Ստիպված ենք

Ստիպված ենք

2023-ի հուլիսի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հանդիմանում էր լրագրողներին, թե` «Դուք շատ մեծ մասով ապահովեցիք, որպեսզի ադրբեջանական նարատիվը դառնա հայկական օրակարգի մաս եւ քննարկման առարկա»։ Ավելին` ասում էր. «...մեր լրատվամիջոցներն ավելի շատ Ադրբեջանի նարատիվն են տարածում, քան Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության»:

Հաջորդիվ նրա «խոսնակ» ԱԺ նախագահն էր հանդիմանում խորհրդարանական ընդդիմությանը. «Չե՞ք նկատում, որ հարեւան երկրի նարատիվներն եք գցում շրջանառության մեջ: Որ չհասկանայիք, կասեի՝ լավ, չեն հասկանում»: Մինչդեռ այս հանդիմանություններին զուգահեռ հենց իրենք են տարածել այդ «նարատիվները», եւ Փաշինյանը վերջին տարիներին կառավարության նիստերի մի ահռելի հատված, որպես կանոն, նվիրել է Ալիեւի «նարատիվները» տարածելուն, քանի որ համարել է, թե հարեւան պետության ղեկավարի լպիրշ հայտարարություններին պատասխանելու լավագույն հարթակը ՀՀ կառավարության նիստերն են: Ու դրանց ժամանակ ոչ միայն Ալիեւին է արձագանքել, այլեւ միջազգային հանրությանն ուղղված ինչ-որ ակնարկներ արել: Եվ հաճախ ձեւական ու ոչինչ չասող այդ նիստերը, որտեղ քննարկվող հարցերի մեծ մասը «չզեկուցվող» են ու գաղտնի, ուղղակի վերածվել են շոուի, փիառ ակցիաների, հանրությանը զոմբիացնելու, մի քիչ էլ` առաջիկա արհավիրքների մասին նախազգուշացնելու միջոցառումների:

Իսկ մեր` լրագրողներիս «ուշքը չի գնում» Ալիեւի բարբաջանքները տարածելու համար: Քիչ թե շատ իրեն հայ համարող ամեն մի մարդ այսօր ատելության եւ զզվանքի զգացումից բացի Հեյդարի որդու հանդեպ այլ զգացում չի կարող ունենալ: Իրականում՝ մենք ստիպված ենք գրում, փոխանցում չափերը կորցրած բռնապետի «նարատիվները», որովհետեւ դրանք իրականություն դառնալու «սովորույթ» ունեն: