Ուկրաինայից 8 մլն դուրս եկածներից՝ 4.5 միլիոնն է վերադարձել
«Այսօր Ուկրաինայում պատերազմական իրավիճակը դեռ շարունակվում է։ Ինչպես գիտեք, ուկրաինական բանակը Խարկովի մարզում ունեցավ մեծ հաղթանակ՝ ամբողջովին ազատագրելով մարզի օկուպացված տարածքները։ Հայերից շատ քիչ մասն է վերադարձել Եվրոպայից։ Ուկրաինայից՝ ընդհանուր հայտարարված 8 մլն դուրս եկածներից, ըստ պաշտոնական աղբյուրների, 4.5 միլիոնն է վերադարձել, որից հայերը շատ քիչ մաս են կազմում։ Հիմնականում վերադարձել են այն պետություններից, որտեղ չեն ստացել գումարի տեսքով նպաստներ եւ ապահովված չեն եղել բնակարաններով»,- այս մասին «Հրապարակին» ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։
Նրա խոսքով, Ուկրաինայի հայերի միությունը շարունակում է գործունեությունը՝ ինչպես օգնել են մեր հայրենակիցներին, այնպես էլ շարունակում են օգնել․ «Հետ եկած հայերի մեջ կան էլի ընտանիքներ, որոնք դիմել են, խնդրել Ուկրաինայի հայերի միությանը՝ օգնել Ուկրաինայից դուրս գալու հարցում։ Պատճառն աշխատանքի բացակայությունն է։ Ամառային աշխատանքներն ավարտվել են, եւ Ուկրաինայում այս պատերազմական իրավիճակում նոր աշխատանք գտնելը դժվար է»։
Ըստ Մկրտչյանի, յոթ ամիս է, ինչ մոբիլիզացիա է հայտարարված, եւ այն շարունակվում է։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով, մոբիլիզացիայի է ենթարկվել մոտ 1 մլն սպա։ Զինկոմիսարիատները զբաղված են բանակը համալրելու հարցերով։
Ուկրաինայի քաղաքացի՝ ազգությամբ հայ Սերգեյ Ջուլհակյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է․ «Ութ ամիս է, ինչ Ուկրաինայում պատերազմ է, բայց երբեք, սկսված օրվանից, մտքիս ծայրով էլ չի անցել՝ դուրս գալ Ուկրաինայից, որովհետեւ իրոք Ուկրաինայում բնակվող հայերի համար այս երկիրը դարձել է տուն, հող, ջուր, ով ոնց ուզում է, թող համարի։ Ռուսաստանում էլ եմ երկար տարիներ ապրել։ Բավականին երկար ժամանակ էլ ապրում եմ Ուկրաինայում, բայց այստեղ երբեք չեմ զգացել տարբերություն՝ հայ, վրացի կամ այլազգի։ Ո՞ւր գնամ, ասեք, չնայած կարող եմ Եվրոպա գնալ, ուր ուզեմ, կարող եմ գնալ, բայց այստեղ տնավորվել եմ, աշխատանք, բիզնես։ Այդ ամեն ինչը թողնել-գնալը չի ստացվում»։
Կարծիքներ