Ի՞նչ կլինի, եթե չընդունվի Իլհամի պահանջը

Ի՞նչ կլինի, եթե չընդունվի Իլհամի պահանջը

Երբ վարչապետի աթոռից կառչած անձի ենթակաները հերքում են ՀՀ Սահմանադրությունն արմատապես վերափոխելու հարցում թուրք-ադրբեջանական զույգի պահանջները կատարելու իրողությունը, իշխանամերձ համայնքի ներկայացուցիչներից մեկն ասում է, որ կոնկրետ Իլհամի պահանջը չկատարելը կնշանակի Հայաստանի վրա հարձակվելու՝ լեգիտիմացման հնարավորության մատուցում Ադրբեջանին: Հիշեցնեմ, որ վերջինիս առաջնահերթ պահանջն Արցախի հիշատակումը Սահմանադրությունից դուրս բերելն է: Նիկոլամերձի կարծիքը հիմնավորված է վարչապետի աթոռից կառչած անձի գրավոր հայտարարությամբ, որ Արցախն ադրբեջանական տարածք է: Բայց կարծիք հայտնողը չի հիմնավորում, թե ինչ իրավունքով է Ադրբեջանը հարձակվելու Հայաստանի վրա, եթե նույնիսկ այդ պահանջը չկատարվի: Քանի որ իրականության մեջ Արցախն արդեն դարձել է Ադրբեջանի մաս, իսկ թե ինչ է գրված ՀՀ Սահմանադրությունում, դա ՀՀ զուտ ներքին գործն է: Հատկապես որ խոսքի շարունակության մեջ երեւում է, որ Սահմանադրությունն ամբողջովին փոխելն ինքը պայմանավորում է պետական անկախ մարմինների անկախության աստիճանը բարձրացնելու, ընտրությունները չկեղծելու եւ ներքին այլ խնդիրների արծարծմամբ:  

Դա հասկացանք, հիմա տանք հարցերը՝ հաշվի առնելով, որ Իլհամը պահանջում է նաեւ Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերը կամ, այսպես կոչված, Արեւմտյան Զանգեզուրը: Եվ նույնիսկ Երեւանը եւ ընդհանրապես ողջ Հայաստանը՝ մեր երկիրն անվանելով Արեւմտյան Ադրբեջան: Եթե վարչապետի աթոռից կառչած անձը նույն տրամաբանությամբ չբավարարի Իլհամի այդ պահանջը եւս, ապա նրան չի՞ տա, արդյոք, լեգիտիմացման հաջորդ հնարավորությունը: Թե՞, այնուամենայնիվ, այդ մեկին ինքը չի կարող համաձայն լինել, քանի որ դա կնշանակի պետականության կորուստ: Իսկ դրա հետ միասին ինքը կկորցնի նաեւ իր իշխանությունը: Բայց դա չի նշանակում, չէ՞, որ այդ հնարավորությունը կվերանա: Կամ էլ պետք է ընդունենք, որ Իլհամը, օրինակ, Հայաստանի ներքին գործերին խառնվելու իրավունք ունի, քանի որ այն, թե ինչ է գրված ՀՀ Սահմանադրությունում, ինչպես ասվեց, զուտ ՀՀ ներքին գործն է: Բա այդ դեպքում ո՞ւր մնաց ՀՀ ինքնիշխանությունը, որ Նիկոլը փորձում էր պաշտպանել Ռուսաստանից: Թե՞ այն, ինչ չէր կարելի Ռուսաստանին, թույլատրելի է Ադրբեջանին:  

Իսկապես, ի՞նչ կլինի, եթե Նիկոլը չընդունի ՀՀ Սահմանադրության նախաբանը հանելու Իլհամի պահանջը: Չէ, ավելի ճիշտ՝ ոչ թե չընդունի, այլ՝ չկարողանա: Ենթադրենք, որ երկրում հրաշք տեղի ունեցավ, եւ անտարբերների զանգվածը վերջապես զգայնություն ցուցաբերեց հայրենիքի ճակատագրի հարցում ու միացավ հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածին: Եվ երկուսը միասին հանրաքվեում տապալեցին Սահմանադրությունն արմատապես վերափոխելու Նիկոլի ծրագիրը: Ենթադրենք, որ այդ ծրագիրը մերժելուն տրված ձայներն այնքան ակնհայտ մեծամասնություն էին, որ նույնիսկ Նիկոլը չփորձեց կեղծել հանրաքվեի արդյունքները: Եվ, բնականաբար, տապալվեց ադրբեջանական պահանջով Սահմանադրության նախաբանից Արցախի հիշատակումը հանելու միակ հնարավոր տարբերակը: Դրան գումարենք նախաբանից Ցեղասպանության հիշատակումը հանելու, ինչպես նաեւ Արարատ սարը գերբի վրայից ջնջելու թուրքական պահանջները: 

Կարծում եմ, որ ոչինչ էլ չի պատահի, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ եւ «ժողովրդավարական» Թուրքիան պարտավոր է հարգել ՀՀ քաղաքացիների (մի ժամանակ՝ հպարտ) կամքը՝ արտահայտված օրինական հանրաքվեի միջոցով: Թուրքիան կարող է, իհարկե, դրդել Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի վրա: Բայց հուսով եմ, որ դա թույլ չի տա Ռուսաստանը, որը Հայաստանի հետ ունի փոխադարձ օգնության պայմանագիր: Եվ նրան արդեն դժվար թե խանգարի ռուս-ուկրաինական պատերազմը, քանի որ այն հաջողությամբ ավարտելու հեռանկարն արդեն ակնհայտ է: Ադրբեջանական հարձակմանն այդ անգամ ավելի ակտիվ կընդդիմանա նույնիսկ Արեւմուտքը, որին, չեմ կարծում, թե ձեռք տա ադրբեջանական նոր ագրեսիան: Որովհետեւ այն, նախ, զուրկ կլինի որեւէ լեգիտիմությունից, եթե նույնիսկ դրան փորձի հենվել Իլհամը՝ օգտագործելով նիկոլամերձ շրջանակի դիրքորոշումն այդ հարցում: Եվ երկրորդ․ այդ պատերազմը կարող է ծավալվել, ինչը կհակասի արեւմտյան երկրների աշխարհաքաղաքական շահերին:  
Վերջաբանի փոխարեն. ՔՊԿ-ական «ազգընտիրներից» մեկի կարծիքով, ժողովուրդն է որոշելու, թե ինչպիսին պետք է լինի նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթներին հղումը: Թե ինչպես է այդ հարցը որոշելու ժողովուրդը՝ երեւի այս պահին չգիտի նույնիսկ ինքը: