Չար եւ տգետ

Չար եւ տգետ

Նախօրեին հայտարարված փաստը՝ ՔՕ 137.1՝ ծանր վիրավորանքի հոդվածից հրաժարվելու մասին, բավարար էր, որ մենք վերջնականապես համոզվեինք այս իշխանությունների վնասարարության ու անմեղսունակության մեջ։ Մի ամբողջ տարի ահռելի ռեսուրսներ են ծախսվել այս հոդվածի ընդունման եւ կիրառման վրա, դեմոկրատիայից հսկայական հետընթաց է կատարվել, Սահմանադրական դատարանին ստիպել են ապօրինի որոշում կայացնել՝ այն օրինական ճանաչել՝ հեղինակազրկվելու գնով, հիմա՝ մեկ տարին չլրացած, հրաժարվում են դրանից։ 2021-ին, երբ ՔՊ ուսապարկերը ոգեւորված քննարկում էին այս հոդվածի ներդրման հարցը եւ ձեռքերը շփում, թե՝ կտեսնեք հիմա մեզ հայհոյողներին ինչ ենք անելու, շատ մարդիկ զգուշացնում էին, որ սա վատ, սխալ ճանապարհ է։ Իսկ Արման Թաթոյանը վերլուծություն էր կատարել հոդվածի հետեւանքների եւ կիրառման անհնարինության մասին եւ դիմել ՍԴ՝ փորձելով կասեցնել դրա կիրառումը։ Բայց մարդիկ որոշել էին, որ իրենք աշխարհին անհայտ հայկական ժողովրդավարության ճանապարհով են գնում եւ հայհոյանքի ու ագրեսիվ խոսքի դեմ պայքարի գործուն միջոցն են գտել։

Ճիշտ է՝ այդ միջոցը հիմնականում կիրառվում էր Նիկոլ Փաշինյանին եւ նրա մերձակա շրջապատին վիրավորողներին պատժելու համար, բայց դա չէ էականը, այլ վնասակար ու անհեթեթ քայլեր անելու այս իշխանությունների համառությունը։ Այս մեկ տարում, երբ քննչական մարմիններն ու դատարանները սարսափելի ծանրաբեռնված են աշխատում, ինչքա՜ն ժամանակ եւ միջոցներ են վատնվել այդ գործերի հարուցման եւ քննության վրա։ Ապրիլի 28-ին դատախազությունը հպարտորեն հաղորդել էր, որ այս հոդվածով 938 նյութ է նախապատրաստվել, 802-ով հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 160 անձի, 6 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։