Ինչու է կոռուպցիան համակարգային եւ համատարած

Ինչու է կոռուպցիան համակարգային եւ համատարած

Կոռուպցիայի դրսեւորումներն ամենուր են եւ բոլոր ոլորտներում: Փաշինյանն անընդհատ բողոքում է կոռուպցիայի առկայությունից, նրա ենթակայության տակ գտնվող իրավապահ կոչվող մարմիններն անընդմեջ բացահայտումներ են անում, բայց դրանից կոռուպցիայի չափերը ոչ թե փոքրանում են, այլ՝ մեծանում: Փաշինյանը կոռուպցիա է հայտնաբերում դպրոցաշինության ոլորտում` մարզպետներ ու քաղաքաշինության կոմիտեի նախագահ ազատում աշխատանքից, բարձր տեխնոլոգիաների նախարար է ազատվում, որովհետեւ այդ նախարարությունը դրամաշնորհ է տվել դրամաշնորհը ստանալու պահին փակված կամ ստանալուց օրեր անց գործունեությունը դադարեցնող ընկերություններին: Փաշինյանը բողոքում է, որ կոռուպցիա կա զորակոչային ծառայությամբ զբաղվող մարմիններում: Երեւանի քաղաքապետարանում նույնպես կոռուպցիայի դրսեւորումներ կան, որոնց մի մասը բացահայտվում է:

Կոռուպցիա կա ասֆալտապատման ոլորտում․ մի տարի էլ չանցած՝ նոր ասֆալտապատված ճանապարհը քանդվում է, հսկիչներ են նշանակում, որ կշռեն բեռնատարները, թույլ չտան գերբեռնվածություն, պարզվում է` բոլորը կաշառք են վերցրել: Իսկ ամենաթարմ կոռուպցիոն սկանդալը նախորդ օրն էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալությունն էր` վարչության պետի, այլ աշխատողների հետ բերման ենթարկելը: Մարդը Ռուսաստանից եկել էր Հայաստան՝ երկրի շենացմանը մասնակցելու, հիմա մեղադրվում է հարյուր միլիոնավոր դրամներ պետությունից յուրացնելու կամ վատնելու մեջ: Թվում է` Փաշինյանը պայքարում է կոռուպցիայի եւ կոռուպցիոներների դեմ, բայց դրանք այնքան շատ են, որ պայքարի վերջը չի երեւում, ում նշանակում ես պաշտոնի, պարզվում է՝ պաշտոնն օգտագործում է պետության եւ հանրության միջոցները սեփականացնելու համար: Հարց է առաջանում` ինչո՞ւ է կոռուպցիան համակարգային եւ համատարած, չնայած Փաշինյանի կողմից այդքան կատաղի «պայքարի» իմիտացիային, որի նպատակը նաեւ համատարած կոռուպցիայից տարանջատվելն է:

Այս հարցը երկու պատասխան ունի, ես գոնե երկուսը գիտեմ: Առաջինն այն է, որ պետական կառավարման համակարգում աշխատող պաշտոնյաները տեսնում են, որ բոլորը խրված են կոռուպցիայի մեջ, իրենց վերադասը, վերադասի վերադասը, ու այդպես մինչեւ վերջ, մինչեւ իշխանության բուրգի գագաթը: Կոռուպցիայի բացահայտումները կոռուպցիայի գագաթին կանգնած մարդկանց չեն հասնում, որովհետեւ բացահայտողները գտնվում են նրանց ենթակայության տակ, ոչ մի քննիչի կամ դատախազի մտքով չի անցնի կոռուպցիայի մեղադրանք ներկայացնել վարչապետի կամ նախարարի պաշտոն զբաղեցնողին, որովհետեւ կազատվի պաշտոնից, գուցե ինքը հայտնվի մեղադրյալի աթոռին, հաստատ մի պատճառ կգտնեն: Քննիչները եւ դատախազները գիտեն, որ կոռուպցիան բացահայտվում է ընտրողաբար. բացահայտվում է այն դեպքում, երբ վերեւից կա հրահանգ՝ այսինչ կամ այնինչ մարդու նկատմամբ քրեական գործ հարուցելու, նրա կատարած հանցանքը բացահայտելու: Պատկերացրեք, որ նախարարների, փոխնախարարների, մարզպետների, վարչության պետերի 100 տոկոսը զբաղված է կոռուպցիոն գործարքներով, բայց իրավապահ կոչվող մարմինները քրեական գործ են հարուցում եւ կալանավորում միայն նրանց, ում հետ կապված կա հրահանգ: Պետական կառավարման համակարգում ձեւավորվել է մի մթնոլորտ, ըստ որի՝ կոռուպցիան դատապարտելի չէ, նույնիսկ խրախուսվում է, եթե այն իրականացվում է վերադասի հետ համաձայնեցված, այդ դեպքում կան անվտանգության երաշխիքներ: Բոլոր նրանք, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվում, կա՛մ ազատվում են աշխատանքից, կա՛մ պատժվում են ոչ թե կոռուպցիայի համար, այլ ինքնագործունեության: Այդ մարդիկ, դրսեւորելով ագահություն եւ զբաղվելով ինքնագործունեությամբ, որոշում են ավելի շատ փող աշխատել` վերադասից թաքուն ինչ-որ կոռուպցիոն գործարքներ են իրականացնում, որ չկիսվեն: Մի անգամ է ստացվում, երկրորդ-երրորդ անգամ, բայց մի օր էլ նրանց կալանավորում են: Որեւէ մեկը նրանց չի պաշտպանի, քանի որ արժանի են պատժի, նրանք փորձել են վերադասից թաքուն, առանց վերադասի հետ կիսվելու փող շինել: Նրանք պատժվում են, որ մյուս բոլոր նման մարդկանց դաս լինի, որ հնարավոր չէ թաքուն փող աշխատել, բուրգի վերեւում գտնվողն ամեն ինչ տեսնում է եւ պատժում:

Սա ամենակարեւոր եւ ամենահիմնական պատճառն է, որը կոռուպցիան սարքում է համատարած՝ դրան տալով համակարգային բնույթ: Բայց կա նաեւ մեկ այլ ոչ պակաս կարեւոր պատճառ, որին մասամբ առիթ ունեցել ենք անդրադառնալու: Փաշինյանը Հայաստանը սարքել է կործանման եզրին գտնվող պետություն, բոլորի, այդ թվում պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներին թվում է, թե երկիրը, պետությունն ապագա չունի, այն ուր որ է կկործանվի: Իսկ ի՞նչ պետք է անել անապագա եւ կործանվող երկրում. պոկել սեփական հասանելիքը, ինչ-որ արժեքավոր բան փախցնել, որը հետագայում կարող է պետք գալ: Յուրաքանչյուր պետական պաշտոնյա համոզված է, որ իրեն եթե չազատեն էլ աշխատանքից, ապա մի օր պետությունը կարող է չլինել, եւ դրա հիմքով ինքը կարող է կորցնել աշխատանքը, իսկ նման դեպքի համար պետք է հիմա ունեցած հնարավորությունն օգտագործել, փող աշխատել, փող կուտակել, «որքան շատ` այնքան լավ» սկզբունքով: Աշխատավարձով շատ փող չես կուտակի, իսկ, այ, պետական միջոցների թալանով հնարավոր է, մանավանդ որ դրանով զբաղվում են բոլորը: Դե, եթե բռնեն կամ զրկեն ազատությունից, էլի ոչինչ, կան, չէ՞, մարդիկ, այդ թվում՝ նախկին նախարարներ, որ նստած են, բայց մի օր դուրս կգան եւ այդ ժամանակ գոնե կունենան ապահովված ապագա` Հայաստանից դուրս:

Այսինքն՝ պաշտոնյաներն աշխատում են ոչ թե Հայաստանի զարգացման, Հայաստանի ապագայի եւ հեռանկարի համար՝ համարելով, որ այդպիսին գոյություն չունի, այլ իրենց անձնական ապագայի եւ հեռանկարի համար: Որովհետեւ տեսնում են, որ նույն հոգեբանությամբ ու տրամաբանությամբ է գործում երկրի ղեկավարի պաշտոնին հայտնված անձը, իսկ իրենք նրանից ինչո՞վ են պակաս, ինչ է` իրենք լավ ապրել չե՞ն ուզում, թե՞ իրենք չեն հասկանում, որ պետք է ամեն վայրկյան պատրաստվել կործանվող նավից թռչելուն:

Ավետիս Բաբաջանյան