Շանս տվեք բոլորին

Շանս տվեք բոլորին

Ամեն օր բախվում ենք հայ մարդու` կարեւորն անկարեւորից չտարբերելու խնդրին: Դա է մեր դժբախտությունների հիմքում: Եթե դու համարում ես, որ մեր երկրի աղետալի վիճակի մեղավորը մեկ մարդ է, ուրեմն պետք է այդ խնդրի լուծման ուղիներ փնտրես:

Իհարկե, տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ պատկերացնել այդ լուծումը: Սակայն անվիճելի է, որ հասարակության այս անհաղորդ վիճակը պայմանավորված է ոչ թե նրանով, որ մարդիկ գոհ են այս իշխանություններից, այլ ուղղակի այլընտրանք չեն տեսնում: Պարզ է, որ նախկինների վերադարձը չեն ուզում, նոր մարդու փնտրտուքի մեջ են, իսկ նոր մարդ չկա: Եվ հասարակության շարքային անդամը պարտավոր էլ չէ գտնել այդ մարդուն:

Նման առաքելություն ունեն քաղաքական ուժերը, հասարակության ակտիվ հատվածը, այսպես կոչված` էլիտան: Այլընտրանքը, իսկ ավելի պարզ ասած` վարչապետի թեկնածուն, պետք է գտնեն մտածող, ակտիվ, քաղաքականացված  մարդիկ եւ ներկայացնեն շարքային ընտրողին:

Այսինքն, պատասխանատուն, մեծ հաշվով, հասարակության կրթված զանգվածն է, որն իր գործը չի անում: Որը չի կարողանում կարեւորն անկարեւորից տարբերել, չի կարողանում գտնել առաջնորդներ եւ ներկայացնել լայն զանգվածներին: Իսկ չի կարողանում, որովհետեւ անհաշտ է ինքն իր ու կողքինների հետ: Գրագետ չէ, հասուն չէ: Չար է ու անհանդուրժող: Եթե լիներ հասուն, գրագետ, հանդուրժող եւ գործուն, ապա անհնարին է, որ մեր հասարակության ներսում չգտնվեր այդ թեկնածուն:

Եվ անհնարին է, որ այդ էլիտան չհասկանար` հարկավոր է շանս տալ բոլորին. Ռուբեն Վարդանյան կլինի, Արման Թաթոյան, թե Ավետիք Չալաբյան կամ մի Պողոս Պողոսյան: Բոլորն իրավունք ունեն փորձելու, եւ ասպարեզ մտած ցանկացած մեկին արագ խորտակելով, դուք ընդամենը երկարաձգում եք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը: