Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 25

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 25

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր քսանվեցերորդ՝ ապրիլի 25:

2018թ․ ապրիլի 25

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ (ապագա նախարար) Արայիկ Հարությունյանը պնդում է, թե փոխվարչապետ Կարեն Կարապետյանը եւ նրա թիմը ներկայանում են որպես «դրայվոտ» դեմքեր, բայց իրենք պարզել են, որ քաղաքապետարանը հավաքել է դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին եւ ասել, որ Կարեն Կարապետյանի գրածները «լայքեն»: Հետո պիտի պարզվեր, որ սոցիալական կայքերով իշխանահաճո պատկեր ստանալը թավշյաների գործելաոճն է: «Լայքերի» ու «քոմենթների» գործիքակազմը հատկապես լիարժեք սկսեցին կիրառել 2018 թվականից հետո:

Փողոցային պայքարով երկրի ղեկավար դարձած՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցկայքում գրում է. «Եղբայրնե՛ր հայեր, օլիգարխներն անպայման կփորձեն ձեզ պառակտել եւ խլել ձեր հաղթանակը: Նրանց տեղը դրեք»: Օլիգարխներին ոչ ոք տեղը չդրեց, նրանցից շատերը շարունակում են երկրում մնալ քաղաքական ակտիվ դերակատարներ ու ազդել ընդունվող որոշումների վրա, իրենց հաճո որոշումներ պարտադրել կառավարությանն ու օրենսդիրին եւ ստանալ դրանք:

2019թ․ ապրիլի 25

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշում է թե «Աստղիկ» բժշկական կենտրոնում կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստման վիրահատություն է կատարվել՝ առաջին անգամ Հայաստանում։ Շատ արագ պարզվում է, որ վիրահատությունը նախապատրաստվում էր իշխանափոխությունից առաջ՝ 2017 թվականից: Մեր մասնագետները վերապատրաստվել են Թայվանում, Ռուսաստանում: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ուրիշի արածն իրեն վերագրելը փողոցային պայքարով իշխանության եկածների սիրելի զբաղմունքներից է, եւ հետագայում անթիվ անգամներ նրանք պարծենալու են ինչ-որ ձեռքբերումներով, որոնք նախկինների սկսածն են:

2020թ․ ապրիլի 25

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների եւ մեր դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից արձակված կրակոցների թիվը՝ 3 հազար 500: Արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ենք նման մեծ թիվ ունեցել, միանշանակ է, որ անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը կտրուկ աճել է: Եթե նկատի ունենանք նաեւ շաբաթվա ընթացքում հակառակորդի ԱԹՍ-ի ակտիվությունն ու դրանցից մեկի՝ մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցման միջադեպը, ինչպես նաեւ՝ հակառակորդի ավիացիայի ակտիվ թռիչքներն առաջնագծի մերձակա հատվածներում, ապա Ադրբեջանի ակտիվության ընդհանուր պատկերն առավել խոսուն է դառնում: Սրան կարելի է ավելացնել նաեւ Ադրբեջանի ակտիվությունն առաջնագծում՝ նոր ինժեներական ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ, որոնք եւս առկա իրավիճակին սրություն են հաղորդում»: Իշխանությունն անտեսում է ահազանգն ու հինգ ամիս անց հազարավոր լուսավոր երիտասարդների կյանքեր զոհում ու հսկայական տարածքներ կորցնում:

2021թ․ ապրիլի 25

Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, որ Ազգային ժողովը լուծարվի, եւ նոր ընտրություն նշանակվի: Ընտրությունը նշանակվում է հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը նորից դառնում է վարչապետ ու իրեն ժողովրդի վարչապետ կոչում, որը պողպատե մանդատ է ստացել: Իրականությունը, սակայն, տխուր է: Ընտրությանը մասնակցում է ընտրողների կեսից քիչը՝ 49,5 տոկոսը: Նիկոլ Փաշինյանը ստանում է մասնակիցների ձայների մոտ 53 տոկոսը՝ ընտրողների ձայների 26 տոկոսը: Ընտրացուցակներում բազմաթիվ անճշտություններ կան, բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրվում: Լավագույն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանն ունի ընտրողների 20 տոկոսի համակրանքը, բայց վերադառնում է վարչապետի աթոռին, ու շարունակվում են բոլոր արատավոր երեւույթները՝ անհիմն ու հսկայական պարգեւավճարներ, թանկարժեք մեքենաներ պաշտոնյաների համար, գործից անտեղյակ մարդկանց նշանակումներ առանցքային պետական պաշտոնների եւ այլն:

2022թ․ ապրիլի 25

Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։ Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին Իջեւանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երեւան։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից եւս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երեւան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ մենք Երեւանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։
Ի գործ, սիրելիներ»։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ