«Հրապարակ». Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան զույգի պայմանավորվածությամբ է օպերացիան իրականացվում

«Հրապարակ». Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան զույգի պայմանավորվածությամբ է օպերացիան իրականացվում

Հարցազրույց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ

- Հինգշաբթի Արցախի խորհրդարանը փոփոխություններ կատարեց «Ռազմական դրության մասին» օրենքում, որոնք ընդդիմադիրներն անընդունելի են համարել։ Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, կան տեղեկություններ, որ Արցախում անցանկալի գործընթացներ են սպասվում, եւ այդ փոփոխություններով նախագահն ապահովագրում է իրեն՝ խոսքը ՀՀ օրինակով ռազմական դրության ժամանակ ինտերնետի եւ այլնի սահմանափակումների մասին է։

- Չնայած իշխանությունները փորձում էին հիմնավորել այդ փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց, իմ կարծիքով, չկարողացան։ Նախագծում բավականին խնդրահարույց փոփոխություններ էին, որ մի շարք նշանակովի եւ ընտրովի մարմիններում նախագահի լիազորությունները մեծացան, օրինակ, Քննչական կոմիտեի, Վիճվարչության եւ այլ մարմինների ղեկավարները նշանակվում են նախագահի կողմից՝ գործունեության հստակ ժամկետով, եւ այդ ժամկետում նրանք որոշակի անկախություն ունեն իրենց գործունեության մեջ: Իրականացված փոփոխություններով՝ այդ պաշտոնները դարձրին քաղաքական պաշտոններ, քանի որ ցանկացած պահի նախագահը կարող է նրանց պաշտոնանկ անել՝ աշխատանքը «ոչ պատշաճ» կատարելու հիմնավորմամբ։ Հասկանալի է, որ ցանկացած պահի կարելի է նման «հիմնավորում» տալ եւ ազատվել անցանկալի պաշտոնյաներից։ Այսպիսով փորձ է արվում բոլոր պաշտոնյաներին նախագահին ենթարկել, կախվածության մեջ պահել վերջինից եւ թույլ չտալ, որ փոքրիշատե անկախություն ցուցաբերեն։ ՏԻՄ ղեկավարների մասով եւս կար փոփոխություն, նախագահը հնարավորություն է ստանում գնահատել ընտրովի պաշտոնյաների աշխատանքը։ Սա, իմ համոզմամբ, հակասահմանադրական փոփոխություն է․ ինչպես նախագահն է ընտրվել, այնպես էլ՝ ՏԻՄ ղեկավարները, ստացվում է՝ մի ընտրված մարմին գնահատելու է մյուս ընտրված մարմնի ղեկավարի աշխատանքը եւ, դրանից բխող հետեւություն՝ պաշտոնանկություն պարտադրել։ Ձեր հարցին, թե ինչու հիմա, կարծում եմ՝ մի շարք պաշտոնյաներ կան, որոնց նկատմամբ Արայիկ Հարությունյանն անձնական հարցեր ունի եւ այսպիսով փորձելու է բոլորին իր ձեռքում պահել։ Նախագծին կողմ էր «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքը եւ մասնակիորեն՝ նաեւ «Միասնական հայրենիքը»։ Ուշագրավ է, որ Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցության՝ ՄՀ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը դեմ էին, բայց մնացածը կողմ էին, եւ նրանց ձայների շնորհիվ էլ նախագիծն ընդունվեց։ 

- Հայաստանից Արցախ ուղարկված մարդասիրական բեռները մի քանի օր է՝ արգելափակված են Կոռնիձորում․ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ՀՀ իշխանություններն Արցախի պաշարումից 7 ամիս անց որոշեցին նման քայլի գնալ: Ընդունո՞ւմ եք, որ խաղաղապահները չեն իրականացնում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած առաքելությունը։

- Ես ուշադրություն եմ հրավիրում դեպքերի հաջորդականության վրա․ այդ որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Արցախի նախագահը հայտարարեց, որ իր իբր թե մեկշաբաթյա նստացույցով հասել է որոշակի հաջողության։ Դրանից մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին եւ վերջինիս իշխանությանը մեղադրում էր Բերձորը հանձնելու մեջ, մինչդեռ Հարությունյանը, փոխանակ պատասխանի մեղադրանքներին, բեռներն Արցախ չհասած` շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ Ի դեպ, ես կոչ եմ անում ԱՀ իշխանության մարմիններին՝ պատասխանել Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, այլապես լռությունը համաձայնության նշան կդիտարկվի, եւ Արցախի ժողովուրդը, կարծում եմ, դա անպատասխան չի թողնի։ Վերադառնալով «մարդասիրությանը», կարծում եմ՝ սա եւս ծրագիր է, որն ուղղված է է Արցախն Ադրբեջանին բռնակցելուն։ Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան զույգի պայմանավորվածությամբ է այս օպերացիան իրականացվում, որպեսզի ցույց տան, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում իրենց գործառույթներն իրականացնել` պետք է օգտվել Աղդամի ճանապարհից, որն Արցախի բռնակցման քայլ է։

- Ամեն դեպքում, քանի օր է՝ բեռնատարները սահմանի վրա կանգնած են, խաղաղապահներին չի հաջողվում համոզել ադրբեջանցիներին․ ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից։

- Միանշանակ, կա այդպիսի բան, որ նրանք չեն կարողանում հումանիտար բեռներն անցկացնել։ Բայց մեր տարբեր հանդիպումների ժամանակ խաղաղապահ ղեկավարությունը մեզնից պարզաբանումներ է պահանջում՝ ո՞ւր է հայկական կողմը: Նրանք չէին տեսնում հայկական կողմի գործողությունները եւ զարմանում էին այդ լռության վրա: Փաստ է, որ համաձայնեցված չեն գործել, եւ այստեղ միտում կա։ Ես բնավ ռուս խաղաղապահների փաստաբանը չեմ ու չեմ ուզում արդարացնել, բայց մենք պետք է հասկանանք, որ ստեղծված իրավիճակում պետք է համագործակցենք եւ համաձայնեցված քայլեր անենք։ Ստեղծված իրավիճակի ելքը պատկերացնում ենք, որ հնարավոր է ՀՀ իշխանությունները դիմեն ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով շնորհելու համար, ինչի արդյունքում, կարծում եմ, ավելի հստակ գործողություններ կլինեն։ Ի վերջո, լավ թե վատ, փաստ է, որ Արցախում ցեղասպանությունը կանխվում է խաղաղապահների ներկայության շնորհիվ։ Հիմա, երբ Հայաստանը երես է թեքել մեզնից, Արցախում գրեթե բոլորն են հասկանում, որ ցեղասպանությունը զսպող գործիքը ռուս խաղաղապահների ներկայությունն է, իսկ նրանց այլընտրանքը ՆԱՏՕ-ի զորքերն են, այսինքն՝ Թուրքիան: Մեր ընտրությունը պետք է լինի Ռուսաստանի կամ Թուրքիայի միջեւ։