ բոլորը հանուն մի նպատակի՝ վերարտադրվելու ու իշխանությունը պահպանելու համար։ Իսկ հետո՝ երբ կստանաս քեզ անհրաժեշտ քվեների քանակը, այն բոլորին, ում վիրավորել ու սպառնացել ես, դատարաններով ու քրեական անհիմն մեղադրանքներով տանջել, վիրավորել նրանց արժանապատվությունն ու վարկաբեկել, նվաստացրել ու հետապնդել, կարող ես նաեւ հաշտության առաջարկ անել, հրավիրել համագործակցության, հայտարարել, որ որոշել ես համերաշխության մթնոլորտ ձեւավորել երկրում։

Իհարկե, դիմացինները կարող են նաեւ մեծահոգի լինել, երկրի ու պետականության զգացում ունենալ եւ գիտակցել, որ հանրային պառակտումը վնասում է մեր ժողովրդին ու պետությանը։ Կարող են նաեւ ներել իրենց դեմ արված բոլոր նենգ ու տգեղ քայլերը, դրանք վերագրել անփորձությանն ու անհավասարակշիռ պահվածքին։ Եվ ընդունել իրենց պարզված ձեռքը՝ հանուն պետության եւ ժողովրդի։ Բայց արդյո՞ք այդ առաջարկն անկեղծ է, եւ արդյո՞ք մի քանի ժամից առաջարկ անողը չի մտքափոխվելու եւ պատերազմի կացինը նորից ձեռքը չի առնելու։

Արդյո՞ք 3 տարի չարություն եւ ատելություն սփռած անձը, որի քայլերի մեջ դժվար է եղել տրամաբանություն, պետության ու հասարակության հանդեպ հարգանքի նշույլ գտնել, կերպարանափոխվել է՝ կրկին իշխանություն ստանալով։ Եվ արդյո՞ք այս ընտրությունները մեզ մոռացնել են տալու մեր զոհերն ու կորուստները, պետության ղեկին կանգնածների սխալներն ու հանցանքները, ապաշնորհությունն ու տգիտությունը։

Արդյո՞ք ինչ-որ ժամանակ անց այս նույն մարդիկ մեզ նոր փորձանքներ ու աղետներ չեն բերելու։ Սա է գլխավոր հարցը։