Պահպանիչ՝ Նիկոլի համար

Պահպանիչ՝ Նիկոլի համար

Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր, պահեա եւ պահպանեա համայն Քո ժողովրդին ընդ հովանեաւ Սուրբ եւ պատուական խաչիւդ քով ի խաղաղութեան. Փրկեա՛ յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն, արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Եվ ուրեմն՝ Փաշինյանին հիշելիս կամ նրա մասին որեւէ բան գրելիս հարկ է, որ այս պահպանիչը արտասանեք, այլապես նրան՝ Փաշինյանին, կարող են սպանել, ու մեղավորը լինեք դուք: Չզարմանաք: ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն է ասել, որ Փաշինյանին սպանելը պահանջված ակցիա է, որին պատրաստ է մասնակցել մոտավորապես 200 մարդ: Իրականում ինքը չի ասել «մոտ 200» մարդ, այլ հստակ թիվ է հրապարակել՝ ուղիղ 200, ինչը մի տեսակ խելքիս չնստեց: Այսինքն, Հովիկ, դու այդ որտեղի՞ց գիտես, որ 200 մարդ ուզում է Նիկոլին սպանել: Նույնիսկ ԱԱԾ-ն այդքան ճշգրիտ տվյալ չունի:

Հիշում եմ, երբ Սահակաշվիլին հայտարարեց, թե իր դեմ մահափորձ է ծրագրվել, Վրաստանում ոչ ոք դրան ուշադրություն չդարձրեց՝ համարելով, որ Միշան էպատաժ է անում՝ կարեւորում է յուր անձը: Ավելի ուշ, սակայն, Միշան հայտարարեց, որ մահափորձ եղել է, բայց դրան էլ հավատացող չեղավ, մինչեւ որ ձերբակալություններ սկսվեցին: Ինչ եմ ուզում ասել: Երկրի թիվ մեկ դեմքին սպանելու մասին կանխավ հայտարարությունները ժանգոտած տեխնոլոգիաներ են, որոնք երբեմն-երբեմն մեջտեղ են բերվում լվացած ուղեղներ շարժելու համար:

Վա՛յ քու, արա, Նիկոլին ուզում են սպանել, էն էլ՝ 200 հոգով… Սուտ կլինի… Չէ, ի՞նչ սուտ, ախպեր, պատգամավոր մարդ է ասողը… Մեկ է, չեմ հավատում… Հեչ էլ հավատաս, դեռ սպանությունն էլ նկարագրում էր… Հա՞, ու ո՞նց են սպանելու… Ասում էր՝ Նիկոլի ավտոշարասյունը կանգնեցնելու են եւ սպանեն: Խալխումն այսպիսի իրարանցում է սկսվել Հովիկ Աղազարյանի հարցազրույցից հետո, բայց ես շատ մեծ ցանկություն ունեցա Հովիկ Աղազարյանին ասել՝ բերանդ խեր բաց, եքա մարդ ես, տո, ախր ո՞նց կարող ես դու, էն էլ դու, էդքան բան իմանալ, եթե Նիկոլը դեռ ոչինչ չգիտի:
Մինչեւ վերջ ազնիվ լինեմ: Երբ Հովիկի շուրթերից դուրս թռան Նիկոլին սպանելու մասին բառերը, նրա անմեղ հայացքից ենթադրեցի, որ մոտ 200 մարդու ձերբակալելու հող է նախապատրաստում: Բայց էդ անտեր թիվը՝ ճիշտ 200, համառորեն չէր մտնում ուղեղս: Այսպես երկար տանջվեցի, մինչեւ որ գլխի ընկա… Փաստորեն, Հովիկը ներքուստ է զգում այդ բանը, ինչպես սովորական մարդիկ, որոնք ունեն ներքին ինքնազգացողություն: Հիմա նույնիսկ չեմ բացառում, որ Հովիկն առաջինն է այդ մասին տեղեկացրել ԱԱԾ-ին, որտեղ նրան հասկացրել են, որ այդպիսի ինֆորմացիա իրենք չունեն:

Ի՞նչ է մնում այսքանից հետո անել: Հասկանալի է, չէ՞, որ Հովիկի հայտարարությունից հետո արդեն բազմահազար մարդիկ սկսել են նույն ինքնազգացողությունն ունենալ Նիկոլի մասով: Դե, իսկ ես էլ, որպես Նիկոլի ազգական… չէ, ազգակից, հա՛մ չեմ ուզում հավատալ Հովիկի ասածներին, հա՛մ էլ անհանգիստ եմ մի տեսակ: Եվ, ահա, առաջարկում եմ այսօրվանից Նիկոլին հիշելիս կամ նրա մասին որեւէ բան գրելիս մի հատ պահպանիչ կարդանք, ինչպես «Հայր մերն» ենք ասում՝ ամեն ինչից առաջ: Օրինակ․ «Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր, պահեա եւ պահպանեա զՆիկոլս ընդ հովանեաւ Սուրբ եւ պատուական խաչիւդ քով ի խաղաղութեան. փրկեա՛ զերեւելի վարչապետս եւ գոհութեամբ փառաւորեա զնմա՝ յանուն Հօր եւ որդվոյ եւ Հոգվոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն»: Հավատացնում եմ՝ դժվար չէ, մեկ-երկու անգամ կարդաք՝ անգիր կանեք, եւ արդյունքն էլ գոհացուցիչ կլինի՝ Նիկոլին գրող չի կպնի, ինչպես Սահակաշվիլուն, ասենք, բան չի պատահել դեռ: