Որպեսզի հերթական անգամ ինքն իրեն անմեղ ներկայացնի

Որպեսզի հերթական անգամ ինքն իրեն անմեղ ներկայացնի

Արևմտյան տերությունները կամ վերպետական կառույցները միշտ առաջնորդվել են բլիթի և մտրակի քաղաքականությամբ՝ երբ առնչվել են ոչ յուրային պետություններին: Նույնիսկ այն երկրներին, որոնք ցանկանում են վերածվել յուրայինների: Եվ այդ մոտեցման առումով որևէ բացառություն որևէ երկրի համար չի արվել: Վերջին տասնամյակներում փոխվել է միայն մտրակի «տեսքը». հայտ ներկայացնող պետությունն ինքնակամ կատարում է քայլեր, որ այլ տարբերակում երբեք չէր անի: Եվ դա ներկայացվում է որպես եվրոպական ընտանիքին (կամ Ժոզեպ Բորելի հեղինակությամբ՝ «խնամված այգուն») անդամակցության չափանիշներին համապատասխանության ապահովում: Պարտադիր «կամավորության» այդ երևույթը որևէ առնչություն չունի ժողովրդավարական սկզբունքների հետ, սակայն լայնորեն օգտագործվում է ժողովրդավարության գործիքակազմում: Տեսական այս կարճ նախաբանից անցում կատարենք հայաստանյան իրականությանը:

Անկախություն ձեռք բերելուց այս կողմ ՀՀ բոլոր իշխանությունները փորձել են իրենց «գտնել» եվրոպական տարածքում: Առաջին նախագահի օրոք դա նշանավորվեց «ժողովրդավարության կղզյակի» տեսքով: Երկրորդ նախագահի օրոք այն ստացավ «փոխլրացման քաղաքականություն» անվանումը: Իսկ երրորդի օրոք՝ «և … և»-ի քաղաքականություն: Ընդ որում, երրորդի օրոք խնդիրը բարդացավ, քանի որ Ռուսաստանն ինքն իրեն արդեն չէր տեսնում եվրոպական ընտանիքի կազմում:

Եվ, բնականաբար, նույնը պահանջում էր իր դաշնակիցներից: Բայց ի պատիվ երրորդ նախագահի՝ վերջինս կարողացավ չտապալել քննությունը: Ընդունելի մակարդակում պահպանեց հարաբերությունները թե՛ Արևմուտքի և թե՛ Հյուսիսի հետ: Միաժամանակ, կարողացավ առանցքային (երկրի կողմնորոշման առումով) ու օգտակար (իր համար) քայլ անել առաջինի ուղղությամբ: Խոսքը խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին է: Ուրիշ հարց, որ դրա պտուղները քաղեց ոչ թե ինքը, այլ իրեն մերժողը, բայց դա արդեն այլ կինոյից է:

2018-ի իշխանափոխությունից հետո եվրոպական ինտեգրման ձգտումը դարձավ Հայաստանի իշխանության առանցքային քաղաքականությունը: Ընդ որում, այդ գործընթացի սկիզբը դրվեց պետական մտածողության տեսակետից ամենաաններելի ձևով՝ ՀԱՊԿ-ի հեղինակությանը ծանր հարված հասցնելով: Խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՀՀ ներկայացուցիչ Յու. Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին է: Դրանից հինգ տարի անց դրա արդյունքում տեղի ունեցավ Արցախի կորուստը, և երկիրը «ձեռք բերեց» անվտանգության ծանրագույն սպառնալիքներ: Եվ այդ պայմաններում Հայաստանի իշխանությունը եվրոպական համայնքից ստանում է դրա մաս կազմելու (դեռևս թեկնածուի կարգավիճակով) անուղղակի հրավեր: Խոսքը Եվրախորհրդարանի (Եվրամիության (ԵՄ) օրենսդիր մարմնի)՝ «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևի մասին է:

Այդ բանաձևով, նախ, պահանջվում է ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կայուն բարեփոխումների շարունակում: Եվ, երկրորդ, ինչը երևում է անվանումից, դրվում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ընդունման պահանջը: Իսկ այդ համաձայնագիրը, ինչպես բազմիցս ապացուցվել է, կկայացվի միայն այն դեպքում, երբ Հայաստանը բավարարի թշնամի երկրի բոլոր պահանջները: Ինչը նշանակում է անվերապահ կապիտուլյացիա: Այդ կապիտուլյացիան հենց այն գինն է, որ պահանջվում է մեր երկրից, որպեսզի վերածվենք եվրոպական ընտանիքի անդամի թեկնածուի: Կարծում եմ, որ նման պայմանով Եվրամիություն մուտք գործելը հավասարազոր կլինի 100 տարի առաջվա Ալեքսանդրոպոլի հայ-թուրքական պայմանագիրը (երկրի տարածքի չափի առումով) կյանքի կոչելուն: Ինչը նշանակում է, որ հանուն եվրոպական ընտանիքի մենք մեր ձեռքով պետք է անդամահատենք մեր պետությունը:   

Վերջաբանի փոխարեն. Կառավարության հերթական նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն առաջարկում էր հանրային քննարկման առարկա դարձնել Եվրախորհրդարանի բանաձևը: Այսինքն, առաջարկում է, որ հասարակությունը քննարկի և ընդունի պետությունն անդամահատելու տեսլականը, որպեսզի հետագայում դրա պատասխանատվությունն ինքը գցի հասարակության վրա: Ու հերթական անգամ ինքն իրեն անմեղ ներկայացնի: