Առաջ Սախարովի ֆոնդ կար, հիմա չկան հասարակական կազմակերպություններ, որ օգնեն փախստականներին
Արդեն մի քանի օր է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի հայերը տեղահանվում են դեպի Գորիս` Կոռնիձոր: Իշխանական շրջանակները պնդում են, թե տեղահանվածներին ապահովելու են բնակարաններով և տարատեսակ օգնություններով, սակայն օրվա իշխանությունները շատ հաճախ իրենց խոստումներին տեր չեն կանգնում, ասում են մի բան` անում դրա ճիշտ հակառակը:
Մենք նաև ականատես ենք լինում, թե ինչպես են տարբեր մարդիկ հանգանակությունների և բարեգործության միջոցով փորձում են օգնել անօգնական ու միայնակ մնացած արցախահայերին: Նշենք նաև, որ վերջին դեպքերից հետո վարձով բնակարանների գները նորից թանկացել են:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով երկար տարիներ զբաղվել է Բաքվից եւ այլ վայրերից փախստականների հարցերով, «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ Հայաստանը մշտապես ունեցել է փախստականներ, անցյալում փախստականների խնդիրներով զբաղվել են նաև հասարակական կազմակերպությունները: Ալավերդյանն ասում է, որ փախստականներին, ինչպես ԽՍՀՄ-ի տարիներին, այնպես էլ հիմա պետությունը պետք է հիմնական կացարաններով ապահովի, այլ ոչ թե տեղից տեղ քարշ տա, ամեն անգամ նոր կացարան տրամադրելով .
«Ցավոք սրտի ես չունեմ ռեսուրսներ, որպեսզի այս անգամ ևս զբաղվեմ փախստականների խնդրով, սակայն կարծում եմ, որ ոչ միայն պետությունը պետք է տեղահանված արցախահայերով զբաղվի, այլև հասարակական կազմակերպությունները: Այնպիսի թվեր են կրակում իշխանությունները, բայց չէ՞ որ ամեն մի թիվը մի մարդկային կյանք է, մի ճակատագիր: Ես համոզված եմ, որ անցյալում ևս եթե հույսներս միայն իշխանությունները լինեին, մենք ունենալու էինք ավելի շատ պրոբլեմներ, քանի ունեցանք: Այսօրվա քաղհասարակության վիճակը բոլորիս է պարզ, այդ մասին չեմ ուզում երկար խոսել, հիմա դրա ժամանակը չէ: Պատահական չէ, որ արցախցի ուսանողները կոչ են անում օգնել իրենց: Դա այն մասին է խոսում, թե որքան միայնակ են նրանք: Իրավիճակը շոկային է, մարդիկ չգիտեն ինչ անել և, ցավոք, այսօր չկան այն հասարակական կազմակերպություններն ու անհատները, որոնք փախստականներին օգնում էին` օրինակ, լուսահոգի Լևոն Ներսիսյանն այլևս չկա, Սախարովի անվան ֆոնդ-կազմակերպությունն այն ժամանակվա ամենահայտնի ու լավ ՀԿ-ն էր, որի տեղը բոլոր փախստականները գիտեին: Պետությունը սովորաբար հիմնական խնդիրներով է զբաղվում, իսկ առանձնահատուկ խնդիրները, որոնք առանձին ուշադրություն են պահանջում, պետական այրերի ուշադրությունից դուրս են մնում: Հասարակական կազմակերպությունները նախկինում անգնահատելի դեր էին խաղում, օգնում բոլոր փախստականներին, ինչը չեմ կարող ասել այսօրվա մասին», - նշում է Լարիսա Ալավերդյանը:
Հարցին, թե պետությունն ի՞նչ հիմնական գործառույթներ ունի այսօր, ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է անի տեղահանված արցախցիներին օգնելու համար, Ալավերդյանն ասաց.
«Հայաստանը միացել է Փախստականների մասին կոնվենցիային 1992 թվականին, բայց փախստականներ ունեցել ենք նախքան այդ: Անգամ տվյալ կոնվենցիային չմիացած Սովետական Հայաստանն իր վրա վերցրեց կարևորագույն խնդիրներ, տեղավորեց բոլոր փախստականներին, ապահովեց տանիքով, բնակարաններ տրվեցին մարդկանց` բոլոր պայմաններով: Սա շատ ծանր խնդիր է: Մարդիկ տեղահանվում են ընտանիքներով` ծերերի և երեխաների հետ, տեղահանվում են հաշմանդամներ, առողջական խնդիր ունեցողներ: Այդ մարդկանց պետք է ապահովել գոնե մինիմալ պայմաններով, պետք է հատկացնել տներ, բնակարաններ, որտեղ առկա կլինեն կենցաղավարման պայմաններ, մարդիկ պետք է կարողանան այս կացարաններում լուծել իրենց հիգիենայի խնդիրները:
Եկեք ֆիքսենք, որ փախստականին ընդամենը մեկ անգամ են ժամանակավոր կացարան տրամադրում, չի կարելի մարդուն անվերջ ժամանակավոր կացարաններ տրամադրել, մարդիկ պետք է ունենան մշտական բնակավայրեր: Մենք մշտապես պահանջել ենք, որ պետությունը սոցիալական բնակարանաշինություն ստեղծի: Դա կօգնի մարդկանց լուծել իրենց խնդիրները: Մենք ականատես ենք լինում դեպքերի, երբ փախստականին ասում են այստեղից դուրս արի, գնա այնտեղ, այնտեղից էլ մեկ տարի հետո դուրս կգաս կգնաս մեկ այլ տեղ, դրանից հետո էլ հայտնի չէ, թե ինչ կլինի: Այդպես չպետք է լինի: Փախստականներին պետք է ապահովել կայուն պայմաններով բնակարաններ, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ էր», - նշեց մեր զրուցակիցը:
Կարծիքներ