Հերթական կուսակցությունը՝ «Ինտելեկտուալ Հայաստան»

Հերթական կուսակցությունը՝ «Ինտելեկտուալ Հայաստան»

Ժամանակին «Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը, որը նաեւ բիզնեսով է զբաղվում (նրան է պատկանում Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Յանկի» փաբը), որոշել է նոր կուսակցություն հիմնել, անունը՝ «Ինտելեկտուալ Հայաստան»։ Ծրագրում է մասնակցել արտահերթ ընտրություններին։ Նա ասում է․ «Մի խումբ համախոհների հետ շատ ավելի վաղ շրջանում նախաձեռնել էինք քննարկումներ, ակումբային որոշակի ֆորմատ էր ստեղծվել, եւ այժմ փորձում ենք քայլեր ձեռնարկել կուսակցություն ձեւավորելու ուղղությամբ»։

-  Ինչո՞ւ «Ինտելեկտուալ Հայաստան»։

- Որովհետեւ մեր բոլոր խնդիրների լուծումն ինտելեկտն է՝ հասարակ, փոքր իրավիճակներից մինչեւ երկրի կառավարում պետք է գիտելիք ունենալ, պետք է ինֆորմացված հասարակություն ունենալ, հատկապես փոքր եւ միջին բիզնեսի վրա շեշտադրում կատարած պետություն։

- Դուք գիտե՞ք, թե Հայաստանում քանի կուսակցություն գոյություն ունի։

- Ես տեղյակ եմ, որ էդ թվերը հարափոփոխ են, բայց ինձ համար կուսակցության չափանիշը ոչ թե պետական գրանցման եւ կնիքի առկայությունն է, այլ քաղաքական գործընթացներին ռեալ մասնակցությունը, այսինքն՝ ընտրությունները եւ հրապարակային դաշտում երկրի հրատապ խնդիրների վերաբերյալ ասելիք ունենալը։ Ես չեմ կարծում, թե գրանցված բոլոր կուսակցությունները մշտապես նույն կայուն ակտիվությամբ մասնակցում են բոլոր պրոցեսներին։

- Ամեն դեպքում, Հայաստանում քանի՞ կուսակցություն կա։

- Եթե չեմ սխալվում՝ 70-80-ի սահմաններում է, բայց ակնհայտ է, որ դրանցից 30-40-ը գոնե ինտերտ, պասիվ վիճակում են գտնվում։

- Հիմա Դուք լինելու եք, պայմանական ասած, 81-րդ կուսակցությո՞ւնը, թե՞ լինելու եք առաջին տասնյակում։

- Մենք ձգտելու ենք անել հնարավորը, որպեսզի լինենք հանրային գործընթացների եւ պետության համար վճռորոշ որոշումների վրա ազդեցություն ունեցող ուժ։

- Բոլոր կուսակցություններն էլ նման մտադրությամբ են ստեղծվում, նույնիսկ իշխանության գալու եւ երկիրը կործանումից փրկելու ծրագրով։ Դուք ռեալ համարո՞ւմ եք, որ կկարողանաք մասնակցել երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։

- Դե, եթե ռեալ չհամարեինք, չէինք նախաձեռնի, իսկ թե ով որքանով է ինչ հայտարարում, հայտարարելը մի բան է, ռեալ քայլեր գործադրելը, այսինքն՝ ջանքեր, ռեսուրսներ ներդնել, ընդունելության արժանանալ նաեւ քաղաքական դաշտի մյուս սուբյեկտների կողմից, դա ամենօրյա տքնաջան աշխատանք է, որը ցանկացած կուսակցություն պետք է համարի իր առօրյա գործունեությունը։

- Դուք «Առաքելություն» կուսակցության անդամ էիք, ի՞նչը Ձեզ ստիպեց դուրս գալ այդ կուսակցությունից եւ նորը հիմնել, նույն առաքելությամբ էլ «Առաքելություն» կուսակցությունն էր ժամանակին հիմնվել։

- Ձեր նշած այդ էպոխան վաղուց փակված է ինձ համար, քաղաքական իրողությունները տարբեր էին, սակայն ներկայում էլ էն գոյաբանական մարտահրավերները, որ կանգնած են մեր պետության առջեւ, չեն փոխվել, ես գտնում եմ, որ առհասարակ կուսակցությունները քաղաքականությամբ զբաղվելու իրավաբանական գործիքներ են, եւ մեր երկրում էլ քաղաքականություն ասվածը կրում է շատ փիլիսոփայական բնույթ։ Ես ելնում եմ էն իրողությունից, որ ցանկացած քաղաքացի մեր իրականության մեջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ պետք է ունենա տեսակետ։

- Իսկ ի՞նչ առանցքային դեմքեր են լինելու Ձեր կուսակցությունում, Դուք ունե՞ք բավարար թվով անդամներ, որպեսզի համագումար անեք եւ բավարարեք կուսակցությունների գրանցման չափանիշներին։

- Մենք արդեն իսկ ունենք բավարար թվով անդամներ, ապրիլի 17-ին կլինի հիմնադիր համագումարը, մեր կուսակցության առանցքն են կազմում հիմնականում գիտության, բիզնեսի ոլորտում կայացած անհատներ, ովքեր մինչ այս պահն այնքան էլ ակտիվ չեն եղել։

- Այսօր դաշտում կան բավականին անվանի եւ ակտիվ քաղաքական գործիչներ, որոնք ունեն լուրջ ռեսուորսներ, եւ նույնիսկ նրանք այսօր ընտրություններին մասնակցելու առումով խնդիրներ ունեն, Դուք ի՞նչ հույս ունեք, որ, չլինելով ակտիվ եւ ճանաչված, ընտրություններին կկարողանաք մասնակցել եւ ինչ-որ արդյունք գրանցել։

- Այո։ Քաղաքական կուսակցությունը, որը չի մասնակցում ընտրություններին, հետագա իր գոյաբանության առումով որոշակի խնդիրների առջեւ է կանգնելու, ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը հետագայում որոշվելիք հարց է, բայց ընտրական գործընթացները ուշ թե շուտ թակելու են մեր դուռը, եւ մենք պետք է անենք ամեն բան, որ պատշաճ կերպով գնանք ընտրական պայքարի։

- Ուզում եմ հասկանալ՝ Ձեր վստահությունը որտեղի՞ց է գալիս։

- Գալիս է մեր ներքին մղումներից, ազնվությունից, անկեղծությունից։

- Եվ ժողովուրդը պետք է դա գնահատի ու ձա՞յն տա Ձեր կուսակցությանը։

- Իսկ Ձեր կարծիքով՝ ժողովուրդն ուրիշ ի՞նչն է գնահատում։

- Մենք տեսել ենք, թե ինչն է գնահատել՝ փողը, օլիգարխիկ հեղինակությունը, «դուխով գլխարկը», ուսապարկը, պոպուլիստական հայտարարությունները, տգիտությունը․․․

- Եթե նայեինք մինչ էս պահը տեղի ունեցած օրինաչափություններին, մենք պետք է մերվեինք, ձուլվեինք տարբեր կառույցներին եւ փորձեինք ընդամենը մեր նեղ անձնական կոմֆորտի հարցը լուծել։ Բայց թե՛ ես, թե՛ մեր կուսակցության հիմնադիր մնացյալ անդամները մարդիկ են, ովքեր միշտ պահել են իրենց դեմքը եւ երբեւէ չեն տարրալուծվել, ոչ մի կոմֆորմիստական վարքագիծ չեն ցուցաբերել որեւիցե պարագայում։

- Իսկ որտեղի՞ց է ֆինանսավորվելու Ձեր կուսակցությունը։

- Մենք ինքնաֆինանսավորվելու ենք։ Բավականաչափ կայացած մարդիկ են մեր կուսակցության հիմնադիրները։

- Հիմնադիրների մեկ-երկու անուն կտա՞ք։

- Էս պահին, քանի դեռ համագումարը չի եղել, իմ անունից զատ ուրիշ ոչ մեկի անունը հարկ չեմ համարում բարձրաձայնել։