Նա ինձ ասաց՝ չոքի, արա, որպեսզի ինձ նվաստացնի նոր սպանի

Նա ինձ ասաց՝ չոքի, արա, որպեսզի ինձ նվաստացնի նոր սպանի

2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես պարզվել էր հետագայում,  վիրավոր անձը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Ջոնի Սամսոնյանն էր։ Նրա վրա նագան տեսակի ատրճանակով երկու անգամ կրակ էր արձակել իր գլխավորած զորամասի աշխատակիցներից Հարություն Սարգսյանը։

Բանն այն է, որ զորամասի հրամանատարը Հարություն Սարգսյանին ազատել է աշխատանքից, իսկ Սարգսյանը նրա վրա կրակելով փորձել է հաշվեհարդար տեսնել։

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այս գործով կայացավ առաջին դատական նիստը։

Գնդապետ Սամսոնյանը նշեց, որ Հարություն Սարգսյանը փորձել է սպանել իրեն, սակայն դա նրան անել այդպես էլ չի հաջողվել։

«Նա ինձ ասաց՝ չոքի, արա, որպեսզի ինձ նվաստացնի և նոր սպանի, սակայն ես դա չարեցի, քանի որ միշտ պահել եմ ինքնասիրությունը։ Ես իմ ծնողներից բացի ոչ մեկի առաջ չեմ չոքի։ Նա ատրճանակը վերևից ներքև էր իջեցնում և ասում՝ չոքի, արա։ Այսինքն ցույց էր տալիս այն տեղը, որտեղ ուզում էր, որ ես չոքեի։ Երբ կրակեց ինձ վրա, իմ և իր միջև հեռավորությունը մոտավորապես երկուսից երեք մետր էր։  Առաջին կրակից հետո ես առաջ շարժվեցի դեպի իրեն, նորից կրակեց, բայց ես կես քայլել առաջ գնացի և կարողացա մատս մտցնել ատրճանակի ձգանի հետևի հատվածը ու չթողեցի, որ նորից կրակի։ Հետո ես պառկեցի նրա վրա և վարորդիս ասացի, որ պարան բերի, որպեսզի կապեն, որ չփախնի։ Երբ պառկած էի նրա վրա,  գլուխը թեքեց, այդ ժամանակ  ես նոր հասկացա, որ Հարություն Սարգսյանն է։ Ես 24 տարի դասեր եմ անցել, թե նման դեպքում ինչպես է պետք վարվել, պաշտպանվել։ Եթե ես չկարողանայի իր և զենքի հետ այդպես վարվել նա սպանելու էր ինձ»,- պատմում էր գնդապետը։

Հարություն Սարգսյանը, որը Արցախյան պատերազմի մասնակից է, նիստի ընթացքում նշեց, որ առաջադրված երկու հոդվածներից մեկը ընդունում է, բայց ամեն դեպքում հրամանատարին սպանելու ցանկություն չի ունեցել։

«Զենքի ապօրինության հոդվածով, այո, ոչինչ չեմ կարող ասել, զենքը ապօրինի է եղել։ Սպանության փորձի հոդվածով միանշանակ ինձ մեղավոր չեմ ճանաչում, հարգելի դատավոր»,-նշեց Սարգսյանը։

Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին։

Մանրամասները՝ տեսանյությում։