Նույնն է, թե պատռես Պիկասոյի նկարները եւ ասես՝ ամեն ինչ կորած չէ, կկարկատենք

Նույնն է, թե պատռես Պիկասոյի նկարները եւ ասես՝ ամեն ինչ կորած չէ, կկարկատենք

«Հրապարակի» զրուցակիցը ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն է:

- Երեւանը վերածվել է անտեր քաղաքի՝ ով որտեղ ինչ ցանկանում՝ կառուցում է: Թամանյանական շենքերի հարեւանությամբ բարձրահարկ նորակառույց շենքեր են: Ի՞նչ պետք է անել, որ քաղաքի ճարտարապետական նախագիծը չփչանա։

- Բոլոր քաղաքներում պետք է քաղաքաշինական խորհուրդներ լինեին, ու այդպիսի հարցերով զբաղվեին: Կա նաեւ Ճարտարապետների միություն: Նրանք եւս պետք է շատ ուշադիր լինեն, քաղաքի դիմագիծը փչացնող կառույցների մասին հայտարարություններով հանդես գան:

- Կարծում եք՝ Ճարտարապետների միության՝ պալատի, հայտարարությունները հայրենի օլիգարխների ախորժակը կարո՞ղ են զսպել:

- Որոշ չափով՝ գուցե: Ինչքան հնարավոր է՝ միությունը խոսում է:

- Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ Թամանյանի ճարտարապետական նախագծով կառուցված շենքի հարեւանությամբ 16 հարկանի բարձրահարկ շենք է կառուցվում:

- Իհարկե, կան նման դեպքեր, որոնք փչացնում են քաղաքի ճարտարապետական նախագիծը, սակայն չի կարելի ասել, թե դա համատարած է: Պատահում են նման դեպքեր, բայց ոչ միշտ: Այս բոլորի պատճառը քաղաքաշինության խորհրդի բացակայությունն է: Քաղաքապետարանը որոշել է, որ քաղաքաշինության խորհուրդ Երեւանին հարկավոր չէ: Հիմա քիչ թե շատ Ճարտարապետների միությունն է աշխատում: Վերջերս նոր վարչություն է ընտրվել, որը համալրվել է երիտասարդ ու խելացի կադրերով: Հավանաբար, նրանք ավելի գործունյա են եւ բանիմաց: Խնդիրները բավականին բարդ են այսօր, այնքան բարդ, որ դա բացատրելն անհնար է:

- Որոշ շրջանակներ բարձրահարկ շենքերով հիանում են, կարծում են, թե դրանք եվրոպական ստանդարտներին ավելի մոտ են: Ձեզ այդ շինությունները դուր գալի՞ս են:

- Այնքան էլ դուր չեն գալիս, որոշ շինություններ փչացնում են քաղաքի տեսքը: Այս ամենի հիմքում բարդ քաղաքաշինական խնդիրներ են թաքնված, որոնց մասին խոսել չեմ ցանկանում:

- Ո՞ր նորակառույց շենքերը կառանձնացնեք՝ որպես քաղաքի տեսքը փչացնող, քաղաքը տգեղացնող կառույցներ:

- Չեմ կարող առանձնացնել, դրանք շատ են: Պետք է առանձին-առանձին ուսումնասիրել եւ եզրակացություն ներկայացնել: Ցավալի է, որ Երեւանը չունի քաղաքաշինության խորհուրդ:

- Ձեր կարծիքով` ինչո՞ւ չունի….

- Քաղաքապետարանն այդպես է ցանկանում….

- Վերջին օրերին հասարակությունը բուռն կերպով քննարկում է Հանրապետության հրապարակի զարդարանքները: Կառավարության շենքի վրա 8 հազար անցք է արվել, որպեսզի հրապարակը լուսավորվի եւ, իբրեւ թե, հեքիաթային տեսք ստանա….

- Շատ վատ, սարսափելի բան են արել, չի կարելի այդպես թեթեւսոլիկ վերաբերվել հուշարձաններին: Պետք է լրջանալ: Այդ տոնակատարությունները մի քանի օր են տեւելու: Ո՞նց կարելի է մի քանի օրվա համար այդպես վարվել նման կարեւորություն ունեցող կառույցի հետ: Այդ լույսերը հանվելու են, իսկ շենքը հավերժ է:

- Իշխանավորները պնդում են, որ այդ անցքերը վերանորոգման ենթակա են: Ինչպե՞ս պետք է վերանորոգեն շենքի վրայի զարդանախշերի վրա արված անցքերը:

- Դրանք վերանորոգելն անհնար է, որովհետեւ շենքի վրա եթե անցք է արվում՝ վերջ: Նույնն է, թե պատռես Պիկասոյի նկարները եւ ասես՝ ամեն ինչ կորած չէ, կկարկատենք նկարը: Ցեմենտով կարելի է մի փոքր վերանորոգել, սակայն դա չի կարող տալ շենքի հին պատկերը: Թամանյանը մի անգամ շենք է կառուցել, հիմա այդ շենքը պետք է հանգիստ թողնել, չի կարելի այդպես ծակծկել, հետո ասել` դե կվերանորոգենք: Շենքը վնասելուց առաջ պետք է նախապես մտածեին, թե ինչպես պետք է այն վերանորոգվի:

- Օրինակ, եթե Խորհրդային Միության տարիներին այսպես ծակծկեին պատմամշակութային արժեք ունեցող շենքը, ի՞նչ տեղի կունենար` դժգոհություններից զատ:

- Այն ժամանակ էլ մի բան չէր: Անցյալը պետք չէ հիշել, շատ վատ բաներ էլ են եղել:

- Ի՞նչ դեպքեր կհիշեք:

- Եկեք մտածենք այսօրվա 8 հազար անցքի մասին…