Ի՞նչ եք ուզում՝ վերջնականապես ոչնչացնե՞լ այս ազգին

Ի՞նչ եք ուզում՝ վերջնականապես ոչնչացնե՞լ այս ազգին

Ժամանակին թաղի տղերքը հումորային, հիմար հարցերի շարք ունեին՝ կուզեի՞ր 100 հազար դոլար ունենայիր, բայց մազերիդ տեղը խառը կանաչի աճեր, կուզեի՞ր «Մերսեդես» քշեիր, բայց ամեն ձեռքիդ 6 մատ լիներ․․․

Երկու օր է՝ լսում-դիտում եմ Ազգային ժողովի նիստերը եւ ուզում եմ այդ հարցերի հանգույն հարցնել՝ կուզեի՞ր պադավատով ման գայիր, լիքը փող ստանայիր, բայց Աննա Վարդապետյանի օրն ընկնեիր․ ԱԺ ամբիոնից նման զազրելի, հակաիրավական տեքստեր արտաբերեիր ու անհեթեթ մեղադրանքներ պաշտպանեիր, որովհետեւ քեզ նշանակողն այդպես է ուզում։ Կուզեի՞ր պատգամավորի մանդատ ունենայիր, հազար հարց լուծեիր ու քաշիցդ շատ ավելի դեր ունենայիր քո շրջապատում, բայց Վահագն Ալեքսանյանի նման ելույթներ ունենայիր ու տարբեր նողկալի հարցադրումներ անեիր՝ շեֆերիդ հաճոյանալու համար, կամ` կուզեի՞ր կոֆե եփողից դառնալ իշխող կուսակցության «դեմքը», բայց քեզ այնպես օգտագործեին, որ կոֆե եփելն աչքիդ ամենավսեմ ու բարձր առաքելությունը երեւար։

Ուզում եմ ասել՝ ախր, այ տղաներ եւ աղջիկներ ջան, ինչո՞ւ եք այդպես կուրորեն ծառայում, ենթարկվում ամեն մի հիվանդ հրահանգի, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ ձեզ օգտագործեն գրպանի թաշկինակի նման՝ իրենց մառազմատիկ ամբիցիաների, վրեժի զգացումը բավարարելու, տարիներ առաջ ստացած իրենց տրավմաները բուժելու համար։ Նորմալ մարդիկ անգամ ծնողներին, զավակներին, ուսուցիչներին թույլ չեն տալիս, որ շահագործեն իրենց։ Չե՞ք հասկանում, որ դա պարզ թրաֆիքինգ է՝ մարդու շահագործում մարդու կողմից։ Անգամ եթե շահագործողը կարողացել է ձեզ ներշնչել, որ դա դուք կամովին եք անում, դա ձեր որոշումն է ու պարտքը կուսակցության առաջ, եւ ինչ-որ մեկի անձնական թշնամին նաեւ ձեր թշնամին է: Կարող եք, չէ՞, դիմադրել, չենթարկվել, փորձել վերլուծել ու հասկանալ, որ այդպես չէ։

Կոնկրետ ձեզ՝ Արսեն Թորոսյան, Բաբկեն Թունյան, Լիլիթ Ստեփանյան եւ մյուսներ, ի՞նչ են արել Սեյրան Օհանյանն ու Արմեն Չարչյանը, ինչո՞ւ եք մասնակցում այդ «սամասուդին», այդ տգեղ շոուին, այդ զզվելի ներկայացմանը, ինչո՞ւ եք ձեր լուման ներդնում այդտեղ։ Լավ, չենք ասում՝ Վահագն Ալեքսանյան, Արփի Դավոյան, Գեւորգ Պապոյան, Գուրգեն Արսենյան եւ այլք։ Սրանցից յուրաքանչյուրն աբիժնիկության եւ մանրախնդրության համար սեփական, գուցե հիմնավոր պատճառներն ունի։ Բայց դուք կարող էիք, չէ՞, չմիանալ այդ բանակին։ Հասկանալ, որ մեր երկրի առաջ կանգնած խնդիրները շատ ավելի լուրջ են, եւ այդ խնդիրների մեջ տարիներ առաջ օտարված մի «անպետք» զորանոցն ու բժշկական եզրակացությունը, որը հայտնի էլ չէ, թե որքանով է սխալ եղել, ամենավերջին տեղում պետք է լինեին։ Եվ հասարակությանն ու երկրի թիվ 1 քաղաքական մարմնին նման հարցերով զբաղեցնելը ոչ միայն հիմարության ու անպատասխանատվության հետեւանք է, այլեւ իրական հանցանքը հենց դա է։ Որ նման միջնորդություններով ոչ միայն ընդդիմությանն են վարկաբեկում, այլեւ բանակը, պաշտպանության համակարգը, երկրի համար իրենց առողջությունն ու կյանքը նվիրաբերած մարդկանց, մարդկային կյանքեր փրկող եւ բուժող բժիշկներին։ Ոչ մի անձեռնմխելի հենման կետ ու արժեք չեն թողնում ազգի համար։ Ոչ մի հերոս ու սկզբունք։

Եվ մի՞թե ՔՊ-ական այդ ստրկամիտ բազմության մեջ չկա մեկը, որ առարկի շեֆին, փորձի համոզել, բացատրել, որ սա վատ ճանապարհ է, որ բավական է ազգին պառակտեք ու թշնամիներ- սատանաներ փնտրեք այնտեղ, որտեղ դրանք չկան։ Հեչ որ չէ՝ պատմությո՞ւն էլ չեք կարդացել, չգիտե՞ք, որ ստալինյան ժամանակներում մատնություններ արած, Ստալինի պարանոյային մասնակցած ու հալածանքներին մասնակցած մարդիկ ինչ ճակատագրի են հետո արժանացել, նրանց սերունդներն ինչպես են պատժվել, ինչպես է այդ մարդկանց անունը սեւով գրվել իրենց ժողովրդի պատմության մեջ։

Ճիշտ է՝ Սեյրան Օհանյանին ու Արմեն Չարչյանին մահապատիժ չի սպասվում եւ, առհասարակ՝ որեւէ պատիժ չի սպասվում, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս նրանց պատժել (այս արարքների համար վաղեմության ժամկետն անցել է)։ Բայց չէ՞ որ այս հաշվեհարդարն ավելի շատ բարոյահոգեբանական ազդեցություն է թողնելու մեր բզկտված, պառակտված, ներքին հավասարակշռությունը կորցրած ժողովրդի վրա։ Ի՞նչ եք ուզում՝ վերջնականապես ոչնչացնե՞լ այս ազգին, նրան զրկել ապրելու եւ գոյատեւելու դույզն ինչ հնարավորությունի՞ց, դարձնել զոմբիների, մանկուրտների, ոչ մի սրբություն չունեցողների գորշ բազմությո՞ւն։ Իսկ դրանից ի՞նչ եք շահելու։

Սվետա Մարտիրոսյան