Մեդիայի պրոֆեսիոնալիզմի եւ հարակից այլ հարցերի մասին

Մեդիայի պրոֆեսիոնալիզմի եւ հարակից այլ հարցերի մասին

Սովորաբար հազվադեպ եմ անդրադառնում հեղինակային լրագրական հրապարակումներին, քանի որ դա համարում եմ անիմաստ գործ: Որովհետև հեղինակի կարծիքն ընդամենը կարող ես ընդունել կամ չընդունել: Բայց այսօր որոշեցի բացառություն անել լրագրող և թատերագետ Նունե Հախվերդյանի վերջին հոդվածի առումով, որում անդրադարձ է կատարվել ռուսական Առաջին ալիքի «Տուտտի թագաժառանգի տիկնիկները» հաղորդմանը: Դրանում ժամանակին ներկայացվել էր Փաշինյան Նիկոլն այնպես, ինչպես որ կա, իսկ տիկին Նունեն էլ որոշել էր տեղը դնել ռուսներին: Քանի որ այդ հաղորդումն ինձ դուր էր եկել՝ որոշեցի վերլուծել տիկնոջ հոդվածը և, ըստ ենթավերնագրերի, ներկայացնել «Հրապարակ»-ի ընթերցողներին: Չմոռանամ ասել, որ ԱԺ ՔՊ խմբակցությունում հավանություն են տվել նրա թեկնածությանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամության հարցում: Ինչը խիստ օրինաչափ երևույթ է՝ եթե ոչ նրան, ապա ո՞ւմ... Սկսենք:

Առաջին ենթավերնագիր. Այս ժամանակահատվածում ռուսական ազատ, հետևաբար պրոֆեսիոնալ, մեդիա չկա (Ռուսաստանի տարածքում)։ Մեդիայի, ավելի ճիշտ՝ լրագրության, պրոֆեսիոնալիզմի, ավելի ճիշտ՝ արհեստավարժության, չափորոշիչն ազատությունը չէ: Վերջինս ընդամենը ուղեկցող հանգամանք է՝ երբ այն առկա է, բայց կարող է նաև չլինել: Որովհետև արհեստավարժ լրագրողը կարող է գործել թե՛ ազատության և թե՛ ոչ այնքան և կամ ազատության ամբողջական բացակայության պայմաններում: Երկրորդ և երրորդ դեպքերում արհեստավարժությունը ոչ թե կորչում է, այլ ավելի է հղկվում: Դա ճիշտ այնպիսի գործընթաց է, ինչպես, օրինակ, արհեստական ալմաստի ստացումը (մեծ ճնշում գումարած բարձր ջերմաստիճան): Խորհրդային տարիներից գործող լրագրողները, եթե այդպիսիք առկա են մեր լրագրողական դաշտում՝ որպես գործող, կամ էլ թոշակի անցած, կարող են հաստատել ասվածը: 
Կարող եմ հարցին մոտենալ նաև հակառակ տեսակետից: Գերմանական լրագրությունը (կոնկրետ ռուսախոս «Դոյչե Վելեն») տարիներ շարունակ ինձ համար եղել է արհեստավարժության չափանիշ:

Որովհետև, ի տարբերություն «սենսացիաների սիրահար» անգլոսաքսոնականի, այն ավելի հավասարակշռված է: Եվ ինչպես ԴՎ-ի կարգախոսն է ասում, ուղղված է մարդու մտածողությանը: Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից շարունակում էի ընթերցել ԴՎ-ի կայքը, բայց երեք-չորս ամիս անց դադարեցրի: Պատճառը օբյեկտիվության բացակայությունն էր և խիստ ընդգծված պրոպագանդիստական ուղղվածությունը (հակառուսականությունը): Դրա մասին նույնիսկ հոդված եմ գրել «Հրապարակ»-ում: Բայց, որքան էլ այն վերածվեր մարդկանց ուղեղները լվանալու գործիքի, դա չհանգեցրեց գործակալության արհեստավարժության կորստի: Ուղղակի քանի որ ինձ հետաքրքրում էր իրական տեղեկատվությունը, ես դադարեցրի դրա ընթերցումը: Այնպես որ,  ճշմարտանմանության խնդիրը պետք է դիտարկել ոչ թե ռուսական, այլ առաջին հերթին արևմտյան լրատվամիջոցների առումով: Բնականաբար, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված: 

Երկրորդ. Քարոզչությանը լուրջ արձագանքելը անիմաստ է։ Այս դատողությանը համաձայն եմ 100 տոկոսով: Եվ պատկերացրեք, դրա դրսևորումն արդեն տարիուկես առկա է հենց ռուսական կենտրոնական հեռուստաընկերությունների հաղորդումներում: Որոնք բառացիորեն թարգմանում են արևմտյան լրատվական թողարկումներից հատվածներ, իսկ հետո ձեռ են առնում: Չնայած եթե դու գրագետ ես ու ռուսերենի իմացության խնդիր չունես, ապա ձեռ առնելու համար նրանց կարիքը չես զգա: Որովհետև դու ինքդ ես խնդում քո լսելուն համընթաց: Ճիշտ այնպես, ինչպես դու կամ քեզ նման գրագետ ու «նիկոլիզմի» ախտով չտառապող անձը՝ երբ լսում է հայկական իշխանամետ հեռուստաընկերությունների (հատկապես հանրայինի, որ չպետք է լիներ իշխանամետ՝ բա ո՞ւր մնացին հեղափոխական արժեքները) հաղորդումները: Չնայած հայկականի առումով առկա է նաև առանձնահատուկ երևույթ՝ եթե դու նորմալ ու հայրենասեր անձ ես, ապա ավելի շատ բարկանում ես, քան թե ծիծաղում: Բայց այդ հարցը լուծելու ձևն էլ կա. ընդամենը չլսել հանրայինի հաղորդումները նյարդային համակարգը պահպանելու նպատակով: 

Երրորդ. Կլիներ տխուր, եթե չլիներ այդքան ուրախ։ Այս ենթավերնագիրը լայնորեն հայտնի խոսքի շուռ տված տարբերակն է, որը հնչում է այսպես՝ կլիներ ուրախ, եթե չլիներ այդքան տխուր (Նիկոլի օրոք՝ այդքան ողբերգական)։ Համաձայնվելով փառաբանման կամ խարազանման երևույթների հեղինակային բնորոշման առումով՝ խիստ կասկածում եմ, թե «խաչվողը ճիշտ ուղու վրա է»։ Փաստորեն, հայրենիքի մի մասը բեռ համարելը, իսկ այնուհետև այն թշնամուն հանձնելը տիկնոջ կարծիքով «ճիշտ ուղի է»։ Դե, ինչ, այս առումով այլևս ասելիք չունեմ: Որովհետև այն, ինչ Նիկոլի կողմից արվեց ընդդեմ Մոսկվայի, հանգեցրեց հենց թե՛ Արցախի կորստին և թե՛ ՀՀ անվտանգային սարսափելի սպառնալիքներին: Եվ վերջում ասեմ, որ անչափ զաևրմանալի ու հրաշալի կլիներ, եթե խեղճ ու կրակ Հայաստանը լիներ ողջ արևմտյան աշխարհի դեմ պատերազմող ու այդ պատերազմում արդեն հաղթանակներ գրանցող Ռուսաստանի «լուրջ հակառակորդը»: Ինչ մնում է «հսկա Ռուսաստան կողմից իր ուժն ու ժամանակը ծախսելուն», ապա չեմ կարծում, թե մեկ ժամանոց հաղորդման վրա իսկապես նման ռեսուրսներ են ծախսվել: Բայց դե ինքնախաբեությունը երբեմն օգնում է, որպեսզի թույլ անձը (կամ պետությունը) իրեն կարևորված զգա:

Չորրորդ ենթավերնագրին անդրադառնալն իմաստ չունի, քանի որ այն երրորդի շարունակությունն է: Ընդամենը ասեմ, որ ծիծաղն իսկապես զենք է, բայց ոչ ամենալավը, երբ թշնամին, որի հետ խաղաղություն են մուրում, սպառնալիքներ է թափում ու ստորացնում խաղաղություն մուրացողին՝ թե՛ ժողովրդին և թե՛ նրա «առաջնորդին»: Ինչ մնում է հինգերորդ ենթավերնագրին, ապա դրա առաջին պարբերությունը հենց այն է, ինչի համար գրվել է ողջ այդ հոդվածը: Եվ որի շնորհիվ էլ, բնականաբար, հենց դրա հեղինակն է ընտրվել որպես վերը նշված հանձնաժողովի՝ իշխող խմբակցության թեկնածու: Պատասխանեմ դրան. ՀՀ վարչապետը չարիք է ոչ թե «ռուսական ներկայության ու ռուսական խոպանի կերակրապնակ լինելու ուժի հետ հույս կապող զանգվածի», այլ ինձ նման գրագետ ու հայենասեր զանգվածի համար: Որոնք երբեք չեն օգտվել ռուսական կերակրապնակից ու այո, գիտակցում են. թուրքերի հարևանությամբ ապրելու պարագայում մեր հույսը հենց ռուսական ներկայության հետ էր կապված: Ու դա իրեն արդարացնում էր մինչև այն պահը, երբ միամիտ ժողովրդին խաբելով՝ իշխանության եկավ մեկը, ով խոստացավ բազում-բազում բաներ, սակայն դրժեց բոլորը: Եվ այդ հատվածը ոչ թե ատում է ռուսական տեսակետը, քանի որ այն պայմանավորված է ռուսական ազգային շահերով, այլ ատում է հենց Նիկոլին և նրա ուսապարկերին, որոնք խոստացան դրախտ ապահովել հայկական հողի վրա, բայց դժոխքը բերեցին Հայաստան: