Ռեւիզիայի անհրաժեշտությունը

Ռեւիզիայի անհրաժեշտությունը

Ազգային ժողովի նախագահ Սիմոնյան Ալենը նախորդ օրը լրագրողների հետ զրույցում լուրջ իրավական խնդիր է բարձրացրել: Խոսքը դատարանի կողմից ազատազրկման դատապարտված անձին «Ազգային հերոս» կոչումից զրկելու մասին է: Բայց քանի որ Փաշինյան Նիկոլի վարչապետությամբ մեր երկրում բոլոր լուրջ եւ անլուրջ խնդիրները լուծվում են բակի «բեսեդկու զրիցի» մակարդակով, ապա, ենթադրաբար, այս հարցը եւս նույն ճակատագրին է արժանանալու: Եվ նշանակություն չունի, թե դա կարող է հերթական անգամ ազդել երկրի հեղինակության վրա:

Կամ էլ մեր թշնամուն հերթական առիթն է տրվելու մեզ վրա չարախնդալու առումով: Կարեւորը նախկիններին հերթական անգամ թիրախավորելն է եւ այդ հիմքով հասարակության կիսագրագետ եւ հայրենիքի զգացողությունից զուրկ հատվածի շրջանում հավանության արժանանալն է: Կարծում եմ, որ իրավական գրագիտությունը ենթադրում է, որ «Ազգային հերոս» կոչումից զրկելու պատճառն իր ծանրությամբ պետք է համապատասխանի կոչումը շնորհելու հիմք հանդիսացող արարքին՝ միայն թե հակառակ ուղղվածությամբ: Մնացած բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, թե ինչ հանցագործություն է կատարել անձը, այդ կոչումից զրկելը չպետք է համարվի իրավաչափ:  

Բայց քանի որ ես իրավաբան չեմ, որպեսզի դրա առումով մտնեմ իրավաբանական նրբությունների խորխորատը, կփորձեմ Սիմոնյան Ալենին կամ, ավելի ճիշտ՝ այն անձին, ով հանձնարարել է նրան բարձրաձայնել դրա մասին, պատասխանել իրեն ավելի հարազատ մակարդակում: Եվ այսպես: Հին եւ «բարի» խորհրդային ժամանակներում, երբ որեւէ անձ լուրջ հանցագործություն էր կատարում, կարող էր զրկվել նախկինում հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած կոչումից: Իսկ թե որքան լուրջ՝ դա պայմանավորված էր սուբյեկտիվ մոտեցմամբ: Այսինքն, կախված էր այն անձից, ով որոշում էր կայացնում այդ հարցում եւ այն տրամադրում դատավորին՝ հանրությանը ներկայացնելու համար: Ինչպես տեսնում ենք, այս հարցում գործող «ժողովրդավարական» իշխանությունը չի տարբերվում նախորդ դարավերջի ամբողջատիրական խորհրդային իշխանությունից: 

Իսկ եթե այլ երեւույթների առումով լսենք գործող իշխանության «կարկառուն» գործիչներին, ապա, վստահաբար, կստանանք այն պատկերացումը, որ վերջիններս դեմ կլինեն խորհրդային ավանդույթները վերակենդանացնելուն: Որովհետեւ իրենք իրենց դիրքորոշել են որպես արեւմտական-ազատական մտածողության կրողներ: Իսկ այդ տեսակետից խորհրդային համարյա ամեն ինչը պետք է անընդունելի լինի իրենց համար: Եվ այդ տեսանկյունից պետք է որ ԱԺ նախագահը չբարձրաձայներ կոչումից զրկելու խնդիրը ԱԺ պատգամավոր, գեներալ գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի առնչությամբ: Եթե նույնիսկ նրան շատ «խնդրեր» ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը: Հատկապես, որպես բազային կրթությամբ իրավաբան, պետք է գիտակցեր, որ Արցախյան հաղթական պատերազմի մասնակցության համար վերջինիս ստացած Արցախի հերոսի կոչումը ՀՀ իրավապահ համակարգը ձեւականորեն իրավունք չունի չեղարկելու: Իսկ այսօր եւ, վստահաբար՝ նաեւ ապագայում Փաշինյան Նիկոլի ցանկությունն այլեւս անառարկելի չի լինելու, որպեսզի վերջինիս «միջնորդությամբ» դա իրականացվի Արցախում:
Ասվածի համատեքստում հարց է առաջանում, թե ինչու է Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել այդ խնդիրը:

Տեղյակ չի՞ եղել իրավական կարգավորումներից, թե՞ ենթադրում է, որ Նիկոլի խոսքն Արցախում ունի նույն արժեքը, ինչ նախքան պատերազմը: Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է եւ պրոզաիկ՝ Ալենի մտածողությունը պատկանում է նույն «հեղափոխական» տեսակին, ինչն առկա էր խորհրդային երկրում: Եվ իրեն թվում է, թե ոչինչ չի փոխվել պատերազմում մեր կրած խայտառակ պարտությունից հետո: Հատկապես, որ 2021 թվականի հունիսին մուրճ թափահարող Նիկոլը ստացել է, այսպես կոչված, պողպատե մանդատ: Եթե այդպես է, ապա դա ինքնախաբեություն է՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին էր 2017 թվականին երիտասարդ հանրապետականների ինքնախաբեությունը: Եվ ինչպես ժամանակին բացահայտվեց նախորդը, նույն ձեւով տեսանելի ապագայում չի կարող չբացահայտվել հաջորդը: Դա՝ մեկ: Եվ երկրորդ. նիկոլական իշխանությունը երկիրը պարտության մատնած եւ պարտությունը շարունակաբար իրողություն դարձնող իշխանություն է: Ինչը վերջում հանգեցնելու է հայոց պետականության վերացմանը: Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ պետք է վերացվի Փաշինյան Նիկոլի իշխանությունը: 

Ասվածը նշանակում է, որ հետագայում, երբ լուծվի Նիկոլին հեռացնելու խնդիրը, մեր երկրում ամեն ինչ կենթարկվի վերանայման: Բայց այդ առումով ավելի ճշգրիտն օտարահունչ «ռեւիզիա» բառն է. ամեն ինչ պետք է ենթարկվի խորքային ռեւիզիայի: Ինչը նշանակում է, որ պետական եւ ազգային շահերին հակասող բոլոր որոշումները չեղյալ են ենթարկվելու: Խոսքը հատկապես վերաբերում է ներպետական որոշումներին: Եվ այդ թվում, բնականաբար, ՀՀ ազգային կամ Արցախի հերոսներին կոչումից զրկելու հարցը, եթե նման բան, այնուամենայնիվ, տեղի ունենա: Ինչ մնում է պատերազմի խայտառակ պարտությամբ պայմանավորված գրավոր պայմանավորվածություններին, ապա դրանք ավելի ուշ ժամանակաշրջանի լուծման ենթակա խնդիրներ են: Դրան հասնելու համար մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Իսկ ինչ վերաբերում է նույն պատճառով թշնամու հետ Փաշինյան Նիկոլի բանավոր պայմանավորվածություններին, ապա դրանք չեղյալ կհայտարարվեն նրան իշխանությունից հեռացնելուց անմիջապես հետո:

Հաջորդ իշխանությունը որոշակիորեն օգտվելու է նաեւ Սիմոնյան Ալենի «խորհրդից»՝ քրեական վարույթ է հարուցելու նիկոլական իշխանության բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց գործունեությունը կամ անգործությունը պատճառ է հանդիսացել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն ունենա մարդկային, տարածքային, ֆինանսական կամ այլ կորուստներ: Իսկ նմանները, վստահաբար, շատ ավելի շատ կլինեն, քան նախորդների օրոք էին: Որոնց հետեւից հինգ տարի շարունակ ընկնում է նիկոլական իրավական համակարգը: