Պարսկաստանի անհեռատես միապետը չէր պատկերացնում, թե 21-րդ դարի 20-ականներին ինչ է լինելու, երբ Սիս լեռը վաճառում էր Թուրքիային

Պարսկաստանի անհեռատես միապետը չէր պատկերացնում, թե 21-րդ դարի 20-ականներին ինչ է լինելու, երբ Սիս լեռը վաճառում էր Թուրքիային

Պատմական Հայաստանի Նախիջևան նահանգը հնադարյա բազմաբնույթ ու պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ հայկական տարածք էր, որին վիճակված էր Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կարգավիճակով մաս կազմել ապօրինաբար ձևավորված Ադրբեջանին։ Ներկայացնելով Ադրբեջանի կազմի մեջ մտած Նախիջևանի աշխարհագրական դիրքն ու սահմանները՝ հստակ ակրելի է ասել, որ այն մինչև 1934 թվականը սահմանակից էր միայն Հայաստանի ու Պարսկաստանի հետ, հետևաբար այդ ժամանակահատվածում Հայաստանի ու Իրանի դերը Նախիջևանի կենսագործունեության մեջ բացառիկ էր բոլոր առումներով։ Այս մասին քիչ առաջ «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց 2009-2015թթ. Իրանում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը։ Միջոցառմանը մասնակցում է նաև  ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Աշխատաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը։

«1934 թվականից հետո, երբ Պարսկաստանի թագավորը իր տարածքի 8-10 կիլոմետրանոց հատվածը՝ ներառյալ Սիս լեռը, նվիրաբերեց կամ այլ ձևակերպմամբ վաճառեց Թուրքիային, Նախիջևանի իր նոր սահմանակից հարևանի՝ Թուրքիայի համար ունեցավ աշխարհաքաղաքական նշանակություն։ Աթաթուրքի ու Ռեզա Փահլավիի միջև տեղի ունեցած տարածքային փոխանակման արդյունքում դադարեցվեց Արևելյան Հայաստանի, մասնավորապես Նախիջևանի համար Թուրքիայի ու Պարսկաստանի բազմադարյա հակամարտությունը։ Պարսկաստանի անհեռատես միապետ Ռեզա շահ Փահլավին չէր էլ կարող պատկերացնել , որ իր դավադիր գործարքի հետևանքով 21-րդ դարի 20-ական թվականներին իրանական իշխանությունները ստիպված են լինելու թուրանական միջանցք բացելու երազանքի իրագործման նպատակով Հայաստանի տարածքի հատումը կանխելու համար թուրքական աշխարհին ցույց տալ իրենց կարմիր գծերը»,- հավելեց նա։