ԱԱԾ նախկին տնօրենը «զրահ է կրում», վարչապետը՝ ոչ ․․․

ԱԱԾ նախկին տնօրենը  «զրահ է կրում», վարչապետը՝ ոչ ․․․

 

Երբ մեկին քննադատում ես, առավել ևս, երբ նա քո ենթական է, պետք է գոնե տարրական օրենք իմանալ, որ կարողանաս հիմնավորել քննադատությունդ։ Եթե չիմացար, քննադատությունը դառնում է անլուրջ, ավելին՝ այն օգտագործվում է քո դեմ։ Իսկ երբ քննադատողը Հայաստանի Հանրապետության վարչապետն է և թիրախն էլ ԱԱԾ նախկին տնօրենը, գործն առավել քան լրջանում է։

Վարչապետի քննադատական խոսքից մի փոքրիկ հատված՝  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին․

«Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ․․․»։

Չշարունակեմ, կրկին ասելն ու լսելը ոչ մի կողմի համար հաճելի չէ ու ինձ ներքին խոհանոցի տնտեսությունը չի հետաքրքրում, որովհետև տարիներ շարունակ նույն բնագավառում աշխատելով, «ճաշացանկին լավ ծանոթ եմ»։

Ինձ այլ բան է զարմացնում։ Անգամ եթե Սահմանադրության այդ դրույթին վարչապետը ծանոթ չէ, բարոյական շրջանակում անհամեստություն չէ՞, որ ինքն  իրեն հռչակում է Գերագույն հրամանատար։ Սա զուտ հոգեբանական առումով։ Նույնիսկ շարքային քաղաքացին, երբ բանակում չի ծառայում, ծառայածների մոտ «մի տեսակ քաշված է խոսում, ինչ որ ձևով իրեն թերի զգում»։ Կապ չունի՝ հարգելի պատճառո՞վ է ազատվել, թե՞ անհարգելի։ 

Մեր Սահմանադրությամբ՝ մինչև պատերազմ հայտարարելը Հայաստանում չկա գլխավոր-գերագույն հրամանատար, պաշտոնյա, որը խաղաղ պայմաններում մշտապես զբաղվի զինված ուժերի ղեկավարությամբ և որը պատասխանատվություն կունենա և կկարողանա Հայաստանի անվտանգության համար անմիջական սպառնալիքի դեպքում անմիջապես որոշում ընդունել զինված ուժերի կիրառման վերաբերյալ։ Իսկ արդեն պատերազմ հայտարարելուց հետո այդ դերը վերապահվելու է ՀՀ վարչապետին։

Սահմանադրության այդ դրույթին ծանո՞թ  չէ վարչապետը։ ՀՀ քաղաքացու համար դա  շատ վիրավորական է, ու վարչապետի կողմից քննադատության թիրախ ԱԱԾ նախկին տնօրենը կարողանում է օգտվել այդ բացից․

Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության  մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն  հրամատար չէ:

Նման դեպքում ասում են՝ ԱԱԾ նախկին տնօրենը  «զրահ է կրում․․․», այսինքն՝ տիրապետում է Սահմանադրությանը։ Իսկ վարչապետը «զրահ չի կրում», այսինքն՝ չի տիրապետում ՀՀ Սահմանադրությանը։  

Վարչապետի զրահը պիտի լինի ՀՀ Սահմանադրությունը։ Եթե չունի, նման պարագայում ոչ միայն վարչապետը, այլ ՀՀ քաղաքացին անպաշտպան է։