Անգիտակից ու անտակտ

Անգիտակից ու անտակտ

Ինչ քաոս ու խառնաշփոթ է երկրում, մարդկանց ուղեղներում, հարաբերություններում: Սրան ասում են` «շունը տիրոջը չի ճանաչում», անգամ չգիտես` արժե՞ ինչ-որ հարցերի այդքան ուշադրություն դարձնել, երբ ամեն ինչ քանդվում- ավերվում է: Չնայած մեծն պատգամավոր Լուլուն երեկ խորհրդարանում հեգնում, ծաղրում էր տագնապ հնչեցնողներին եւ ամեն ինչ անում էր, որ Փաշինյանից մի քանի խոսք կորզի, թե ամեն ինչ ընտիր է, այդ սրիկա ընդդիմության «բայղուշությունները» բանատեղ մի դրեք: Իսկ Փաշինյանն այդպես էլ «չբավարարեց» Լուլուի ակնկալիքները եւ չասաց, թե ամեն ինչ օքեյ է: Բայց վերադառնանք մեր քաոսին, որն արտահայտվում է ամեն ինչում` ե՛ւ մեծ բաներում, ե՛ւ փոքր բաներում, ե՛ւ կարեւորում, ե՛ւ անկարեւորում:

Ասենք, օրինակ, արդյոք կարեւո՞ր է այն քամահրական, անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորում են կառավարության անդամները խորհրդարանի հանդեպ: Բնականաբար, խոսքն առավելապես ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ վերաբերմունքի մասին է, բայց դա նշանակում է բուն ինստիտուտի` թիվ մեկ քաղաքական մարմնի հանդեպ անհարգալից վերաբերմունք: Արդարադատության նախարարը, որին կարելի է առավոտից երեկո քննադատել ու հեգնել, հումորներ անել, քայլերի մեջ թերություններ գտնել, վրդովվում է ընդդիմադիր պատգամավորի միանգամայն արդարացի հարցից եւ պատասխանի փոխարեն վիրավորում է:

ԿԳՄՍ նախարարը, որը մեր երկրին ամենաշատ վնաս տված անձանցից է, եւ այն, ինչ նա կրթական համակարգում է արել, ոչ մի ներում չունի, կին պատգամավորին դիտողություն է անում` իր բարձունքից: Սրանք, փաստորեն, ո՛չ գիտակցում են իրենց գործած ավերածությունները, ո՛չ դաստիարակություն ունեն, ո՛չ տարրական տակտ ու խելամտություն, որ զսպեն իրենց էմոցիաները եւ հարցերին բովանդակային պատասխան տան: