Տնտեսական տարին սկսում են լավատեսական նոտայով

Տնտեսական տարին սկսում են լավատեսական նոտայով

Համաշխարհային տնտեսությունը 2023 թվականը սկսում է լավատեսական նոտայով։ Այս մասին գրում է Bloomberg հեղինակավոր հանդեսը։ Մի շարք գործոններ, ինչպիսիք են օրինակ Չինաստանում տնտեսության «աշխատանքի» վերականգնումը, առավել տաք ձմեռային եղանակը, քան սպասվում էր՝ էներգետիկ ճգնաժամում գտնվող Եվրոպայի համար, եւ ԱՄՆ-ում սղաճի կայուն անկումը, բավականին լավ հույսեր են ներշնչում, որ աշխարհն ամեն դեպքում կկարողանա խուսափել գլոբալ տնտեսական ռեցեսիայից։ Բացի այդ, անցյալ ուրբաթ հրապարակվեց, որ բրիտանական տնտեսությունը անցյալ տարվա նոյեմբերին զարմանալիորեն աճ է ունեցել։ ԵՄ տնտեսական լոկոմոտիվ գերմանական տնտեսությունն էլ անցյալ տարվա վերջին կարողացել է խուսափել զգալի կրճատումից։ Այս ամենն իհարկե լավ է, սակայն չպետք է աչքաթող անել, որ մինչեւ այս տարվա վերջ հնարավոր է տեղի ունենա գլոբալ տնտեսական անկում, չնայած տարեսկզբի լավատեսական վիճակին, քանի որ թե Դաշնային պահուստային համակարգն ԱՄՆ-ում, թե Եվրոպական ԿԲ-ն պնդում են, որ հարկ է բարձրացնել մեկնարկային տոկոսադրույքի ցուցիչը։ Տնտեսագետները նշում են, որ արժեթղթերի շուկայում այժմ դրական սպասողական վիճակ է։ Դա արտահայտվում է նրանով, որ զարգացող երկրներում բաժնետոմսերի գնաճ կա, կորպորատիվ արժեթղթերն էլ գտնվում են գնային աճի փուլում։ Դրական սպասումը, ըստ մասնագետների հետ կապված է այն բանի հետ, որ Համաշխարհային տնտեսությունն ամեն դեպքում կկարողանա առանց լուրջ անկման դուրս գալ վերջին տասնամյակի համար ամենից սարսափելի սղաճից։ Ըստ տնտեսագետների, աշխարհը կարծես թե սկսում է հարմարվել նոր իրականությանը։ Ուկրաինական պատերազմով պայմանավորված, գլոբալ մատակարարումների շղթաների փլուզումն ու կտրուկ գնաճն իհարկե շոկային էին, սակայն հիմա կարծես թե մատակարարումների շղթաներում իրադրությունը կամաց կամաց կայունանում է։ Գնաճն էլ 2022-ի «դաժանությամբ» չէ, որ ճնշում է գործադրում Համաշխարհային տնտեսության վրա /ԱՄՆ-ում օրինակ անցյալ տարվա դեկտեմբերի գնաճը կազմել է 6,5 տոկոս, այն դեպքում, երբ 21 թվականի դեկտեմբերին այն եղել է 9,1 տոկոս/։ Սակայն նաեւ պետք է արձանագրել, որ գլոբալ տնտեսական աճի դանդաղում այնուհանդերձ կա։ Սղաճի նվազումը, բնականորեն բերում է մարդկանց գնողունակության աճի։ Ինչը հատկապես ուշագրավ է, բավականին կայունություն եւ դիմացկունություն են ցուցաբերում աշխատաշուկաները։ Թե ինչպիսին կլինի ողջ տարին, դժվար է ասել, սակայն ամեն դեպքում տարսկզբյան լավատեսությունը հուսադրող է, ու նույնիսկ մի փոքր ոգեւորող։