Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց․ ինչ կարող է այն նշանակել 

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց․ ինչ կարող է այն նշանակել 

Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Համաձայն պաշտոնական լրահոսի, Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի առթիվ։ Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարեւորությունը, ինչը կնպաստի նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: 

Այս հաղորդագրությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ընթերցողը թերեւս հիշում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացների հուլիսմեկյան հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն էլ իրեն հատուկ «մաներայով» հարցը քննարկել էր Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ՝ ըստ էության, խոսելով Էրդողան-Փաշինյան հավանական հանդիպման մասին։ Մենք գրել էինք, որ չի բացառվում՝ Փաշինյանը Պուտինին զեկուցել է Ռուբինյան-Քըլըչ հանդիպման մանրամասների մասին, հնարավոր է նաեւ, որ ստացել է ցուցում կամ «դաբրո» Էրդողանի հետ իր հնարավոր հանդիպման հետ կապված։ Եվ հիմա, երբ Էրդողանն ու Փաշինյանը Կուրբան Բայրամի՝ մահմեդականների մեծ տոներից մեկի առիթով հեռախոսազրույց են ունենում, ու Փաշինյանը շնորհավորում է Էրդողանին այդ տոնի առիթով, իսկ Էրդողանն էլ Փաշինյանին է շնորհավորում գալիք Վարդավառի կապակցությամբ, կարող ենք ասել, որ Փաշինյան-Էրդողան հանդիպումը եւս մեկ քայլով մոտեցել է։ Նման հեռախոսազրույցները, որքան էլ քաղաքավարի ու սիրալիրություններ պարունակող լինեն, պատահական բնույթ չունեն եւ դիվանագիտական առումով ավելի նշանակալի իրադարձության համար հող են նախապատրաստում։ Իսկ Փաշինյան-Էրդողան հավանական հանդիպումը նման նշանակալի իրադարձություն է։

Ի դեպ, հեռախոսազրույցն ինքնին արդեն իսկ կարեւոր է, քանի որ դժվար է նույնիսկ հիշել՝ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները վերջին տասնամյակում հեռախոսազրույց ունեցե՞լ են, թե՞ ոչ, կամ՝ վերջին անգամ ե՞րբ են Երեւանն ու Անկարան առաջին դեմքերի մակարդակով հեռախոսային շփում ունեցել։ Գոնե՝ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության շրջանից ի վեր։