Ժորժ Ռոդենբախ․ Սերը եւ մահը

Ժորժ Ռոդենբախ․ Սերը եւ մահը

Կիրակնօրյա մի հետմիջօրեի, ծեր Վարպետի մոտ, որտեղ հաճույքով զրուցում էին կամ, ինչպես Թեոֆիլ Գոթիեն է ասում, մխրճվում լուրջ նյութերի մեջ, խոսակցություն գնաց սիրո մասին: Բանալ մի նյութ: Գարունն էր դրդողը, որ մատղաշ պարտեզից բարձրանում եւ կիսաբաց պատուհաններով մտնում էր ներս: Նոր ծաղկած եղրեւանու բույրն էր զգացվում, նոր ջրած հողի ախորժահոտությունը: Հետո խոսեցին առավոտյան դրամատիկ պատահարի մասին` մեկ անգամ եւս պատմելով երկու սիրահարների ինքնասպանությունը:

Այդ առթիվ վիպասան դե Հոռնը, իր մշտական խուլ ձայնով, որ ասես լիովին համահնչուն էր նրա՝ մոխրանման գորշ աչքերին, որտեղ մարմանդ կրակներ կային, հայտարարեց. «Ոչ ոք իսկապես չէր սիրի, եթե թեկուզ մի պահ չմտածեր իր սիրելիի հետ մեռնելու մասին»:

Ծեր Վարպետը գոչեց. «Գրողը տանի, դա շա՜տ ռոմանտիկ է»: Իրականում նա էությամբ շատ մոտիկ էր XVIII դարին, որպեսզի ըմբռներ կրքի այդ ողբերգական սաստկությունը: Սիրո մեջ նա ընդամենը հետաքրքրասեր էր, եւ նրա համար կինը լոկ թանկագին մի առարկա էր: Սակայն Վալմին, որ այդտեղ էր, առարկեց նրան՝ ուրիշ փաստարկ բերելով:

- Ընդհակառակը, դա շատ դյուրին է բացատրել գիտականորեն, - ասաց նա: 

- Նման դեպքում գործում է ֆիզիկայի ընդհանուր օրենքը, դեպրեսիայի բնական երեւույթը, մի դեպրեսիա, որ ծայրահեղության է հասնում, երբ շատ են սիրում, եւ որը թույլ սիրահարները չեն կարողանում այլեւս հաղթահարել: Ըստ էության, դա լատինացվոց animal triste-ն (տխուր կենդանի) է:

Վալմին դարվինիստ էր: Տեսական իր բացատրությունները նա ներկայացնում էր գիտական չոր բառերով եւ դրա հետ մեկտեղ աչքի էր ընկնում պայծառատեսի հավատով, խանդավառ հայացքով, ձեռքերի տիրական շարժումներով, որ ճանապարհներին դրված ուղեցույցների պես մեկնում էր առաջ: Սակայն դե Հոռնը չթողեց, որ պոզիտիվիստական այդ փաստարկով իրեն ճնշեն: Նա ասաց.

- Այնուհանդերձ պետք է ընդունել, որ սիրուց հետո եկող այդ տխրության մեջ ոչ թե ջանքերին հաջորդող սովորական հոգնությունն է, այլ ավելի շատ՝ բոլոր տոնակատարությունների ավարտից հետո սկսվող մելամաղձությունը, այսինքն՝ հոգեբանական մի երեւույթ...

- Թող այդպես լինի, - համաձայնեց Վալմին: 

- Բայց այդ դեպքում պատճառն այն է, որ հստակորեն չենք գիտակցում Սիրո որոգայթը:

Մարդիկ սկսում են հասկանալ բնության եսասիրությունը, որը մտածում է միայն իր մասին եւ իր վերարտադրության մասին: Նրանք վերջապես զգում են, որ զոհն են դարձել մի խաբկանքի, որն ավարտվում է ցանկությունը բավարարելու հետ: Եվ դա նրանց վշտացնում է:

- Ուրիշ բան էլ կա, - պնդեց դե Հոռնը: - Այդ տխրությունը կախված չէ միայն բնազդից եւ հաճախ շատ գիտակցված է, կատարելապես բանական...

Եվ նա նորից դարձավ իր գաղափարին. «Եթե այդքան սիրահարներ ցանկություն ունեն մեռնելու եւ ամեն օր ավելի ու ավելի հորդաբուխ սիրո մեջ մեռնում են իսկապես, ապա պատճառն այն է, որ սերն ու մահն իրար են կապված նմանությամբ, ասես հաղորդակցվում են ստորգետնյա ուղիներով: Մեկը տանում է դեպի մյուսը: Մեկը բորբոքում է մյուսին եւ դարձնում ավելի նրբին: Կասկած չկա, որ մահը գրգռում է սերը... Թե ոչ, ինչպե՞ս բացատրել գյուղացի սիրահարների մոլուցքը՝ գրկվել ու համբուրվել գերեզմանոցի պատի տակ: Եվ դա հատուկ է ոչ միայն պարզ, այլեւ նրբին հոգիներին: Մի՞թե Միշլեն իր հապաղած սիրո նշանածին, որ ասես փթթող վարդ լիներ, չէր տանում Պեռ-Լաշեզ՝ լավ իմանալով, որ սիրո մասին ավելի լավ կխոսի գերեզմանաքարերի մեջ, մահվան հավերժության առջեւ: Ուրիշ օրինակներ էլ կարելի է բերել: Մարդասպանն իր ոճիրը գործելուց անմիջապես հետո վազում է դյուրին աղջիկների մոտ: Նա հեշտասիրության կարիք ունի, որովհետեւ մահ է տեսել... Հապա մեր հակումը սգավոր կանանց հանդեպ մի՞թե միեւնույն բանը չի նշանակում: Խոսքը միայն շիկահերների մասին չէ, որոնք սեւ զգեստների մեջ ավելի գեղեցիկ են, ավելի քնքուշ եւ ավելի թեթեւ, այլեւ բոլոր նրանց, ովքեր սգի մեջ են եւ դրանով իսկ գրգռիչ ու գայթակղիչ են դառնում մեզ համար, որովհետեւ մահն է նրանց կողքին, նրանց մեջ, եւ այդպիսով երազում ենք, որ մահը խառնվի սիրուն...»:

Ծեր Վարպետը հետաքրքրված լսում էր՝ բարձրացնելով իր գունատ, ասես լուսնի լույսով ողողված դեմքը, որը հիմա ավելի գունատ էր թվում, որովհետեւ օրը մոտենում էր ավարտին: Հյուրասրահի անկյուններում արդեն մթնել էր: Պատճառը ոչ այնքան իջնող երեկոն էր, որքան այս զրույցի հետեւանքով բացված հոգու անմատչելի անկյունները եւ այնտեղից տարածվող խավարը:

Չնայած լուրջ խոսակցությանը, մի թեթեւ հուզմունք էր համակել բոլորին: Բոլորը թաղվել էին հիշատակների մեջ: Դե Հոռնը իր երազային ձայնով ուրվականներ էր արթնացրել: Յուրաքանչյուրն իր մեջ հարություն էր տալիս անցյալի սիրելիներին, անցած ժամերը հիշում, հեռավոր օրերի համբույրները: Ամեն մեկն իր հոգու մեջ մեռած տերեւներ տեսավ, հին տապանաքարեր, նախկինում թափված արցունքների դառնություն: Մինչդեռ կիսաբաց պատուհանից գարունը լցվում էր ներս, պարտեզի նրբին բույրերը գնալով ուժգնանում էին...

Վալմին, միշտ հավատարիմ իր տեսակետներին, պատասխանեց. 

- Դրանք այլասերված նրբություններ են: Դա ոչ մի կապ չունի բնազդի կամ բնածին հատկությունների հետ, ինչպես դուք եք կարծում: Դրանք ծանոթ չէին նախնական բարքերով ապրող ժողովուրդներին, նրանք կարհամարհեին այդ բաները: Վայրենիները նման բաներ չգիտեն:

- Այնուամենայնիվ, - առարկեց դե Հոռնը, - «Երգ Երգոցում» մահն արդեն զուգորդվում է սիրո հետ: «Քանզի հզոր է մահվան պես, խանդը դաժան է դժոխքի նման»: Բացի այդ, - ավելացրեց նա, - ես մի անգամ սեփական փորձով համոզվեցի, որ նրանց միացնող խորհրդավոր մի նմանություն կա... Դա իմ անցյալի տարօրինակ պատմությունն է, որը ես հիշում եմ մի տեսակ սոսկումով: Քսանհինգ տարեկանում մի ընկերուհի ունեի, որին սիրում էի իր գունատության, գեղեցիկ, ասես ինչոր բանից ցնցված տեսքի, նրա դանդաղ քայլվածքի համար... Ասես ավերակների միջով էր գնում: Նա ապրում էր մենակ, իր բիրտ ամուսնուց բաժանված: Մի անգամ մորաքույրը եկավ մոտը, որ դաստիարակել էր նրան, հոգացել հարազատ մոր պես: Նա եկել էր իր կրտսեր քրոջ հետ... Մի քանի օր շարունակ մենք չհանդիպեցինք: Վերջապես նա ինձ լուր ուղարկեց, որպեսզի գնամ հյուրանոց, որտեղ նրանք իջեւանել էին: Մորաքույրը հիվանդ էր: Բարեկամուհիս շարունակ նրա կողքին էր եւ չէր կարող հեռանալ: Այնուամենայնիվ, ցանկացել էր ինձ տեսնել եւ քաջալերվել: Ես գնացի այնտեղ: Հազիվ էինք առանձնացել հիվանդի սենյակի կողքի սրահում, երբ մի սոսկալի աղաղակ լսեցինք: Քիչ հետո նա ինձ էր կանչում գոռալով: Մարդիկ երբեք չեն սխալվում, երբ մահն է գալիս: Ես հասկացա ամեն ինչ եւ շտապեցի իմ հերթին: Մահճակալին մի կին էր պառկած՝ դեմքն արդեն կապտագույն, աչքերը կուլ գնացած, բաց բերանն ասես մի անցք լիներ, որ հոգու դուրս գալուց հետո սեւացել էր, իսկ ձեռքերն ընկած էին մարմնի երկայնքով՝ ինչպես պարտվածի զենքեր: Դուք կարող եք պատկերացնել այդ մահը հյուրանոցում, մենակ, ակնթարթային, առանց որեւէ մեկից օգնություն ստանալու, առանց որեւէ մեկին հրաժեշտ տալու: Հաջորդող ժամերի ընթացքում իմ սիրուհին ինձ թվաց ազնիվ ու ավելի հանդիսավոր: Նա գրեթե նույն գունատությունն ուներ եւ նման էր մեռյալին հսկող արձանի... Նրա կրտսեր քույրը, բազկաթոռին նստած, կատարելապես ճնշված, լուռ լալիս էր: Գերագույն պարտականությունները կատարելուց հետո պետք էր դուրս գալ՝ թաղման հետ կապված հոգսերով զբաղվելու. մահն արձանագրել, սգո արարողությունները նախապատրաստել, ազգականներին հայտնել... Սիրուհիս, մի տեսակ քնքշությամբ, ինքը ցանկացավ զբաղվել ընտանեկան այդ հոգսերով՝ մյուս բոլորին հեռու պահելով դրանցից: Ինձ խնդրեց ընդամենը մնալ կրտսեր քրոջ կողքին, որը վախենում էր հյուրանոցի մեռելական հարկաբաժնից... 

Մի երկար մթնշաղ անցկացրի նրա հետ: Եվ ահա թե որն է իմ անցյալի պատմության անըմբռնելի արտառոցությունը: Ես աշխատում էի ամեն կերպ մխիթարել, քաջալերել այդ որբուհուն: Մարդկային բառերն այնքա՜ն անզոր են... Քույրն էլ, զգալով դա, չէր խոսում: Նա նստել էր կողքիս: Մենք գտնվում էինք հարեւանությամբ այն սենյակի, ուր ոչ ոք չէր համարձակվում մտնել... Ես ցանկացա լույսը վառել: «Ոչ, պետք չէ, ինձնից մի՛ հեռացեք», - ասաց նա: Եվ նա ձեռքս բռնեց՝ ասես շնորհակալություն էր հայտնում, որ կարեկցում եմ, որ օգնում եմ իրենց այս լքված վիճակում, որ իրենց վիշտն ամոքող մարդկային էակ կա այդտեղ: Արցունքները նրան նմանեցրել էին երեխայի: Եվ ես դրանք լուռ սրբում էի... Մի պահ նա ձեռքերս սեղմեց: Ես, անշուշտ, չէի կարող որեւէ վատ բան մտածել: Նա մոտեցավ ինձ եւ հպվեց ուսիս, ասես գլուխը ծանրացել էր արցունքներից: Մեր մազերն ակամայից քսվեցին, խառնվեցին իրար: Այդ ի՞նչ կործանաբեր խենթություն էր, որ հանկարծ հրկիզեց մեզ: Այդտեղ, մահվան այդ բնակարանում, դիակի կողքին, նրա դեմքը դիպավ իմ դեմքին... Հետո, ասես ակամայից, մեր բերաններն իրար փակչեցին, ինչպես շշի բերանին: Արդյոք դա սե՞ր էր: Դա անկարելի էր նման պահին, դա ահավոր մի սրբապղծություն էր, հրեշավոր մի բան: Բացի այդ, թանձրացող խավարի մեջ, երեկոյան ստվերների հետ խառնված, ես անորոշ մի բան էի դարձել, տարտամ մի ձեւ՝ գրեթե զուրկ մարդկային կերպարանքից: Ես հասկացա, որ հաշվից դուրս եմ, որ ընդամենը վաղանցուկ եւ անհրաժեշտ մոռացումն եմ այս խոր վշտի մեջ:

Նա համբույրի կարիք ուներ, ինչպես մի թմրադեղի՝ մորֆին կամ օպիում, պարտադիր մի ըմպելիք... Նա մոռանում էր այդկերպ, այլեւս ոչինչ չէր գիտակցում, ասես տրվում էր ինքնահոսին, լքում ինքն իրեն, մատնվում հեշտագին ինքնամոռացման... Սոսկալի տեսարան էր: Ես դողում էի, ամաչում: Արդյոք ե՞ս չէի մեղավորը: 

Այնպես որ, հետագա օրերի ընթացքում չէի համարձակվում նրան նայել: Նա հանգիստ, առանց խղճի խայթի, նորից այդ խորհրդավոր տեսքն ընդունեց, որն արդեն ինձ ծանոթ էր վաղուց՝ քրոջ հետ ունեցած հազվագյուտ հանդիպումներից: Հետագայում շարունակ միեւնույն խորունկ անտարբերությունն էի տեսնում իմ հանդեպ, ասես ոչինչ չէր եղել: Եվ իսկապես ոչինչ չէր եղել: Եվս մեկ անգամ Սերն ու Մահը իրենց մեղսակցությունն էին հաստատել՝ խորհրդավոր, աներեւույթ ուղիներով իրար կապված... Մահն էր իր հարեւանությամբ գրգռել... 

Դե Հոռնը մի պահ կանգ առավ: Բոլորը լուռ էին: Փոքրիկ հյուրասրահն ասես ընդարձակվել էր: Պատճառը իջած երեկոն էր, որ ջնջել էր մանրամասները... 

Նա արագ խոսելով ավելացրեց՝ ասես վերջ դնելով իր հուշերին, որոնց երկար պատմությունն ամբողջ ուշադրությունն էր գրավել. 

- Դա ամենուր եւ միշտ այդպես է. «մահ» բառը եւ «սեր» բառը հանգում են իրար, ասես մի լեռան երկու երեսները լինեն: Ահա թե ինչու ասացի. «Ոչ ոք իսկապես չի սիրել, եթե չի ցանկացել մեռնել իր սիրելիի հետ միասին», քանզի այն կետը, ուր հանդիպում են երկու երեսները, լեռան գագաթն է, վճռական պահը: Եվ այդժամ Սերն ու Մահը նույնանում են... 

Դե Հոռնը լռեց: Նրա գորշավուն աչքերում, մոխրի գորշության մեջ, կայծերը մարեցին: Լռություն հաստատվեց: 
Ծեր Վարպետը կարծես մտորում էր: Նրա պայծառ միտքը, քննարկման նրա մեթոդը մերժում էր ընդունել խորհրդավորը: Նա համարձակվեց ներողամտությամբ հայտարարել. 

- Այո, բնության մեջ ծածուկ մղումներ կան եւ ուժեր: 

Ոչ ոք չխոսեց: Յուրաքանչյուրը մտածում էր կյանքի մասին, իր կյանքի մասին: Մատղաշ պարտեզից հավերժական գարնան բույրեր էին տարածվում: Փոքրիկ հյուրասրահն այժմ՝ երեկոյան խավարով ամբողջովին նվաճված, ավելի տխուր տեսք ուներ... Եվ Ստվերն ու Լռությունը միացան, եւ թվում էր, թե Սերն ու Մահն էին, որ եւս մեկ անգամ միաձուլվեցին։

Թարգմանիչ՝ Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ