Ինչո՞ւ են Ֆրանսիան ու ԱՄՆ-ն իրենց այսպես պահում

Ինչո՞ւ են Ֆրանսիան ու ԱՄՆ-ն իրենց այսպես պահում

«Հրապարակի» հարցազրույցը ՌԴ ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի հետ

- Պարոն Եվսեեւ, այսօր հայ ժողովրդին դիմելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ երկրներ, որոնք ունեին այդ հնարավորությունը, ճիշտ չգնահատելով իրավիճակը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ ռազմավարական զսպման ճանապարհով չգնացին։ Ավելին՝ նա այդ իրավիճակը նմանեցրեց 1938 թ․ Մյունխենյան համաձայնագրի հետ (կամ «Մյունխենի դավաճանություն» անունն ստացած համաձայնագիր՝ Ֆրանսիայի եւ նացիստական Գերմանիայի միջեւ, որով Ֆրանսիան չպետք է ռազմական օգնություն տրամադրեր Չեխոսլովակիային, Գերմանիայի կողմից Սուդետների մարզի գալիք օկուպացիայի ժամանակ` դավաճանելով ֆրանս-չեխոսլովակյան դաշինքին եւ նացիստական Գերմանիային  թույլատրելով բռնակցել Սուդետների մարզը, որը Չեխոսլովակիայի արեւմտյան տարածաշրջանն էր՝ 800 հազար բնակչությամբ): Ի՞նչ կասեք։

- Նկատի ունի երկրների՞ն, որոնք Ադրբեջանի ու Թուրքիայի վրա ազդեցություն ունեն եւ որ չկանգնեցրին այս պատերազմը։

- Այո։

- Կարող եմ ասել հետեւյալը․ Թուրքիան, որը 1992-14994թթ․ պատերազմի ժամանակ հանդես էր գալիս Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման օգտին, այս անգամ ակտիվ մասնակցում է դրան իր F-16 կործանիչներով, հարվածային անօդաչուներով։ Պետությունները, որոնք կարող էին լուրջ ազդեցություն ունենալ պատերազմի դադարեցման հարցում, կցանկանայի նշել՝ ԵԱՀԿ ՄԽ 2 համանախագահ երկրներն են՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։ Ֆրանսիան, չգիտես ինչու, կարծում է, որ իր համար ամենագլխավորը ոչ թե Լեռնային Ղարաբաղում պատերազմն է, այլ  այն, որ Թուրքիան նվազեցնի իր ակտիվությունն Աֆրիկայում՝ Լիբիայում եւ այլ աֆրիկյան երկրներում։ Ֆրանսիայի համար, չգիտես ինչու, Լեռնային Ղարաբաղի հարցը երկրորդ պլանում է։ Համարում եմ, որ սա միանգամայն անընդունելի է․ եթե Ֆրանսիան այդքան ակտիվ պաշտպանում է Նավալնիի հարցով հակառուսական հայտարարությունները, ապա ինչո՞ւ չի օգնում, որ հակաթուրքական հայտարարություններ ընդունվեն։

- Լավ, ենթադրենք՝ այդպես է, բայց չէ՞ որ Ֆրանսիան Հարավայում Կովկասում չկա, ավանդաբար՝ Ռուսաստանն է այստեղ։

- Այո։ Բայց եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան անհրաժեշտ ջանքեր գործադրեին, Ֆրանսիան կարող էր ԵՄ-ում  առաջ տանել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ, արգելել անօդաչուներով հարվածները, իսկ ԱՄՆ-ն Թուրքիայի վրա կարող էր ֆինանսատնտեսական ճնշումներ գործադրել։ Բայց չեն անում, ու ստացվում է, որ ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահ երկրներից միայն Ռուսաստանն է փորձում կարգավորել այս զինված հակամարտությունը։ Սա հիմա ամենամեծ խնդիրն է։ Ֆորմալ, այո, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ են (Ղարաբաղի հարցում՝ որպես ՄԽ համանախագահ երկրներ), բայց իրենց ռեալ օգնությունն ինչ-որ չկա։ Ինչո՞ւ են Ֆրանսիան ու ԱՄՆ-ն իրենց այսպես պահում։ Այդպես են պահում՝ մտածելով, որ եթե Հայաստանը կորցնի Ղարաբաղը, կթուլացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ նրանց էլ ավելի հեշտ կլինի Հայաստանի վրա ազդեցություն գործելը։ Սա է Վաշինգտոնի ու Փարիզի պահվածքի պատճառը։

- Լավ, իսկ ինչպե՞ս է իրեն պահում Ռուսաստանը։

- Իսկ Ռուսաստանը վարում է բանակցություններ բոլորի հետ, ում հետ կարող է։ Թուրքիայի հետ․ ասում է, որ անթույլատրելի է զինված հակամարտության գոտի գրոհայիններ ուղարկելը։ Եվ եթե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն միանային, Ղարաբաղում պատերազմը կանգ կառներ։ Ինչու, որովհետեւ ՌԴ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն նաեւ ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից երեքն են՝ մեծ հնարավորություններով։ ԱՄՆ-ն կարող էր ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի վրա, որի հետ թուրք-ադրբեջանական կապերի մասին ես չէ, որ պետք է ասեմ։ Ես միայն ուզում եմ ասել, որ չպետք է  նվազեցնել կամ հանել նաեւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դերը։ Այլ պետություններ․ նրանք ինչպե՞ս պահեցին իրենց։ Իսրայել, որի հետ Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ, շարունակում է Արցախի խաղաղ բնակչությանը սպանող անօդաչուներ մատակարարել։

- Նորից եմ ասում՝ բոլորը, իսկ Ռուսաստա՞նը։

- Ռուսաստանը միակ պետությունն է, նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ում, որը կարողացավ Լեռնային Ղարաբաղում հումանիտար դադարի հասնել, դադար, որն առժամանակ պահպանվեց։ Երկրորդը․ եթե չլիներ Գյումրիի ռուսական 102-րդ բազան, Հայաստանը վաղուց արդեն  թիկունքից՝ Նաիջեւանից եւս հարված ստացած կլիներ։ Բացի սա, Հայաստանը չէր կարողանա ապահովել  Արցախի հակաօդային պաշտպանության  ծածկույթը, քանի որ Ռուսաստանը, միգուցե ոչ լրիվ ծավալով, բայց ինչ-որ մի կերպ ապահովում է Հայաստանի հակաօդային պաշտպանությունը։ Ահա սա է անում Ռուսաստանը։

- ՀԱՊԿ անդամ երկրի համար։

- Խոսենք ՀԱՊԿ-ի մասին։ Բելառուսը ՀԱՊԿ անդամ է, զինված հակամարտությունից հետո շարունակում է «Պոլոնեզ» համակարգեր վաճառել Ադրբեջանին՝ այսպիսով հեղինակազրկելով ՀԱՊԿ-ն։ Ցավոք։ 

- Ռուսաստանն էլ։

- Հակամարտությունից հետո՞։  Բայց շարունակեմ միտքս․ ՀԱՊԿ անդամ Ղազախստան։ Եվ, ցավոք, այս կազմակերպությունը չի իրականացնում իր վրա դրված գործառույթները։ Եվ այստեղ պետք է մեջբերել ոչ թե ՀԱՊԿ-ն, այլ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները։ Կարող եմ այլ բաներ էլ հիշել։ Օրինակ, թե ինչպես Երեւանը հետ կանչեց Խաչատուրովին։ Սա, ինչ է, չհեղինակազրկե՞ց ՀԱՊԿ-ն։  Բայց էլի հարց՝ իսկ ինչո՞վ ՆԱՏՕ-ն օգնեց։ Կասեք՝ ՆԱՏՕ-ի անդամ չեք, բայց «հատուկ հարեւանություն» ունեք։ Դրա համար, ասում եմ՝ ՀԱՊԿ-ն վերապահումներ ունի Հայաստանի ու այլ պետության նկատմամբ, եւ, հետեւաբար, այս մասին հիմա պետք չէ խոսել ու պետք է խոսել միմիայն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին։  Անում ենք ամեն ինչ, որպեսզի պատերազմն ավարտվի։ Ավելին՝ հնարավոր է փորձի  գնալ Ղարաբաղի երկնքի վրա ոչ թռիչքային գոտու ստեղծմանը։ Ցավոք, այստեղ իրավիճակը հայկական կողմի վերահսկողության տակ չէ։ 

- Բայց նման հարց քննարկվո՞ւմ է։

- Հիմա տարբեր հարցեր են քննարկվում։ Քննարկվում է նաեւ Հայաստան սպառազինությունների մատակարարման հարցը, ոչ թռիչքային գոտու հարցը։ Թուրքիայի վրա ճնշում է գործադրվում նրա ներգրավվածության հարցով։ Տեղյա՞կ եք, թե Արցախի տարածքում որքան ինքնաթիռ է գործում։ 4-6 ինքնաթիռ։ Հիմա տարբեր հնարավորություններ են քննարկվում։  ՌԴ-ն խոսում է շատ պետությունների հետ,  բայց  հիմա, որքանով ես եմ հասկանում, Ադրբեջանի հետ երկխոսությունը մի քիչ թուլացել է։ Ինչու, որովհետեւ Ադրբեջանը հիմա հարց չի լուծում եւ, ավելին, այդ զինված հակամարտության ժամանակ կորցրել է իր ինքնիշխանության որոշ մասը։ Այն վերահասցեագրել են Թուրքիային, եւ ՌԴ-ն հարկադրված է լինում Թուրքիայի հետ խոսել։ 

- Սերգեյ Լավրովը խոսեց անվտանգության շրջաններից հեռանալու մասին, մինչդեռ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր նորից կամավորներին կոչ արեց մասնակցել պատերազմին։ ՌԴ-ն պնդո՞ւմ է 5 շրջանների վերադարձը։

- ՌԴ-ն պնդում է, որ Արցախում պատերազմը դադարի։ Ահա թե ինչով է հիմա ՌԴ-ն զբաղված։ Գիտեք, որ 2011-ին եղել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ համաձայնեցված Կազանյան փաստաթուղթը, որը նախատեսում էր 5 շրջանների վերադարձ, իսկ 2 շրջանը՝ Քարվաճառն ու Լաչինը, մնում էին Ղարաբաղի վերահսկողության ներքո՝ որպես դեպի Հայաստան հումանիտար միջանցք։ Հիմա խոսքն ինչ-որ մեկին ինչ-որ բան տալու մասին չէ, այլ այս մսաղացը  կանգնեցնելու։ Քանի սա չկա, անիմաստ է ինչ-որ բան քննարկելը։ Եթե ինչ-որ կերպ հաջողվի կանգնեցնել պատերազմը, խոսքը շունչ քաշելու ու զորքերը  վերախմբավորելու մասին չէ,  ապա այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել։ Ասեմ, որ Արցախի հարցով որոշումը չի կարող լինել փուլային, ամեն ինչ որոշվելու է փաթեթով։ Ինչու, որովհետեւ փուլայինը սադրելու է Ադրբեջանին՝ վերսկսելու ռազմական գործողությունները։

- Ասացիք՝ քննարկել, ի՞նչ քննարկել։

- Ռուս խաղաղապահների մուտքը, ինչ-որ շրջանների ազատումը, բայց սա, նորից եմ ասում, հնարավոր է քննարկել միայն այն ժամանակ, երբ պատերազմը կանգ առնի։ Անձամբ ես ռուս խաղաղապահներ մտցնելը համարում եմ պարտադիր, ու սա չպետք է կապել ԵԱՀԿ ՄԽ-ի որոշման հետ։ Ինչո՞ւ, որովհետեւ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն դրան համաձայնություն չեն տա։

- Իսկ միջազգային խաղաղապահների՞։

- Ճակատում հիմա իրական պակաս կա՝ սպառազինությունների, անձնակազմի։ Ռազմաճակատ չի կարելի ուղարկել չպատրաստված մարդկանց։ Արդեն հիմա հայկական կողմը 500-ից ավելի զոհ ունի, չեմ ուզում, որ այդ թիվը կտրուկ ավելանա։ Դրա համար կամավորներին, աշխարհազորայիններին, որոնք եկել են, պատրաստ են կռվել, անգամ նրանց, որոնք համապատասխան փորձ ունեն, նրանց հետ պետք է հավաքներ անցկացվեն, որոշակի պատրաստվածություն անցնեն։ Այս հավաքները պետք են, որպեսզի նրանց առաջին իսկ օրը չսպանեն։ Եվ բացի այն, որ այնտեղ պետք է նոր անձակազմ ուղարկել, այնտեղ պետք է ուղարկել նաեւ նոր սպառազինություն։ Իսկ այն պետք է լինի ժամանակակից․ հնարավոր չէ ժամանակակից միջոցներով  պատերազմող Ադրբեջանի բանակի հետ կռվել հնացած զենքերով։ Հայաստանին պետք է արդի սպառազինություն, իսկ այն մասնակիորեն կարող է ապահովվել միայն ՌԴ-ից մատակարարումների միջոցով։  Չկան այլ տարբերակներ։ Իսկ մատակարարել հնարավոր է միայն Իրանի տարածքով։ Հասկանո՞ւմ եք, թե ամեն ինչ որքան բարդ է, իսկ Դուք խոսում եք այն մասին, թե ինչ է անում Ռուսաստանը։